...

Մասնագետ չունենք, իսկ վերելակները թռվռալու համար չեն

Մասնագետ չունենք, իսկ վերելակները թռվռալու համար չեն

Թվում էր, թե նորաոճ, գեղեցիկ վերելակների տեղադրումով լուծվելու է 16-րդ թաղամասի 16 հարկանի շենքերի բնակիչների՝ իրենց բնակարաններ հասնելու խնդիրը, բայց փորձը ցույց տվեց, որ այդ վերելակների միայն արտաքին տեսքն էր նորաոճ։ Իրականում դրանք կատարյալ պատուհաս են դարձել բնակիչների գլխին. նոր համարվող վերելակները, որոնց ձեռքբերման ու տեղադրման համար հսկայական գումարներ են ծախսվել, օրումեջ խափանվում են, ու բնակիչներն ստիպված ոտքով են բարձրանում մինչև 16-րդ հարկ: Ահազանգող քաղաքացիները նշում են, որ դիմել են համատիրությունից մինչև վերելակների վարչություն ու թաղապետարան, բայց ամեն անգամ նույն պատասխանն են ստացել՝ «չկան համապատասխան մասնագետներ, որոնք հասկանում են այդ վերելակներից»։ «Բա առանց մասնագետ ունենալու էդ վերելակները ո՞նց եք տեղադրել: Մարդ նույնիսկ անհարմար է զգում, որ երկրի համար դժվարին այս օրերին վերելակների խնդիր է բարձրացնում, բայց ճար չունենք։ Խնդիրն իրոք չափազանց կարևոր է։ Հիվանդ, կենսաթոշակառու մարդիկ իջնում են վերելակով, բայց վերադառնալիս ստիպված են լինում խափանված վերելակի պատճառով ոտքով բարձրանալ 16 հարկ։ Շտապօգնություն զանգահարելիս հասցեն լսելով՝ առաջին հերթին հարկն են ճշտում: Իսկ համայնատիրությունում ասում են՝ «քանի որ նոր տեղադրվածները նոր սխեմաներով են, չկան համապատասխան մասնագետներ: Էդ մասին թող մինչև դրանք տեղադրելը իմանային, կամ մասնագետների հետ պայմանագրեր կապեին: Համատիրության աշխատակիցները պարտաճանաչ կերպով հավաքում են վերելակների գումարները, բայց համայնատիրության նախագահը մասնագետներին վճարելու գումարներ չի գտնում: Մեր մեղքը ո՞րն է…»,- փորձում են հասկանալ բնակիչները։ Մինչդեռ...Դեռևս փետրվարին «ՉԻ»-ին տված հարցազրույցում Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը նոր վերելակների խափանումների առնչությամբ հայտարարել էր, թե «բնակիչները մտնում են վերելակ, սկսում են թռչկոտել, որպեսզի դռները փակվեն, իսկ այնտեղ համապատասխան մեխանիզմ կա, որը հավասարակշռում է, դրա համար էլ խափանվում են, և մասնագետները ստիպված են լինում գալ, բացել այդ վերելակը և նորից աշխատեցնել: Չեմ ասում, որ ամբողջությամբ բնակիչներն են մեղավոր, ասում եմ, որ նմանատիպ դեպքեր լինում են»: Բնակիչների ահազանգի հետքերով դիմեցինք Աջափնյակ վարչական շրջանի պատասխանատու մարմիններին։ Ղեկավարի տեղակալ Արտակ Հակոբյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ նոր վերելակների խափանման պատճառը հոսանքի տատանումներն են: Մեր հարցին, թե տեղյա՞կ են արդյոք քաղաքապետարանում և պատկան օղակներում, որ վերելակներն անընդհատ խափանվում են, Հակոբյանը պատասխանեց. «Բոլորն էլ տեղյակ են։ Հարավորինս ամեն ինչ անում ենք, որ դրանք անխափան աշխատեն, բայց խափանվում են»։ Թաղապետարանի պաշտոնյայի խոսքով՝ վերելակների հարցով համապատասխան գրություն է ուղարկվել նաև Երևանի քաղաքապետարան, իսկ թե ինչ են պատասխանել քաղաքապետարանից, մեզ չհաջողվեց ճշտել:

Հ.Գ. Ի դեպ, Աջափնյակի 16-րդ թաղամասում կատարյալ բարձիթողի վիճակ է նաև աղբահանության մասով: Բակային հատվածներում, որտեղ երեխաների խաղահրապարակներն են, տարածքները ոչ միայն չեն մաքրվում, այլև համադրվում են աղբով լիքը և աղբով շրջապատված աղբամաններով:

Մելանյա Ծառուկյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3553 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ