...

Կինոյի տան ժեխը չփոխվեց

Կինոյի տան ժեխը չփոխվեց

Երկու օր առաջ մի խումբ մշակութային գործիչներ, կամ, ինչպես ընդդիմադիր մամուլն էր ներկայացրել, մտավորականներ, հավաք էին կազմակերպել, որտեղ անդրադարձել էին Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին, խիստ քննադատության էին ենթարկել իշխանություններին, Նիկոլ Փաշինյանին, վերջինիս վարած քաղաքականությանը: Ելույթ ունեցողները հիմնականում Փաշինյանին համարում էին դավաճան, հոգեկան, շան տղա, հայրենիք վաճառող և այլն: Դրանցից երկուսին ենք հիշում. կվն-շիկ Արմեն Գրիգորյանին և գրող Վահրամ Սահակյանին:

Բայց այս հավաքը մեզ հիշեցրեց 1997 թվականի հոկտեմբերին Կինոյի տանը տեղի ունեցած մեկ այլ հավաք, որի մասնակիցները, հիմնականում՝ մշակույթի գործիչներ՝ տարբեր որակումներով, անեծքներով, բանադրանքի ենթարկեցին արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում բանակցությունների սեղանին դրված փուլային տարբերակը, որը «Պատերազմ, թե՞ խաղաղությունը» հայտնի հոդվածում ներկայացրել է ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Տեր-Պետրոսյանը՝ անդրադառնալով Կինոյի տանը տեղի ունեցած ժողովին և այդ օրերին ընդդիմության հրապարակային այլ հայտարարություններին, իր հոդվածում մասնավորապես նշել էր.

«Անակնկալը բանավեճի որակն էր, իսկ պարզ ասած՝ բանավեճի իսպառ բացակայությունը։ Խոստովանում եմ, ես չհասա իմ նպատակին, այն է՝ մամուլում և հրապարակային ժողովներում լուրջ բանավեճ ծավալել հայ ժողովրդի առջև ծառացած ամենակնճռոտ խնդրի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների շուրջ։

Ընդդիմության արձագանքը դուրս չեկավ հայհոյանքի, վերագրումների, պիտակավորումների ու խեղաթյուրումների շրջանակից։ Չարվեց ոչ մի բանական առաջարկ, չներկայացվեց ոչ մի այլընտրանքային ծրագիր, չբերվեց ոչ մի հիմնավոր հակափաստարկ։ Սրանից կարելի է անել երկու հետևություն. կա՛մ ընդդիմությունը չունի ղարաբաղյան կարգավորման որևէ ծրագիր, կա՛մ եթե ունի, բայց թաքցնում է, այնքան էլ ազգանպաստ գործով չի զբաղված. ավելի խիստ որակումից ես զերծ եմ մնում»:

Քանի՞ տարի է անցել, քսաներեք: Բացարձակապես նույն պատկերն է, երբ հետևում ես այսպես կոչված մտավորականության, ընդդիմության ելույթներին: Միայն քրֆում են, հայհոյում, անիծում, պիտակավորում: Բայց մի հատ ռացիոնալ միտք նրանց խոսքերում չես գտնի: Լավ, հասկացանք, Նիկոլը դավաճան է: Դա ասացիք, դինջացաք: Բա հետո՞: Մի հատ ողջամիտ առաջարկ չես լսի: Մի հատ սթափ դատողություն: Այս մարդիկ, որոնք իրենց մտավորականություն են համարում, «մտավորական» հասկացությունից ընդհանրապես կիլոմետրերով հեռու են: Իրական մտավորականը պետք է իր խոսքով, գաղափարներով հասարակության ավանգարդում լինի: Իսկ սրանք ոնց 20-25 տարի եղել են հանրության արիերգարդում, այդպես էլ մնացել են այնտեղ: Այսինքն, հասարակության հետևից են քարշ գալիս: Ու հետո էլ բողոքում են, թե ժողովուրդը իրենց ականջալուր չի լինում: Բայց ինչո՞ւ պետք է ականջալուր լինի: Էդ ի՞նչ եք ասել կամ արել, որ ձեր խոսքը կշիռ ունենար: Հայհոյանքներով կարելի է հանրության մի հատվածի սիրտը հովացնել, բայց ոչ ավելին: 

Նույնն էլ ընդդիմությունն է: Քանի անգամ ահեղ դատաստանի ժամկետ հայտարարեցին, վճռական օր, վերջին հանրահավաք, այդպես էլ մարդիկ չմիացան նրանց: Տեսնելով, որ անհրաժեշտ աջակցություն չունեն, ասում են՝ ժողովուրը ժեխ է: Իբր իրենք մտքի ծովն են, ժողովուրդն էլ անհասկացող, քաղաքականապես տգետ մասսան է:

Ընդդիմության այսօրվա ամենավառ գոռգոռացողներից մեկին՝ դաշնակ Իշխան Սաղաթելյանին, հարցնում են. դուք կընդունեի՞ք Լավրովի պլանը, եթե իմանայիք, որ պատերազմն այսպիսի ավարտ է ունենալու, ասում է՝ չէ: Բա որ չէ, ժողովուրդը ինչո՞ւ պետք է ձեզ աջակցի, եթե դուք էլ էիք Հայաստանը աղետի հասցնելու ու նույն արդյունքը ստանալու: 

Ահա այսպես, քառորդ դար է, այդպես էլ մեր մոտ ոչ մտավորական շերտ առաջացավ, ոչ էլ՝ քաղաքական մշակույթ: Ժեխ որ ասում են, հենց այս վիճակն է:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1571 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ