Այն բանից հետո, երբ հրապարակվեց Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովի այն խոսքը, որտեղ Քոչարյանին համարել էր Ադրբեջանի համար «աստծո պարգև», արդեն միայն նրա համար, որ Քոչարյանը Արցախը հանեց բանակցային գործընթացից, պարզ է, որ սրա հետ կապված քոչարյանականները պետք է վրա տային:
Դրանցից մեկը՝ մի հատ Արեգ Դանագուլյան (քաղաքագետ է համարվում), մի ամբողջ աշխատություն է գրել, թե իրականում Ադրբեջանում սարսափում են Քոչարյանի վերադարձից, որովհետև վերջինս հմուտ դիվանագետ էր և Պուտինի ընկերը, և ընդհանրապես, Մեղրիի միջանցքը Լաչինի միջանցքի հետ փոխանակելու նրա ծրագիրը ֆանտաստիկ, փայլուն գաղափար էր: Համոզվելու համար ինքը խորհուրդ է տալիս ոչ թե Քի-Վեսթի պայմանագրի տեքստին ծանոթանալ, այլ Թոմ Դե Վաալի աշխատությանը: Ու այս մարդու գրածը քոչարյանականներն ակտիվ տարածում են: Մի հատ էլ չտարածեին:
Բայց հարցը սա չէ: Մենք Փաշինյանին քննադատում ենք, այդ թվում նաև նրա համար, որ նա իր անհաջողությունների, ձախողումների, պարտությունների, երկիրն այս վիճակին հասցնելու համար հիմնականում պատասխանատվությունը գցում է նախկինների վրա: Ասում է՝ պարտվեցինք, որովհետև Լևոնը ժամանակին սենց... բանակը ջախջախվեց, որովհետև ժամանակին Սերժը նենց, բանակցությունները տապալվել էին, որովհետև ժամանակին Քոչարյանը եսիմինչ:
Այս գործիքակազմը, այսինքն՝ սեփական անհաջողություններն ու վարած տգետ քաղաքականության արդյունքների համար պատասխանատվությունն ուրիշների վրա գցելու ոճը, առաջինը կիրառել է Ռոբերտ Քոչարյանը: Գնում, Ստամբուլում ստորագրում է մի փաստաթղթի տակ, ըստ որի՝ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, հետո կանգնում, ասում է՝ Լևոնն է արել: Այն Լևոնը, որը 1996-ին Լիսաբոնում այդ նույն փաստաթղթի վրա վետո էր դրել:
Հայտարարում է, որ ինքն այսուհետ բանակցություններում ներկայացնելու է և՛ Հայաստանը, և՛ Արցախը, այդպես ավելի էֆեկտիվ է, հետո ասում է՝ Լևոնն է Ղարաբաղը դուրս թողել բանակցային գործընթացից: Ինքը Մեղրիի միջանցքն ու Շուշիի շրջանը սակարկությունների առարկա է դարձնում, ասում է՝ Լևոնը ծախում էր հողերը:
Ու խնդիրը սրա մեջ է, որ երբ Փաշինյանն իր անհաջողությունների համար մեղադրում է նաև Քոչարյանին, էս քոչարյանականները կատաղում են: Շատ իզուր: Նիկոլ Փաշինյանը ձեր դեպքում վարվում է այնպես, ինչպես Ռ. Քոչարյանը՝ իր նախկինների հանդեպ: Այսինքն, երկուսդ էլ՝ պատասխանատվությունից թռնող մարդիկ եք: Նա՝ նրա վրա էր գցում, սա էլ՝ սրա վրա: Ու այդպես՝ պատասխանատվությունից թռնելով, երկիրը հասցրել այս վիճակին: Հիմա որ ձեր նման մեկը գա իշխանության, ինչ ղալաթ անի, ասելու է՝ մեղավորը Նիկոլը, Սերժը, Ռոբերտն ու Լևոնն են:
Ի վերջո, այն ամենը, ինչ դեռ 20 տարի առաջ գրել էր Վանո Սիրադեղյանը, թե մեզ ինչ է սպասվում, ինչ աղետի ենք ենթարկվելու, դա գրել է՝ աչքի տակ ունենալով ոչմիթիզականներին՝ Ռ. Քոչարյանի գլխավորությամբ: Սա ականջներիդ լավ օղ արեք: Չնայած, մեկ է, թռնելու եք:
Հ.Գ. Ամենահետաքրքիրը, որ այդ քաղաքագետն ասում է, թե ինքը բացարձակապես Քոչարյանի (ու ընդհանրապես ՀՀԿ-ի) աջակից չի: Եթե գրեր՝ Քոչարյանի ու ՀՅԴ-ի աջակից չի, կհասկանայինք: Սա ի՞նչ քաղաքագետ է, որն իբր չի հասկանում Քոչարյանի ու ՀՀԿ-ի տարբերությունը: