Կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ Եռաբլուրում անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե արդյոք եկեղեցին չի՞ բռնում քաղաքական ուժերից մեկի կողմը, և արդյոք համախմբման փոխարեն՝ պառակտող քայլեր չի՞ ձեռնարկում, մասնավորապես՝ պահանջելով վարչապետի հրաժարականը, պատասխանել է. «Եկեղեցին առաջնորդվում է ազգային և պետական շահերով, և եկեղեցու դիրքորոշումը, եթե համահունչ է այս կամ այն խմբակի, քաղաքական ուժի հայացքներին, դա չպետք է մեկնաբանվի՝ որպես կողմնակցություն եկեղեցու՝ այս կամ այն քաղաքական կուսակցության, եկեղեցին վերքաղաքական հաստատություն է»:
«ՉԻ». Այսինքն, մենք ճի՞շտ ենք հասկանում, որ երբ, օրինակ, 2008 թվականի Մարտի 1-ի ոճրագործության ժամանակ Կաթողիկոսը չդատապարտեց իշխանությունների վայրագությունները, ընտրակեղծիքները, ծեծուջարդը, հարյուրավոր մարդկանց բանտարկությունը, պատճառն այն էր, որ Եկեղեցու դիրքորոշումը համահունչ էր իշխանության հայացքներին:
Այն ժամանակ էլ էր խորը ճգնաժամ, հիմա էլ: Մի դեպքում Կաթողիկոսը միանում է երկրի ղեկավարի հրաժարականի կոչերին, մեկ այլ դեպքում՝ ծպտուն չի հանում: Ու այսքանից հետո նա պետք է ասի, թե Եկեղեցին վերքաղաքական հաստատությո՞ւն է:
2008-ին Եկեղեցու դիրքորոշումից շատ բան էր կախված. Եկեղեցին կարող էր իր քայլերով զսպել իշխանություններին, բայց չարեց: Համահունչ չէր:
«Չորրորդ իշխանություն», թիվ 4, 2021