...

Մենք Քոչարյան տեսած մարդիկ ենք

Մենք Քոչարյան տեսած մարդիկ ենք

Արդարադատության նախարարությունը ներկայացրել է նախագիծ, համաձայն որի Քրեական օրենսգրքում առաջարկվում է ավելացնել 3171 հոդվածը՝ Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը:

Համաձայն լրացված հոդվածի 1-ին կետի՝ Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

2-րդ կետի համաձայն՝ եթե հանրային ծառայության մեջ գտվող անձին վիրավորելը կամ զրպարտելը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

«ՉԻ». Քանի որ մենք Ռոբերտ Քոչարյանի իշխանության 10 տարիներով անցած լրատվամիջոց ենք, մեր գլխին ինչ փորձանք, օյին ասես, որ չեն բերել, էլ ծեծ ու ջարդ, էլ ահաբեկչություն, ամիսներով հարկային ստուգումներ, քաղմաս տանել, կալանավորել, փակել... ու այդքանից հետո շարունակել ենք գործել, արդեն տարատեսակ ճնշումների, սահմանափակումների նկատմամբ շատ կայուն իմունիտետ ունենք: 

Հիմա իշխանությունները մի այնպիսի օրենսդրական նախաձեռնություն են պատրաստվում կյանքի կոչել, որը բավական առաձգական է, սահմանափակված չէ որևէ եզրույթով: Այսինքն, քրեական այդ նոր հոդվածով ում ասես կարող են տուգանել կամ ազատազրկել և անունը դնել զրպարտություն: 

Դրա համար մենք կանենք այնպես, ինչպես խորհրդային մի անեկդոտում: Մեկը արտասահմանում բնակվող իր ազգականներին նամակ է գրում, թե բա կյանքը այստեղ հրաշալի է, լավ ենք ապրում, բարձր աշխատավարձեր, խանութները տրաքում են ապրանքների լիությունից, տարին երկու անգամ գնում ենք ծով կամ կուրորտ, խոսքի ազատություն է, ոչ մի պրոբլեմ չունենք: Եվ միայն նամակի վերջում գրում է. էս ինչ-որ գրել եմ, դուք հակառակը հասկացեք:

Արտասահման գնացող նամակները, բնականաբար, անպայման անցնում էին ԿԳԲ-ով: Այնտեղ նամակը բացում են, կարդում, այդ մարդուն կանչում են, թե բա՝ էս ինչի՞ ես վերջում սենց բան գրել: Այդ մարդն էլ պատասխանում է. չհասկացա, սաղ նամակը ձեր անունից եմ գրել, մի տող իրավունք չունեի՞ իմ անունից գրեմ: 

Հիմա, քանի այդ նոր օրենքը դուրս չի եկել, ասենք, որ հենց նման օրենք եղավ, մենք նոր խորագիր կբացենք՝ 18-: Այդ խորագրի ներքո ինչ գրենք, դուք հակառակը հասկացեք: Մեռնենք օրենքին: Մեզ թվում է՝ հետաքրքիր բան կստացվի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1022 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ