...

Կրակը հանգցնելու ժամանակը

Կրակը հանգցնելու ժամանակը

1938 թվականի սեպտեմբերին Մեծ Բրիտանիայի վարչապետ Նևիլ Չեմբերլենը Հիտլերի հետ ստորագրեց տխրահռչակ Մյունխենյան համաձայնագիրը, որով բավարարեց ֆաշիստների առաջնորդի պահանջները, հանձնեց իր դաշնակից Չեխոսլովակիային՝ ենթադրելով, որ դրանով նոր պատերազմը կանխել է:

Չեմբերլենը ստորագրեց, եկավ Լոնդոն ու հայտարարեց. «Ես ձեր համար խաղաղություն եմ բերել»:

Ի պատասխան՝ Մեծ Բրիտանիայի ապագա վարչապետ Ուինսթոն Չերչիլն իր հայտնի արտահայտություններից մեկն արեց. «Դուք նվաստացման և պատերազմի միջև ընտրություն ունեիք: Դուք ընտրեցիք նվաստացումը, ու կստանաք պատերազմ»:

Եթե այս պատմությունը տեղափոխենք հայկական իրականություն, ապա հետևյալը պետք է ասենք. դուք ունեիք ընտրություն արժանապատիվ խաղաղության և պատերազմի միջև, դուք ընտրեցիք պատերազմ, ստացաք նվաստացում, և կստանաք նոր պատերազմ:

Չգիտենք, գուցե այս իշխանությունների հաշվարկն այն է եղել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությամբ վերջապես ազատվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ծանր բեռից, ու հիմա թևակոխելու ենք խաղաղության, բարգավաճման փուլ: 

Չեմբերլենն էլ էր այդպես մտածում, երբ ստորագրեց Մյունխենյան պակտը: Բայց ստորագրելուց ուղիղ մի տարի հետո սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: Ու մինչև հասկացավ, որ սխալվել է, բանը բանից անցել էր:

1940 թվականին, երբ նա հրաժարական տվեց, պատերազմի հրդեհն արդեն տարածվել էր ամբողջ Եվրոպայում՝ այդ թվում ներքաշելով նաև Մեծ Բրիտանիային: Թե ինչ գնով այդ հրդեհը հանգցվեց, ավելորդ է ասել:

Հիմա դա էլ չգիտենք, թե երբ Նիկոլ Փաշինյանը կհասկանա, որ երկիրը վարի է գնում: Ինչքան ուշ հասկանա, այնքան պատերազմի հրդեհը նոր տարածքներում է մոլեգնելու: Արդեն օր չկա, բախումներ, փոխհրաձգություն չլինի. Երասխ, Կութ, Վերին Շորժա, Տեղ... ու այս ցանկը գնալով մեծանալու է: Ինչով է սա ավարտվելու, ինչ դժբախտությունների ու աղետների է հանգեցնելու, ինչպես ասում են՝ հետևեք պաշտոնական լրահոսին:

Իրավիճակը բարդանում է նրանով, որ այս նոր խորհրդարանում ներկայացված ուժերն ընդհանրապես պատկերացում չունեն, թե ինչպես կարելի է այս իրավիճակից դուրս գալ: Ավելին, այնպիսի տպավորություն է, որ բոլորն էլ իրենց հիմնական խնդիրը՝ խորհրդարան մտնելը, լուծել են, մնացածը՝ օրը կգա, բարին հետը: Մոտավորապես սա է: 

Նիկոլ Փաշինյանն առայժմ չի հասկանում, որ միայնակ կամ իր քայլոների հետ միասին, ստեղծված իրավիճակից լուծումներ գտնելու ռեսուրս չունի, այն բավարար չէ: Թեկուզ 99 տոկոս ձայն ստանար, բայց մեջը որակ չկա:

Քոչարյանն առայժմ չի հասկանում, որ մանդատից հրաժարվել-չհրաժարվելն արդեն անցած էտապ է, ինքն ընդունել է Նիկոլի խաղի կանոնները և այդ կանոններով է շարժվում: Սերժ Սարգսյանն առայժմ չի գիտակցում, որ մենք հիմա ապրում ենք մի Հայաստանում, որտեղ իր 7-8 մանդատին նայող չի լինելու: 

Մինչև այս ուժերը չհասկանան, որ իրենց նյութապաշտությամբ, այսրոպեական շահերից ետևից ընկնելով, անսկզբունքայնությամբ միայն խորացնելու են Հայաստանում առկա ճգնաժամը, որ իրար հետ հարաբերություններ պարզելու, հաշվեհարդար տեսնելու արանքում երկիր ենք կորցնում... եկեք իրադարձություններից առաջ չանցնենք: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   929 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ