ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության դեպքը մի շարք մտորումների տեղիք տվեց: Խոսքը ոչ թե դեպքի վարկածներին է վերաբերում, թե ում էր ձեռնտու, ում՝ ոչ, այլ՝ այս դեպքի լույսի ներքո հայկական մեդիադաշտում տիրող իրավիճակին:
2018թ. հեղափոխությունը նախկին իշխանական լրատվամիջոցներին անակնկալի բերեց: Տարիներով ձևավորված մեդիադաշտ կար. լրատվամիջոցների մեծ մասը կերակրվում էր Սերժ Սարգսյան-հանրապետական-օլիգարխիկ խողովակներով, մի մասը ներկայանում էր որպես անկախ-անաչառ, մի մասը՝ չեզոք, անտարբեր, այսինքն՝ փողը ստանում էին, օրվա լրահոսը լրացնում էին, միայն երբ ասում էին, այդ դեպքում էլ սպասարկում էին իրենց ֆինանսավորողների շահերը:
Նույնիսկ լրատվամիջոցների էթիկայի կանոններին հետևող ֆեյսբուքյան էջ կար, որտեղ բացառապես լրագրողներ էին: Էջի միջոցով լրագրողները հետևում էին, որպեսզի լրատվամիջոցները իրարից նյութեր չգողանան, կամ՝ արտատպելուց պահպանեն հեղինակային իրավունքները, հղումները ճիշտ նշեն, դիտողություններ էին արվում, առաջարկներ ներկայացվում, համատեղ հայտարարություններ էին լինում, դաշտը կարգավորող նախաձեռնություններով էինք հանդես գալիս: Կար միմյանց չվիրավորելու, իրար դեմ չգրելու, փոխադարձ հարգանք դրսևորելու որոշակի պայմանավորվածություն: Քչից-շատից, այս մշակույթը գործում էր:
Հեղափոխությունից հետո աստիճանաբար պատկերը փոխվեց. հիմա այն, ինչ կատարվում է մեդիադաշտում, պարզապես լրատվական «բեսպրեդել» կարելի է համարել: Պատճառները տարբեր են: Նախկին իշխանությունները՝ հեղափոխության նոկդաունից ուշքի գալով, սկսեցին իշխանությունների դեմ քարոզչական պայքարի դաշտ ձևավորելու գործընթացը. մի շարք հեռուստաընկերություններ ձեռք բերվեցին, նոր լրատվական կայքեր բացվեցին, թարմացվեց վերահսկվող լրատվամիջոցների զինանոցը՝ տեխնիկայի վերջին խոսքով, սոցցանցերում ֆեյքերի մի ամբողջ բանակ ստեղծվեց: Սկսվեց քարոզչական տեռորը:
Ու ցավալի է տեսնել, թե ինչպես են մեր բազմաթիվ գործընկերներ հեշտ փողի հետևից ընկած, կորցրել բանականությունը և բարոյականության ամենատարրական նորմերը: Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի որակումը նորից հիշեցինք՝ «կորմ»: Հանուն այդ «կորմի» թքել տարիների ընթացքում ձեռք բերված հեղինակության վրա, անտեսել լրագրողական էթիկան: Գիտեն էլ, որ իրենց առջև լցվող «կորմը» արյամբ է շաղախված. ավազակապետական վարչախմբի տարիներին հազարավոր մարդկանց ունեզրկելու, բանտերը լցնելու, խոշտանգելու, մարդկային ճակատագրերը խեղելու գինն է: Գիտեն, բայց արդեն արգելակները չեն գործում: «Էսօր կանք, վաղը չկանք, քանի կարանք, փող կպցնենք», սա է նրանց լեյտմոտիվը:
Իհարկե, այդ լրատվամիջոցների ներկայացուցիչները չեն ասում, որ «կորմի» հետևից են ընկել, այլ խրոխտ ձայնով բացատրում են, որ իրենք իրենց մասնագիտական պարտքն են կատարել ու կատարում, որ քննադատելը իրենց առաքելությունն է, իշխանությունների թերությունները վերհանելը:
Բայց իրողություններն այլ են: Երևի գիտեք ժամանակակից լրատվադաշտի սիրած հնարքներից մեկի մասին. որևէ ֆեյք, ենթադրենք՝ «Հայկ Նահապետ» անունով, համացանցում մի զառանցանք է գրում իշխանությունների դեմ, «անկախ-անաչառները» դա արտատպում են: Աղբյուր չկա՝ տեղեկություն ճշտել, պարզաբանում ստանալ... և նման «ֆիքստուլ» բաները վաղուց թիթիզություն են:
Եվ ահա վերջերս մի բան եղավ, որը վեր էր մեր երևակայությունից: Ինչ-որ ֆեյք, ամենավերջին, սեռական բնույթի հայհոյանքներով, վիրավորական արտահայտություններով համեմված գրառում էր կատարել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողուհիներից մեկի հասցեին: Ու այդ գրառումը լայքել էին նաև լրագրողներ, որոնց թվում էին կանայք, ինչպես նաև՝ ժամանակին հենց «Ազատություն» ռադիոկայանում աշխատած լրագրող: Միասին մի լրատվամիջոցում երկար տարիներ աշխատել են, և դա չի հանդիսացել ներքին բարոյական արգելակ. փոխանակ տղամարդավարի մի բան պատասխաներ այդ ֆեյքին, սաստեր, դեռ մի բան էլ ինքն էր «սրտիկել»:
«Ազատության» այդ լրագրողուհին «սքրին» էր արել ֆեյքի գրառումը, ինչպես նաև՝ գրառումը հավանած լրագրողների անունները, հակառակ դեպքում երբեք չէինք հավատա, որ այսպիսի բան է եղել: Ու վիրավորական գրառումը հավանած այդ լրագրող կոչվողներից մեկը հիմա ինչ-որ կազմակերպություն է բացել, որն իբր դիմագրավում է իշխանությունների կողմից խոսքի ազատության դեմ ճնշումներին: Իսկ ինքը իր գործընկերոջը հայհոյած ֆեյքին ծափ է տալիս:
Մհեր Ղալեչյան