...

Մարտի մեկ. հարցեր

Մարտի մեկ. հարցեր

(Հերետիկոսական վարկած)

2008 թ. մարտի մեկին իշխանությունը կրակեց ցուցարարների վրա: Մինչ այդ շատ-շատերս համոզված էինք, որ Հայաստանում նման խելագարության ոչ ոք ընդունակ չէ: Իզուր:

Արցախյան երկրորդ պատերազմի ծանրագույն հետևանքն ստիպում է, որ ավելի ուշադիր ուսումնասիրենք 13 տարի առաջ եղած դեպքերը: Տեսանկյուն է փոխվել: Եվ եթե իշխանության խելագարությունը 2008-ին դարձավ 10 հոգու մահվան և երկրի հետընթացի պատճառ, ապա 2018-2020 թթ. իշխանության խելագարության պատճառով ունեցանք հազարավոր զոհեր, կորուսյալ տարածքներ, իսկ պարտված երկիրը կանգնած է պետականությունը կորցնելու շեմին:

2008-ի մարտի մեկին և այսօր հիմնական դերակատարները երկուսն են՝ Նիկոլ Փաշինյանը և Ռոբերտ Քոչարյանը: Ինչո՞ւ ենք ընդգծում Նիկոլ Փաշինյանի մարտիմեկյան դերակատարումը: Եթե չեք մոռացել, պատճառն այն էր, որ ընդդիմության այն ժամանակվա առաջնորդը մեկուսացված էր, և բողոքավոր հրապարակի ամենավճռական զանգվածը այժմյան վարչապետի կողքին էր: 

Իսկ հիմա կարդանք մի հատված Վիկիլիքսից:

«03.03.2008թ.  ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնի նամակը՝ ուղղված ԱՄՆ պետդեպարտամենտին, ԱԽ-ին, և մի շարք այլ կազմակերպություններին. Փեննինգթոնը ներկայացնում է Մարտի 1-ի իրադարձություններից հետո ստեղծված իրավիճակը։ Նշում է, որ ժամը 16:00-ի դրությամբ Երևանի փողոցներում հարաբերական անդորր է, մինչդեռ 36 ժամ է անցել այն բախումներից, որի ժամանակ ցուցարարները օգտագործում էին Մոլոտովի կոկտեյլներ։ Նա նշում է, որ բախումների պահին ցուցարարների թիվը եղել է 15-25000, սակայն մարտի 2-ի առավոտյան այն արդեն էականորեն նվազել է՝ այն բանից հետո, երբ կարդացել են Տեր-Պետրոսյանի նամակը, որտեղ վերջինս կոչ էր անում ցրվել։ Փեննինգթոնը նշում է, որ մարտի 1-ին օրվա ընթացքում ցուցարարները զինվել էին ինքնաշեն զենքերով, սուր քարերով և սալաքարերով, Մոլոտովի կոկտեյլներով, երկար փայտերով ու խողովակներով, ավտոբուսներից բարիկադներ էին կառուցել։ Կեսօրից հետո հավաքվածների մի զգալի խումբ (մի քանի հազար մարդ) հստակ նախապատրաստվում էր բախումների։ Չնայած կառավարության պնդումներին, Փեննինգթոնը նշում է, որ իրենք չեն նկատել ցուցարարների մոտ մարտական զենքեր և գտնում են, որ դրանք եղել են միայն կառավարական ուժերի ձեռքին։ Նշում է, որ ոստիկանությունը ամբոխին ցրելու գործողությունը սկսեց դեպի օդ կրակահերթով, որպեսզի վախեցնի ցուցարարներին, որի արդյունքում շատերը ցրվեցին։ Սակայն մեծ մասը մնաց տեղում և սկսեց վանկարկել «Լևոն»։ Նրանց ուղղորդում էր Տեր-Պետրոսյանի արմատական աջակից Նիկոլ Փաշինյանը։ Ոստիկանությունն այնուհետև փորձեց վահանների պաշտպանությամբ մաքրել փողոցը, սակայն հետ մղվեց ամբոխի կողմից։ Կան մի քանի դրվագներ, որոնցում ոստիկանները ի վերջո զենքերը ուղղել են ամբոխի ուղղությամբ, սակայն այդպիսի դրվագները շատ սահմանափակ են եղել։ Ընդհանուր առմամբ ցուցարարները մոտ 12 ժամ վերահսկել են 4 հրապարակների միջանկյալ տարածքը, իրականացրել փոքրամասշտաբ թալան՝ հիմնականում գողանալով սնունդ և կոշիկներ, այրել են մի շարք մեքենաներ, այդ թվում՝ ոստիկանական։ Դեսպանատան գործակալները նկատել են բախումների ժամանակ Մոլոտովյան կոկտեյլների պայթյուններ[2]»։

Ինչպես հետո պետք է պարզվեր, թալանն իրականացրել էին ոչ թե ցուցարարները, այլ իշխանության ուղարկած սադրիչները: Սակայն ինչո՞ւ էր Ն. Փաշինյանը կոչ անում փայտերով ու քարերով զինվելու, մնում է անհայտ: Չէ՞ որ հենց այս կոչերը և անգամ փայտերով ու քարերով զինված մարդիկ կարող էին սադրանքի ենթարկվել և իշխանություններին զինված բախումներ հրահրելու առիթ տալ:  Ինչո՞ւ. միայն սխալներ գործելու վճռականությո՞ւնն էր , թե՞ այլ բացատրություն կա:

Այն ժամանակ Ն. Փաշինյանը հանդես էր գալիս որպես Լևոն Տեր-Պետրոսյանի հավատարիմ աջակից: Թվում էր՝ նա անկեղծ է: Սակայն հետագայում կտրուկ փոխեց վերաբերմունքը: 2012թ. ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ցուցակով դարձավ պատգամավոր և լքեց թիմը, իսկ 2015-ին նրա թերթում լույս տեսավ մի հոդված, որում հեղինակը աշխարհի բոլոր մեղքերը բարդում էր Լևոն Տեր-Պետրոսյանի վրա: Հոդվածն այնքան ճղճիմ և ցածրակարգ է, որ դժվար է դրանից որևէ մեջբերում անել: Սույն ստեղծագործությունը, անշուշտ, լույս տեսավ կեղծանունով, սակայն ըստ օդում կախված լուրերի՝ դրա հեղինակը հենց Ն. Փաշինյանն էր: Դարձյալ չենք ուզում ասել՝ խելագարությա՞մբ, նախանձո՞վ, թե՞ իշխանություններին ծառայություն մատուցելու նպատակով է բացատրվում այսպիսի հոդված լույս ընծայելը:

Արցախյան երկրորդ պատերազմից առաջ և դրանից հետո Ն. Փաշինյանի վարքագիծը չի փոխվել: Ծայրահեղությունից ծայրահեղություն նետվող վարչապետն արդեն այնպիսի աղետ է բերել երկրի գլխին, որ թվում է՝ էլ տեղ չկա:

Բայց մոտենում է մարտի 1-ը: Ռ. Քոչարյանը մեղադրյալի աթոռին է: Ի՞նչ նոր աղետ կարող է նա հրահրել՝ շատ լավ ճանաչելով Ն. Փաշինյանին: Արդյոք կկարողանա՞ սադրանքի միջոցով ստիպել, որ այսօրվա իշխանությունը կրակի ընդդիմադիրների վրա: Դրանով Նիկոլ Փաշինյան-Ռոբերտ Քոչարյան հակադրամիասնության հաշիվը կդառնա 1:1: Տեսնենք: Վտանգը մեծ է:

Գրիգոր Խաչիկյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 8, 2021

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   888 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ