...

Լոտոյին մասնակցելու շանս՝ անձնական տվյալների դիմաց․ Team-ի անազնիվ խաղը

Լոտոյին մասնակցելու շանս՝ անձնական տվյալների դիմաց․ Team-ի անազնիվ խաղը

«Ստացի՛ր հնարավորություն շահելու Volkswagen ID. 4, iPhone 13 Pro, Samsung Galaxy A13 և բազմաթիվ այլ նվերներ»… Այս գայթակղիչ գովազդը հրապարակել է «Team Telecom Armenia» ընկերությունը:

«Շեյքի՛ր ամեն օր, մասնակցի՛ր խաղարկությանը»,- հայտարարում է ընկերությունը՝ կոչ անելով բոլոր բջջային ցանցի հաճախորդներին իրենց սմարթֆոնի մեջ տեղադրել ընկերության հավելվածը և ժամանակ առ ժամանակ թափահարել այն: Առաջին հայացքից թվում է, թե դա սովորական գովազդային ակցիա է: 

Սակայն, ինչպես ժողովուրդն է ասում՝ «ձրի պանիր միայն մկան թակարդում է լինում»: Այդպես էլ այս դեպքում՝ գայթակղիչ խաղարկությանը մասնակցելու հնարավորությունն իր գինն ունի։ Եվ դա ոչ թե ընկերության գովազդում նշված 1 դրամն է, այլ, իրականում, բաժանորդներից ստացվող անձնական տվյալներն են:

Team-ի խաղարկության կանոնների 6.3. կետում նշված է. «… Գովազդային վիճակախաղի մասնակցնելով՝ մասնակիցը տալիս է Կազմակերպչին Գովազդային վիճակախաղի մասնակցելու համար անհրաժեշտ իր անձնական տվյալները Կազմակերպչի կողմից մշակելու, օգտագործելու, ինչպես նաև երրորդ անձանց (ներառյալ` այլ երկրներ) փոխանցելու համաձայնությունը: Սույնով Մասնակիցը հավաստում է, որ Կազմակերպչի կողմից ծանուցված է Մասնակցի անձնական տվյալները մշակելու Կազմակերպչի մտադրության, մշակման իրավական հիմքերի, նպատակի, ինչպես նաև «Անձնական տվյալների մասին» ՀՀ օրենքով նախատեսված ծանուցմանը վերաբերող այլ տեղեկությունների մասին»: Սակայն, նշվածը չի համապատասխանում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին: 

Փաստորեն, մասնակիցը «տալիս է իր համաձայնությունը», որպեսզի Team-ը մշակի իր անձնական տվյալները՝ առանց անգամ իմանալու, թե կոնկրետ ինչ անձնական տվյալներ են հավաքագրվելու, մշակվելու, օգտագործվելու և անգամ փոխանցվելու երրորդ անձանց: 

Այլ կերպ ասած, մասնակցելով Team-ի խաղարկությանը, անձն ակամա հավաստում է, թե Team-ի կողմից ծանուցված է անձնական տվյալները մշակելու Team-ի մտադրության, մշակման իրավական հիմքերի, նպատակի և օրենքով պահանջվող այլ տեղեկությունների մասին, մինչդեռ իրականում թվարկվածներից ոչ մի տեղեկություն նշված չէ ո΄չ վիճակախաղի կանոններում, և ո΄չ էլ Team-ի հրապարակած այլ նյութերում: Եվ նման եղանակով Team-ն ինքն իրեն իրավունք է վերապահել վիճակախաղի մասնակիցների ցանկացած անձնական տվյալ (օրինակ՝ անուն անզգանուն, հեռախոսահամար, անձնագրային տվյալներ, հասցե, տեղորոշում և այլն) ցանկացած ձևով մշակելու և երրորդ անձանց փոխանցելու՝ առանց այդ մասին մասնակիցներին «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան տեղեկություններ տրամադրելու:

Մինչդեռ մեր օրերում անձնական տվյալները, թերևս, ամենաթանկարժեք ինֆորմացիան է, և այն ձեռքբերելու համար թշնամի երկրներն ամբողջ հաքերական բանակներ են պահում։ 

Եթե ընդունենք, որ Team-ի մղումներն ազնիվ են այս տվյալների հավաքագրման մասով, այնուամենայնիվ մեծ հարց է՝ որքանո՞վ է պաշտպանված դրանց անվտանգությունը, և արդյո՞ք մի գեղեցիկ օր դրանք չեն հայտնվի անազնիվ անձանց ձեռքերում կամ, առնվազն, չեն օգտագործվի համապատասխան անձի համար անընդունելի որևէ եղանակով։

Անձնական տվյալները մեր երկրում պաշտպանված են դեռևս 2015թ-ին ընդունված օրենքով։ Անձնական տվյալների պաշտպանությունն իրականացնում է պետական լիազոր մարմինը՝ ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը: 2015-2021թ-ին ընդհանուր առմամբ գործակալությունն իրականացրել է 230 վարույթ։

Չնայած սրան, փորձագետները գտնում են, որ պետական կառույցները բավարար քայլեր չեն ձեռնարկում անձնական տվյալների գաղտնիության պաշտպանության համար, օրինակ՝ ամենապարզ բանը՝ սոցիալական գովազդներ չկան: Իսկ մեր հասարակությունն էլ, ինչպես գիտենք, շատ հետաքրքրասեր է և պատրաստ է շատ բան տալ՝ «անվճար» ավտոմեքենա կամ iPhone ստանալու համար։ 

Դժվար չէ պատկերացնել, թե որքան մարդ կարող է գայթակղվել՝ չգիտակցելով, որ դա պարզապես ծուղակ է:

Ի դեպ, հենց Team-ի ֆեյսբուքյան էջում այս գովազդի մեկնաբանություններում օգտատերերն իրենք ընկերությանն արդեն մեղադրում են իրենց ժամանակը վատնելու, իրենցից կլորիկ գումարներ կորզելու մեջ և անվանում են «խաբեբա»։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1753 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ