...

Լևոն Տեր-Պետրոսյան. Այն լուծումը, որ կար, որքան ուշացնենք, դրա կեսը չենք ստանալու

Լևոն Տեր-Պետրոսյան. Այն լուծումը, որ կար, որքան ուշացնենք, դրա կեսը չենք ստանալու

Որքան էլ անհավանական թվա, բայց արցախյան վերջին պատերազմի պարտության համար որոշ զանգված, կարելի է ասել՝ բիոմասսա, էլի Լևոն Տեր-Պետրոսյանին է մեղադրում: Ասում են՝ ինչո՞ւ ինքը չլուծեց հարցը, կամ՝ ինչո՞ւ հանրությանը չի հայտնել, որ Արցախի հարցի լավ լուծում կա, ինչո՞ւ վախտին չի զգուշացրել, որ չկարգավորված կոնֆլիկտը կարող է վատ հետևանքներ ունենալ:

Ամբողջ համացանցը հեղեղված է արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետներով, տեսանյութերով, նորից մեղադրում են: 

Ահավասիկ, 21 տարի առաջ՝ 1999թ. մարտի 5-ին, ՀՀՇ 11-րդ համագումարում, Լևոն Տեր-Պետրոսյանը իր հրաժարականից հետո առաջին անգամ պատասխանեց լրագրողների հարցերին և անդրադարձավ նաև Ղարաբաղի հարցին: Ովքեր ուղեղից քյոռ են, մտքից տկար են, կարող են չկարդալ, մեկ է՝ բան չեն հասկանա: Բայց նրանք, ովքեր ռացիոնալ մտածելակերպ և դուզ խոսքը ընկալելու ունակություն ունեն, հերթական անգամ կարող են համոզվել, որ Տեր-Պետրոսյանը և՛ զգուշացրել է, և՛ կանխատեսել չլուծված հակամարտության հետևանքները:

Ներկայացնում ենք այդ ճեպազրույցից մի հատված:

- Ձեր վերաբերմունքը ՀՅԴ նկատմամբ չե՞ք փոխել։ 

- Իսկ ի՞նչ էր իմ վերաբերմունքը ՀՅԴ-ի նկատմամբ։ 

- Այն, որ փակեցիք Դաշնակցությունը։ 

- Ես Դաշնակցությունը չեմ փակել, դատարանն է փակել։ Ես ժամանակավորապես եմ փակել։ Այո, ես դրանով կանխեցի տեռորը։ 94-ից մինչև 98 թիվը Հայաստանում տեռոր չի եղել։ Դուք պետք է արձանագրեք դա։ 

- Մենք դա արձանագրում ենք։ 

- Արձանագրե՞լ եք։ Խնդրում եմ, մի հատ էլ շեշտեք, որ 94 թվին տեռորը կանխելու համար, այո, շատ լուրջ վտանգ կար, ես կասեցրի ՀՅԴ-ն՝ մինչև դատարանի վճիռը։ Եվ դա միանգամայն արդարացվեց՝ մինչև 98 թվականը Հայաստանում տեռորիստական որևէ ակտ տեղի չի ունեցել։ Դուք դրա համար ինձ պետք է շնորհակալություն հայտնեք։ 

- Դուք այդպե՞ս եք կարծում։ 

- Ես չեմ կարծում։ Ես փաստն եմ արձանագրում։ 

- Ղարաբաղի հարցում ձեր դիրքորոշումը չի՞ փոխվել։ 

- Ոչ։ 

- Բայց  դուք վատ բաներ էիք կանխատեսում, սակայն այս մեկ տարվա ընթացքում դրանք չեղան։ 

- Ես ժամանակներ չեմ նշել և չեմ էլ կանխատեսել ոչ մի բան։ Եթե դուք իմ հայտարարությունը լավ եք հիշում, այնտեղ ոչ մի կանխատեսում չկար։ 

- Բայց քաղաքականությունը ղարաբաղյան հարցում ակնհայտորեն փոխվել է։ 

- Իսկ ի՞նչ է փոխվել։ Ղարաբաղում կար մի վիճակ, այսօր էլ նույն վիճակն է։ Հա՞րցն է լուծվել, աշխարհի որևէ պետություն ճանաչե՞լ է Ղարաբաղը, միացել է Հայաստանի՞ն։ 

- Այն է փոխվել, որ դուք կողմ էիք մի տարբերակի, հիմա այլ տարբերակ է առաջարկվում։ 

- Հազար տարբերակ կարող է լինել։ Այս տարբերակը կա, կլինեն նաև ուրիշ տարբերակներ։ Ինձ հետաքրքրում է մեկ հարց՝ Ղարաբաղի հարցը լուծվե՞լ է, թե՞ ոչ։ Ես գիտեի լուծման ճանապարհը և լուծում էի։ Ես ձեզ կարող եմ վստահաբար ասել՝ այն լուծումը, որ կար, որքան ուշացնենք, դրա կեսը չենք ստանալու։ Այն, ինչ մենք ունեինք 97-ին, ես ասում եմ և դուք կհամոզվեք՝ դրա կեսը չեն ստանալու, և որքան ուշ լինի լուծումը, այնքան քիչ են ստանալու։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3083 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ