...

Լավ պետություն, վատ պետություն և «երջանիկ Հայաստան»

Լավ պետություն, վատ պետություն և «երջանիկ Հայաստան»

Եթե հունիսին արտահերթ ընտրություններն այնուամենայնիվ տեղի ունենան, ապա հասարակությունը, անկախ նրանից՝ մինչև վերջ գիտակցում է, թե ոչ, ընտրություն է կատարելու ոչ թե անձերի միջև, այլ որոշելու է, թե ինչպիսի պետություն է լինելու Հայաստանը, և ընդհանրապես՝ պետություն լինելո՞ւ է, թե՞ ոչ։ Տարբերակներն ընդամենը երեքն են։ Հայաստանը լինելու է նորմալ պետություն, Հայաստանը լինելու է վատ պետություն, և պետական համակարգն ընդհանրապես ձևական բնույթ է կրելու, այսինքն՝ պետություն չի լինելու։ Ընդ որում՝ հասարակությունն այս երեք իրավիճակներին էլ ծանոթ է։

Անկախության հռչակումից հետո Հայաստանը կարողացավ պետական կառավարման բավականին ամուր համակարգ ստեղծել, և անկախ նրանից, թե հետին թվով ով ինչ քարոզչական մանիպուլյացիաների կդիմի, մի բան ակնհայտ է՝ ղարաբաղյան առաջին պատերազմում հաղթեցինք առավելապես հենց նրա շնորհիվ, որ Ադրբեջանից ավելի արագ կարողացանք ստեղծել պետական կառավարման արդյունավետ համակարգ։ 1998-ից հետո այդ համակարգն, իհարկե, պահպանվեց, ինչ-որ իմաստով՝ նույնիսկ ամրապնդվեց։ Պարզապես բովանդակությունն ու ֆունկցիաներն արմատապես փոխվեցին։ Պետական կառավարման համակարգը սկսեց ծառայեցվել բացառապես բարձրաստիճան պաշտոնյաների հարստացմանը, իսկ դրա համար, այո, անհրաժեշտ էր ունենալ լավ աշխատող ոստիկանություն ու հատուկ ծառայություններ (որպեսզի ճնշվի ապստամբության ցանկացած փորձ, իսկ կոռուպցիոն բուրգի ներսում որևէ մեկը չհամարձակվի առանց վերևների բաժինը տեղ հասցնելու ինչ-որ բան թռցնել), հարկային ու մաքսային մարմիններ (որպեսզի ստեղծվեն մենաշնորհներ, ու դրանց միջոցով վերահսկվի ամբողջ տնտեսությունը), և այլն։ Մի խոսքով՝ այն, ինչը Քոչարյանն անվանում էր «կազմակերպված պետություն»։ Դա վատ պետություն էր, բայց այնուամենայնիվ պետություն էր։

Իսկ ահա Նիկոլ Փաշինյանի օրոք պետական կառավարման համակարգն ընդհանրապես երկրորդ պլան մղվեց։ Փաշինյանն իր էությամբ, կարելի է ասել, հակապետություն է, և անցած երեք տարիներին դա զգացվում էր ու հիմա էլ զգացվում է բառացիորեն ամեն օր։ Հիշո՞ւմ եք, իր իշխանության առաջին օրերին ինչ-որ խնդիրներ առաջացան ինչ-որ սուպերմարկետների հետ, ու նա, անտեսելով բոլոր պետական կառույցներն ու լծակները, պարզապես ժողովրդին կոչ արեց բոյկոտել այդ սուպերմարկետները, այսինքն՝ գերադասեց արհամարհել պետությունն ու հարցը լուծել «ժողովրդով»։ Հետո արհամարհեց օրինական մեխանիզմներն ու փորձեց դատարանների հարցը նույնպես լուծել «ժողովրդով»։ Ահռելի պետական համակարգը մի կողմ թողած՝ ստվերի դեմ պայքարի հարցը նույնպես փորձեց լուծել «ժողովրդով» («ՀԴՄ կտրոն պահանջեք, եթե չտան՝ զանգեք-ասեք»)։ Կորոնավարակի դեմ պայքարում՝ մարդկանց կոչ էր անում հաճախ լվացվել, տան եղած-չեղածից դիմակներ կարել, տնից դուրս գալիս էլ թեկուզ թղթի կտորի վրա ձեռագիր խզբզած մի բան ունենալ։ Պատերազմի ժամանակ էլ պաշտպանական պետական համակարգերը թողած՝ մարդկանց կոչ էր անում մի տեղից զրահաբաճկոնից-բանից ճարել, իրար գլխի հավաքվել, հրամանատար ընտրել ու գնալ կռվելու։ Վերջերս էլ հայտարարեց, որ եթե ժողովուրդը որոշի, որ իրեն պետք է գնդակահարել, ինքը սուսուփուս կկանգնի գնդակահարության պատի տակ (երևի մոռացել էր, որ միայն կիսավայրենի ցեղախմբերում է որևէ մեկի մահապատիժը որոշում ժողովուրդը, իսկ քաղաքակիրթ երկրներում այդ հարցերը որոշում են դատարանները)։ Մի խոսքով՝ այս մարդը սկզբունքորեն դեմ է պետությանը և անկեղծորեն համարում է, որ Հայաստանը պիտի լինի ընդամենը բնակեցված տարածք, որտեղ բոլոր հարցերը պիտի որոշի ժողովուրդը, իսկ պետական կառավարման համակարգը պիտի ձևական բնույթ կրի՝ առավելապես պաշտոնյաների պարգևավճարներն ապահովելու համար։

Արտահերթ ընտրություններում, ահա, որոշվելու է, թե այս տարբերակներից որն ենք ընտրում։ Եթե քաղաքական ուժերը կարողանան հանրության ամենալայն շերտերին բացատրել սա՝ հույս կա, որ նորմալ պետություն կունենանք, եթե ոչ՝ ուրեմն շարժվելու ենք դեպի պետության չգոյություն։

Արմեն Բաղդասարյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   789 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ