...

Մենք մի անգամ արդեն հաղթահարել ենք սա

Մենք մի անգամ արդեն հաղթահարել ենք սա

Եվ այսպես, Ադրբեջանը բացահայտորեն սպառնում է նոր պատերազմով ու հայտարարում, թե անհրաժեշտության դեպքում ուժով կբացի «Զանգեզուրի միջանցքը», Ռուսաստանն ու Արևմուտքն անտարբեր են, օրվա իշխանությունները վախվխելով հազիվ մի կես բերան առարկում են, գերագույն-գլխավոր մոդերատորը գիշերը թաքուն գնում է Սյունիք, որտեղ ամենամեծ քաղաքի քաղաքապետը հայտարարում է, թե չի ուզում նրա պատկերը տեսնել, ու այս իրավիճակում քաղաքական ուժերն ինքնամոռաց պատրաստվում են ընտրությունների։ Կաթվածահար վիճակում գտնվող երկրի հուսալքված ժողովուրդն էլ նայում է իշխանություններին ու զզվանքով թեքում երեսը, բայց մյուս կողմում էլ Քոչարյանին է տեսնում ու նույն զզվանքով թեքվում արդեն դեպի օդանավակայան՝ տեսնես ե՞րբ են բացվելու սահմանները․․․  Սա է վիճակը, ու թվում է՝ ելք չկա։

Իրականում վիճակը մոտավորապես այնպիսին է, ինչպիսին 1989-90 թվականներին էր։ Երկրաշարժն ավերել էր Հայաստանի տարածքի մոտ 25 տոկոսը (վերջին պատերազմից հետո փաստացի 42 հազար քառակուսի կիլոմետրանոց հայկական կենսատարածքը նվազել է 25 տոկոսով), տնտեսությունը նույնպիսի կաթվածահար վիճակում է, պատերազմի սպառնալիքը՝ նույնքան իրական, արտագաղթի մեծ ալիքն՝ անխուսափելի, սահմաններին էլի ռուսական զորքն է, ու մեծ հաշվով՝ նրանց համար մենք էլի «մի խումբ ծայրահեղականներ» ենք։ Իրավիճակը հիմա նույնիսկ ավելի բարդ է, որովհետև այն ժամանակ մեր առջև թույլ Ադրբեջանն էր, իսկ հիմա՝ բավականին հարուստ ու ամուր բոլորովին այլ երկիր։

Բայց մենք մի անգամ արդեն դուրս ենք եկել այդ վիճակից, ընդ որում՝ դուրս ենք եկել պատվով ու հաղթանակով։ Դուրս ենք եկել, որովհետև հասկացել ենք, թե ինչ էր պետք անել և ինչպես։ Հիմա նույնպես հասկանալի է, թե ինչ է պետք անել։ Նախ և առաջ՝ պետք է պատրաստվել պատերազմի, որովհետև մեզ հանգիստ չեն թողնելու։ Ընդ որում՝ պետք է վերականգնել ոչ միայն բանակը, այլև պետական բոլոր ինստիտուտները, որովհետև միայն բանակով չեն պատերազմում, իսկ օրվա պատուհասները երեք տարում հասցրել են հիմնովին ավերել գրեթե ամեն ինչ։ Պետք է փորձել ոտքի կանգնեցնել տնտեսությունը, կարգավորել հարաբերություններն աշխարհի և առաջին հերթին պոտենցիալ դաշնակիցների հետ, վերականգնել փլատակների վերածված հարաբերությունները Սփյուռքի հետ և այլն։ Մի խոսքով, «ինչ անելը» հասկանալի է, «ինչպես անելը»՝ շատ ավելի բարդ։ 

Կարո՞ղ են արդյոք այսօրվա իշխանությունները երկիրը դուրս բերել այս վիճակից։ Սա նույնիսկ քննարկման ենթակա չէ, որովհետև սրանք ոչ միայն իրենք են երկիրը գցել այս փոսը, այլև չեն էլ գիտակցում դա ու շարունակում են երջանիկ ժպիտներով տրտինգ տալ պարգևավճարային առվույտի իրենց երազած մարգագետնում։ Կարո՞ղ է արդյոք Ռոբերտ Քոչարյանը որևէ թիմով իրականացնել դա։ Հազիվ թե, որովհետև նրա անցած ուղին այլ բանի մասին է վկայում՝ առայժմ նա կարողացել է միայն արդեն իսկ կայացած պետությունն ավելի «կազմակերպված» դարձնել, այսինքն՝ կոռուպցիան դնել այնպիսի ինստիտուցիոնալ հիմքերի վրա, որ դրամական բոլոր հոսքերը վերահսկվեն անձամբ իր կողմից, քաղաքական հակառակորդները վերացվեն կամ «անզգույշ քաշքշվեն», և այլն։ Իսկ ահա գրեթե զրոյից պետություն վերականգնելու փորձ նա չունի, ամենայն հավանականությամբ՝ ցանկություն նույնպես (նրան գուբերնիայի կարգավիճակն էլ է հերիք, ընդ որում՝ ինքը գուցեև կարող էր լավ գուբերնատոր լինել)։ Սերժ Սարգսյանի հետ նույնպես հազիվ թե իմաստ ունի հույսեր կապելը, որովհետև այսօրվա անմեղսունակների գոյության հիմնական մեղավորն ինքն է։ Մյուս՝ նորահայտ ուժերի մասին խոսելն անիմաստ է, որովհետև նրանց միակ արժանիքը փողն է և այն, որ այսօրվա անմեղսունակների ֆոնին նույնիսկ իրենք են դրական լույսի ներքո ներկայանում։

Բայց փաստն այն է, որ անելիքները հստակ են, անցյալի հաջողված փորձը կա, ու հետևաբար՝ ամեն ինչ այնքան անհույս չէ։ Մնում է, որ հասարակությունն ընտրությունների ժամանակ ինքն իրեն ճիշտ հարցեր տա ու գտնի ճիշտ պատասխանները։

Արմեն Բաղդասարյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1393 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ