Կառավարությունը անկախության 30-ամյակին նվիրված գունագեղ միջոցառումը կազմակերպելու համար ընտրել է «Դոմինո փրոդաքշն» կազմակերպությանը:
Մի կողմ դնենք, թե որքանով է հիմա խելամիտ ու բարոյական գունագեղ միջոցառումներ անցկացնելը:
Գանք այն դաշտ, որն իշխանությունը համարում է իր ֆիշկան՝ կոռուպցիայի դեմ պայքարը: Հաղթող կազմակերպությունն ընտրվել է առանց մրցույթի: Այսինքն՝ բյուջեի մի քանի հարյուր միլիոն դրամը կտնօրինի մի կազմակերպություն, որը ոչ մեկին չի հաղթել, չի ներկայացրել ավելի լավ ու էժան ծրագիր, պարզապես կառավարությունում լավ բարեկամներ ունի:
Կառավարությունն այսօրինակ կոռուպցիոն դրսևորումը ներկայացնում է իբրև հրատապ ծախս, որի պատճառով մրցույթ անցկացնել չի կարող:
Այսինքն՝ կարելի է եզրակացնել, որ կամ կառավարությունը նոր է իմացել 30-ամյա անկախության մասին, կամ էլ մինչև վերջերս մտքներով չի անցել տոնակատարություն կազմակերպել, ուղղակի մի գեղեցիկ օր Փաշինյանը զարթնել ու ասել է՝ բա մի հատ գունագեղ միջոցառում չե՞նք կազմակերպում:
«Դոմինո փրոդաքշնը» նույն կազմակերպությունն է, որը նախընտրական շրջանում նկարեց ՔՊ-ի քարոզչական հոլովակները: Փաստորեն դրանք այնքան են դուր եկել Փաշինյանին, որ նա հանձնարարել է առանց մրցույթի փողը տալ «Դոմինոյին»: Երևի ընկնող բաժակը, շուռ տված շախմատի սեղանը և բացվող վարագույրը Փաշինյանին փիառի գլուխգործոց են թվացել:
Ասում են, որ Փաշինյանի ճաշակի ձևավորման վրա առանցքային նշանակություն են ունեցել կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ու «Դոմինոյի» ղեկավար Աշոտ Առաքելյանի մտերիմ հարաբերությունները:
Մյուս անգամ, երբ Փաշինյանը կրկին կփորձի ճամարտակել կոռուպցիայի դեմ պայքարի մասին, թող հիշի կրթության նախկին նախարարի դեմքը: