...

Լուծումներից մեկը երկու հոգու հրաժարականն է

Լուծումներից մեկը երկու հոգու հրաժարականն է

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Ընդդիմության առաջնորդներին առաջարկում եմ հնարավորինս շտապ քննարկել, օրինակ, ԱԺ պատգամավորի մանդատներից հրաժարվելու հարցը՝ միաժամանակ հայտարարելով, որ ովքեր մանդատ կվերցնեն, հայրենիքի դավաճան են։

Հարգելի՛ գործընկերներ, պետք է շտապ գործենք, հայրենիք ենք կորցնում»:

Հետաքրքիր փորձաքար է ասպարեզ նետել պատգամավորը: Հասկանալի է, որ սա առաջին հերթին ուղղված է «Հայաստան» դաշինքին ու Ռոբերտ Քոչարյանին

Բայց այստեղ էլ մի պահ կա. հենց այդ մանդատների համար է Քոչարյանը մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Ոչ թե իշխանափոխության, այլ հենց մանդատների: Հակառակ դեպքում կամ չպետք է մասնակցեր ընտրություններին ու շարունակեր իր փողոցային պայքարը, կամ էլ՝ ավելի լայն դաշինքով մասնակցեր: Ոչ մեկը արեց, ոչ էլ՝ մյուսը: Հիմա որ հանկարծ հրաժարվեն պատգամավորական մանդատներից, էլի այդ հարցը տալու են՝ բա որ պիտի հրաժարվեիր, էլ ինչի՞ էիր մասնակցում ընտրություններին:

Հաջորդը. եթե ենթադրենք, որ բոլոր ընդդիմադիր պատգամավորները հրաժարվեցին իրենց մանդատներից, դա քաղաքական ճգնաժամ է առաջացնելու: Այնքան խառախուռա սահմանադրություն է, որ չգիտենք, թե նման իրավիճակներում ինչ է լինում: Բա հետո՞. դա ի՞նչ հարց է լուծելու: Ամենաշատը՝ քաղաքացիական բախումներ: Թե դա որքանով կարող է նպաստել մեր սահմաններում ստեղծված իրավիճակին, դա էլ չգիտենք:

Ո՞րն է լուծումը: Մեր համար այն տեսանելի չէ, առայժմ, բայց մի բան հաստատ գիտենք. վերջին ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովուրդը հավասարաչափ մերժում է ոչ միայն իշխանություններին, այլ նաև Ռ. Քոչարյանին:

Գորիսում խորհրդարանական ընտրություններում Քոչարյանը պարտվեց, իսկ ահա ՏԻՄ ընտրություններում Առուշ Առուշանյանը այնպես արեց, որ Քոչարյանի անունն իր հետ չասոցացվի, մասնակցեց իր անունով ստեղծված դաշինքով ու հաղթեց: Նույնը՝ Կապանի ընտրություններում: Գևորգ Փարսյանը ջախջախեց ՔՊ-ի իր մրցակցին: Եթե հանկարծ Փարսյանը մասնակցեր «Հայաստան» դաշինքով, պարտվելու էր: 

Ու եթե նկատել եք, հիմա ՏԻՄ ընտրություններին ընդդիմադիր կուսակցությունները, դաշինքները մասնակցում են իրենց ղեկավարի կամ իրենց առաջադրած թեկնածուների անուններով ստեղծված դաշինքներով. «Պողոս Պողոսյան» դաշինք, «Սերոբ Սերոբյան» և այլն, այնքան, որ Քոչարյանի անունը չհոլովվի: Հաղթելու շանսերը միանգամից բազմապատկվում են: Մարդիկ նայում են. Քոչարյանի հետ կապ ունի՞. չէ, ուրեմն, կարելի է քվեարկել նրանց օգտին: Ընդ որում, մեծ մասամբ նորմալ մարդիկ են. հաղթողներն էլ, նրանց համակիրներն էլ:

Այսինքն՝ լուծումներից մեկն այն կլիներ, որ Քոչարյանը դուրս գար քաղաքական ասպարեզից, քանի որ իր խիստ բացասական խարիզմայով միայն վնաս է հասցնում ընդդիմությանը, դեռ մի բան էլ օգուտ է տալիս իշխանություններին: Կոպիտ ասած՝ ոչ միայն Փաշինյանը, այլ նաև Քոչարյանը պետք է հրաժարական տա: Մեկը՝ իշխանությունից, մյուսը՝ ընդդիմությունից: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1471 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ