...

Մենք տարիներ ի վեր բանակը անտեսել ենք

Մենք տարիներ ի վեր բանակը անտեսել ենք

ԱԺ նախկին պատգամավոր, քաղբանտարկյալ, արցախյան վերջին պատերազմում զոհված Դավիթ Մաթևոսյանի որդին՝ Թևոս Մաթևոսյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է արցախյան հակամարտության կարգավորմանը, բանակի պատրաստվածությանը, պատերազմում մեր պարտության մի շարք պատճառներին: Ապշեցուցիչ սթափ գնահատականներ, որոնք ավելի են արժևորվում՝ հաշվի առնելով, որ որոշ խնդիրներ Թևոսը հենց ականատեսի և անմիջական մասնակցի կարգավիճակով է ներկայացնում.

«Մի սխալ ընկալում կա. բանակցային ճանապարհով լուծման (այն է առնվազն հինգ/յոթ շրջանների վերադարձ առանց ԼՂ ստատուսի անմիջապես հստակեցման) կողմնակիցները, կարճ ասած, պարտվողական են։ Ես չեմ կարող լուծման բոլոր կողմնակիցների անունից խոսել, բայց իմ մասով ասեմ գոնե հետևյալը։

Ես սկզբունքային խնդիր չունեմ հարցերը պատերազմով լուծելու հետ։ Ուղղակի, եթե նախատեսել ես հարցը պատերազմով լուծել, պիտի առնվազն չպարտվես (այսինքն՝ պատրաստված լինես դրան)։ Վերջին երկու փորձի արդյունքները՝ 2016-ի «ապրիլյան» և 2020-ի «աննախադեպ» (ես հուլիսյան դեպքերը համարում եմ վերջին ծանրագույն կորուստներով պատերազմի հետ մի ամբողջականություն) առնվազն խոսում են մեր դեմ։ 

Ե՛վ Սարգսյանի իշխանությունը և՛ Փաշինյանը եղել են անպատրաստ իրենց որդեգրած արտաքին քաղաքականության արդյունքում սպասելի հետևանքներին (իհարկե «ապրիլյանն» ու «աննախադեպը» անհամեմատելի են գրեթե բոլոր առումներով)։ Քոչարյանի մասին չեմ խոսում. Սերժ Սարգսյանը եղել է երկարագույն տարիներ նրա պաշտպանության նախարարը, ու էս գրառման մեջ քննարկվող առումներով Սերժից ու Նիկոլից չի տարբերվում։ 

Ես ծառայել եմ Սարգսյանի օրոք 2010-2012, և որպեսզի պատկերավոր լինի բանակի վիճակը էն ժամանակ, ուղղակի նշեմ մի դրվագ։ Երբ պետք է անցկացվեր ուսումնական տագնապ ԳՌՏ մակարդակով, իմ (և մնացած զինվորների) աչքերից քիչ էր մնում ուրախության արցունքներ հոսի, երբ փոշու ամպից հասկացանք, որ մեր ՀՄՄ-ները «խոդի են ընկել»։ Որպեսզի ավելի պատկերավոր դառնա, ասեմ, որ մեր գումարտակը ամբողջ ուղղության մակարդակով, մեղմ ասած, բավականին լավ գնահատականներ ունեցող գումարտակ էր։ 

Միակ զորատեսակը, որի վրա կարելի էր հույս դնել էն ժամանակ՝ հրետանին էր, ոնց հասկացաք, գլոբալ առումով բան չի փոխվել։ (Եթե մինչև հիմա չկռահեցիք, ասեմ, որ ընդհանուր զորքի պատրաստվածության մակարդակը, սարքին կապի և այլ տեխնիկական միջոցներով հագեցվածությունը, և առհասարակ մարտունակությունը կարելի էր նկարագրել մի վատ ռուսերեն բառով)։ (Էս թեմայով հրապարակում հիմա ավելի «հանգիստ սրտով» եմ անում, որովհետև դժվար թե էս հրապարակումից մարդկային ու տեխնիկական ավելի մեծ կորուստներ կրենք)։

Սա մի սպայի, մի զինվորի, մի սպաների կամ զինվորների խմբի խնդիր չէր, սա պետական մակարդակով խրոնիկ թերացում էր. մենք տարիներ ի վեր բանակը անտեսել ենք։ Չի կարելի ժխտել, որ պարբերաբար եղել են բարեփոխումներ, բայց էդ բարեփոխումների արդյունքի ու մեր՝ արտաքին քաղաքականությամբ պայմանավորված ռազմական ախորժակի մեջ միշտ եղել է մի մեծ անդունդ: Թերի/ուշացած բարեփոխումներ արել են, թե հրապարակում կանգնածները և թե ԱԺ-ում նստածները. իսկ նրանք, որ «արդեն սկսել էինք, արդեն ուրիշ ձև էր լինելու («ազգ-բանակ», եսիմինչ)», ուղղակի էն «վատ պարողին ձվերն են խանգարում» շարքից են։ Ուղղակի թերացել եք. միշտ։

Հիմա կհարցնեք, թե բա առաջին իշխանությունները. առաջին իշխանությունները ԶՈՒ-ն հիմնադրել են ու հասցրել են տարածքային ձեռքբերումները մաքսիմումին։ Եթե մարդ կա, որ սա չի տեսնում, թող վերցնի սև հասարակ մատիտ ու քարտեզի վրա գծի ՀՀ ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքներն ըստ տարիների։ 

Եթե կան կարծիքներ, որ ավելին էր հնարավոր անել, թող գնա և անի նախևառաջ իրա համակիրների անձնական ուժերով. պատերազմի դռները բաց են։ Բայց ամենակարևոր հարցը սա է. արդյոք 1994-ի զինադադարից հետո մի էնպիսի վիճակ էր, որ եթե, ասենք 1996-ին պատերազմ լիներ, Ադրբեջանը ևս յոթ շրջան էր կորցնելու, իսկ մենք ունենալու էինք իրոք չնչին զոհեր։ Եթե էս հարցի պատասխանը «հա»-ն լիներ, ուրեմն բանակցային տարբերակով (պահին սեղանին եղած) լուծման ջատագովները «պարտվողական» են ու «վախկոտ»։ 

Ուղղակի սա էնպիսի հարց է, որի պատասխանը չի ուզում իմանալ ժողովուրդը, բայց գիտեն իշխանությունները, հակառակորդի իշխանությունները, ռուսները, ամերիկացիք ու ֆրանսիացիք (նաև թուրքերն ու պարսիկները)։ Վանոն մի քանի դրվագով էս հարցի պատասխանը տվել էր. Վազգենի՝ ԲՈՒՀ-երից տարկետման մասին ԱԺ բերած օրենքներից, ինչպես նաև իրավիճակին մանրամասն տիրապետող Տեր-Պետրոսյանի մոտեցումներից էլ կարելի էր կռահել։ Էդպես էլ չկռահեցինք. (այսինքն՝ ես ու մի զգալի քանակով մարդիկ գիտեինք), դուք չկռահեցիք ու չեք էլ ուզում կռահել։ 

Իմ՝ պատերազմով հարցի լուծմանը դեմ լինելու (այսինքն եղած փաստաթուղթը օր առաջ, երբ էլ լիներ 1997-ին, 2016-ին, և այլն ստորագրելուն ու պայմանները ընդունելուն կողմ լինելու) հիմքում, գոնե որոշակի տարիքից սկսած եղել է էս միտքը (արդեն փաստը). հնարավոր չէ ՀՀ ԶՈՒ-ն էնքան հզորացնել, որ «առանց ուֆ անելու» Ադրբեջանին ծնկի բերենք ու ԼՂՀ անկախություն պարտադրենք։ Մի փորձեք «Թուրքիան չխառնվեր մենք կրած էինք»-ի կարգի բաներ («խանգարող ձվեր») անցկացնել մտքներովդ: «Ադրբեջանին ծնկի բերել» նշանակում է ծնկի բերել բոլոր սցենարների դեպքում։ Ոչ ոք երբեք դա չի կարողացել անել. դա անհնար էր ու ժամանակի հետ ավելի անհնար էր դառնում»:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1375 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ