...

Մեկ տարում խեցգետնի պաշարները կրճատվել են մոտ տասն անգամ

Մեկ տարում խեցգետնի պաշարները կրճատվել են մոտ տասն անգամ

Մտահոգիչ ցուցանիշ

Մեկ տարվա ընթացքում Սևանա լճում խեցգետնի պաշարները կրճատվել են մոտ տասն անգամ: Այս մասին «ՉԻ»-ի հետ զրույցում տեղեկացրեց Գիտությունների ազգային ակադեմիայի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը: Խեցգետնի պաշարների ուսումնասիրության արդյունքները Էվելինա Ղուկասյանը դեռ հաշվարկում է, բայց նախնական տվյալներն արդեն իսկ մտահոգիչ են:

Խեցգետնի պաշարների կտրուկ նվազման երկու պատճառ կա՝ որսն ու խեցգետիններին պատուհասած հիվանդությունը: Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրենի խոսքով՝ խեցգետինների շրջանում տարածված է ժանգախտն հիվանդությունը, որն ախտահարում է կենդանու խեցին՝ առաջացնելով ժանգագույն խոցեր:  

«Այս տարի միանգամից կրճատվեց թվաքանակը, որովհետև ժամանակի հետ վարակված կենդանիները սկսեցին սատկել, իսկ չինական որսագործիքներն էլ պակասը լրացրեցին, ինչ-որ կար ամբողջը հանեցին ջրից: Որսագործիքների որսունակությունը գրեթե տասն անգամ ընկել է: Արդյունքները մտահոգիչ են»,- հայտնեց նա:

Նման հիվանդության դեմ պայքարի միջոցներ հայտնի չեն:  Հետազոտությունները կատարվում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մրցույթի շրջանակներում և դեռ նախորդ հաշվետվության մեջ ձկնաբանության ինստիտուտի փորձագետները հիվանդության մասին տեղեկացրել են նախարարությանը:

«Հարցն այն է, որ մենք հիվանդության մասին դատում ենք որսագործիքով որսված կենդանիների միջոցով: Այդ ընթացքում, երբ կենդանին շատ հիվանդ չէ, մտնում է որսագործիք, իսկ հատակում չգիտենք, թե ինչ է կատարվում:

Եթե կենդանին արդեն թուլացած է հիվանդությունից, նա սնվելու էլ չի գնում, որ մենք չափումներ անենք, բայց վարակը կա»,- շեշտեց նա:

Գերորսն իր սև գործն արել  է

Մյուս կողմից էլ, գերորսն է իր սև գործն արել: Չնայած նախորդ տարի սահմանվել էր, որ միայն 350 տոննա խեցգետնի որսի թույլտվություն կա, բայց Էվելինա Ղուկասյանի պնդմամբ՝ այդ թիվն արդեն մի քանի անգամ գերազանցվել է:

«Եթե մի ժամանակ, 2 օր թակարդներ դնելով բռնում էին 4-8 կիլոգրամ խեցգետին, ապա հիմա 20 օրով դնում են և 4 կիլոգրամ են բռնում: Դա չտեսնված բան է»,- նկատեց  Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրենը:

Երբ Սևանա լճում խեցգետնի պաշարների ուսումնասիրության արդյունքները վերջանականապես ամփոփվեն, Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրենը պատրաստվում է առաջարկով հանդես գալ: Գոնե 2 տարով դադարեցնել խեցգետնի որսը Սևանա լճում:

Մանյա Պողոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1738 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ