Մենք, իհարկե, դեռ մինչև վերջ չենք գիտակցել, թե ինչ է տեղի ունեցել այս պատերազմի արդյունքում։ Բայց դա պրոբլեմ չէ․ չենք գիտակցել՝ շատ արագ կբացատրեն։ Արդեն բացատրում են։ Պրոբլեմն այն է, որ մենք չենք հասկացել, թե ինչո՛ւ է այս ամենը տեղի ունեցել։ Այ սա արդեն մեզ չեն բացատրի։ Որևէ մեկին պետք չէ, որ մենք կատարվածի պատճառները հասկանանք, որովհետև եթե հասկացանք՝ էլ նույն սխալները չենք գործի, ու որևէ մեկն այլևս չի կարող մեր սխալների հաշվին իր շահերն առաջ տանել։
Մեզ 25 տարի շարունակ խաբել են ու այսօր էլ են խաբում, իսկ մենք համառորեն չենք ուզում նայել իրականության աչքերին։ Իրականությունն այն է, որ մենք ամենևին էլ ադրբեջանական նավթին ու նավթադոլարներին չենք պարտվել, ու մեր պարտության պատճառը նավթի բացակայությունը չէ։ Մեր պարտության պատճառը խելքի և հեռատեսության բացակայությունն է։ Որովհետև պատերազմն ու այսօրվա վիճակը մենք կարող էինք կանխել դեռ այն ժամանակ, երբ Ադրբեջանը ոչ նավթ ուներ, ոչ նավթադոլարներ, ոչ էլ բանակ։ Պարզապես այդքան խելք ու հեռատեսություն չենք ունեցել։
Պատճառներից մեկն էլ, ի դեպ, հոգեբանականն էր։ Մենք անգամ 1994-ի հաղթանակից հետո չկարողացանք հաղթողի հոգեբանություն ձեռք բերել։ Մեր հոգեբանությունն իրականում պատահաբար հաղթանակ տարած ցեղասպանվածի ու մազապուրծի հոգեբանություն էր, ու այնպիսի տպավորություն էր, թե մենք մեր հաղթանակի ձեռքը կրակն ենք ընկել։ 25 տարի շարունակ մեր ասածը սա էր՝ հազիվ մի անգամ հաղթել ենք, ի՞նչ զիջում, բա որ ինչ-որ տարածք վերադարձնենք, ու ադրբեջանցիները գան մեզ կոտորե՞ն․․․ Պատկերացնո՞ւմ եք՝ հաղթած կողմի հիմնական մտահոգությունն այն է, որ հանկարծ պարտված կողմը չգա իրեն կոտորի։ Սա պարտվածի հոգեբանությունն է։ Ի սկզբանե պարտվածի։
Իսկ նավթ ու նավթադոլարներ, ի դեպ, մենք էլ կարող էինք ունենալ։ Մեզ առաջարկում էին, չէ՞, ինչ-որ խորհրդանշական զիջման դիմաց Բաքու-Ջեյհան նավթամուղը Հայաստանի տարածքով անցկացնել։ Բայց՝ չէ։ Մենք մտածում էինք, որ դեռ 100 տարի կարող ենք զարգանալ շրջափակման պայմաններում, իսկ ադրբեջանցիներից զգուշանալ պետք չէ, որովհետև նրանց պոտենցիալն այնպիսին է, ինչպիսին ներկայացվում է «Կիլդիմ» մուլտիկներում։ Ու նույն զառանցանքն այսօր էլ է շարունակվում՝ «հա դե ոչինչ, հեսա Գառնիի կողմերը նավթ-բան կգտնենք, կգնանք կորցրածը հետ կբերենք»։
Շարունակելի:
Արմեն Բաղդասարյան