ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հանդիպումը Լոս Անջելեսի հայ համայնքի հետ տապալվել է։ Դահլիճում, որտեղ պիտի տեղի ունենար հանդիպումը, Հայաստանի ապագայով սաստիկ մտահոգ և հույժ հայրենասեր մի խումբ կալիֆորնիահայեր սկսել են վանկարկել «Զարեհ դավաճան», «Նիկոլ թուրք» և այլն, ապա ցուցապաստառ պարզել, երգել «Զարթնիր, լաո», այնուհետև քաշքշման միջոցով արժանի հակահարված հասցրել ոսոխին՝ ի դեմս հանդիպման կազմակերպչի։ Այս միանգամայն ազգանպաստ ձեռնարկի արդյունքում Հայաստան-Սփյուռք միասնությունն է՛լ ավելի է ամրապնդվել, իսկ հայրենասեր հայորդիները, Արցախի և Հայաստանի սահմանամերձ շրջանների հայաթափման վերաբերյալ իրենց արդարացի ցասումն արտահայտելուց հետո, որոշ տեղեկությունների համաձայն՝ հայրենիքի փրկությունը շարունակել են Նորդ Հոլիվուդի «Վասպուրական Ոստան Հայոց» ռեստորանում։