...

Մեր ասուլիս թշվառ-անտեր․․․

Մեր ասուլիս թշվառ-անտեր․․․

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը շատ մտահոգիչ էր։ Նա փաստորեն Սյունիքի վեց գյուղերն անվանեց «դժգույն-դժբախտ»՝ հատուկ ընդգծելով, որ դա իր օրոք չի տեղի ունեցել, վաղուց է այդպես եղել։ Ենթատեքստը հասկանալի էր՝ այդ տարածքները մեզ պետք չեն, եթե պետք լինեին՝ բնակեցված կլինեին։

Բայց սա ընդամենը մի դրվագ է, իրականում Նիկոլ Փաշինյանը երկու ժամ շարունակ մեկը մյուսից անհեթեթ ու միմյանց հակասող մտքեր էր արտահայտում, ու քանի որ ընթացքում նաև ոգևորվում ու շեղվում էր հարցերից՝ անկախ իրենից անկեղծանում էր ու բացահայտում այն լիակատար շիլաշփոթը, որ տիրում է սեփական գլխում։

Օրինակ՝ հայտարարում էր, թե Ադրբեջանը բացահայտ ագրեսոր է, մեր նկատմամբ տարածքային պահանջներ ունի, ուզում է զոռով բացել Զանգեզուրի միջանցքը և այլն, ու միաժամանակ դրական էր գնահատում նրանց համաձայնությունը երկու երկրների պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի ստեղծման հարցում։ Հարց է ծագում՝ եթե նրանց նպատակը մեզ ոչնչացնելն է, այդ կապն ո՞ւմ է պետք, դրանով ի՞նչ հարցեր են համաձայնեցվելու։ Թե՞ «ասֆալտի Սուրոն» զանգելու է նրանց նախարարին ու տեղեկացնի, որ ադրբեջանցիները սխալմամբ ՀՀ տարածք են մտել, նա էլ ներողություն է խնդրելու և զորքերը դուրս բերի (իսկ մինչև հիմա նման բան չէր լինում, որովհետև ուղիղ հեռախոսակապ չկար)։

Ինչևէ։ Նիկոլ Փաշինյանի մտքերն, իհարկե, շատերին են հունից հանել ու ստիպել մոռանալ 300 հազար դրամով տուգանվելու վտանգը, բայց մեծ հաշվով՝ էական էլ չէր, թե ինչ է ասում այդ մարդը։ Էականն այն էր, որ նա խոսում էր որպես լրագրող, որպես խմբագիր, որպես միջինից ցածր մակարդակի հրապարակախոս, մի խոսքով՝ որպես ով ասես, բացի պետության ղեկավարից։ Պետության ղեկավարն իրավունք չունի ասել «ես ուզում եմ Թուրքիային ու Ադրբեջանին անկեղծորեն հարցնել՝ դուք ուզում եք մեր պետությունը վերացնել ու մեզ ոչնչացնե՞լ, թե՞ չեք ուզում»։ Հեղափոխության տարիների մասին խորհրդային մի ֆիլմ կար, որտեղ հրեա առևտրականը ժամանակ առ ժամանակ շողոքորթ ժպիտով մոտենում է ցարական ոստիկանին ու հարցնում՝ «я дико извиняюсь, а погромы будут?»։ Բայց նա հրեա առևտրական էր, ոչ թե պետության ղեկավար, առավել ևս՝ որ հազիվ թե Թուրքիայի կամ Ադրբեջանի ղեկավարներն էլ իրենց հերթին անկեղծանան ու ասեն՝ գիտե՞ք, այո, մեր նպատակը ձեզ ոչնչացնելն է։ Կամ ինչպե՞ս և ի՞նչ իրավունքով է ոչ բարով պետության ղեկավարը հայտարարում, թե բա գիտե՞ք, գուցե մեր ամենամեծ սխալն այն է եղել, որ մենք լուրջ ենք ընդունել մեր անկախ պետականությունը։ Հասկացա՞ք։ Հիմա էլ պետականությունն է «դժգույն-դժբախտ», հիմա էլ անկախությունն է մեր բոլոր փորձանքների պատճառը, եթե լուրջ չընդունեինք (այսինքն՝ ասեինք «Հայաստանը Ռուսաստան է, և վերջ»), գուցե այս օրը չընկնեինք։

Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանի երկժամանոց զեղումների միակ տրամաբանական եզրակացությունն այն է, որ Հայաստանն այսօր քաղաքական ղեկավար չունի։ Ավելին՝ այդ աթոռը զբաղեցնողն անգամ վստահ չէ, որ Հայաստանին նման ղեկավար պետք է, իսկ հակառակը պնդողներին ընկալում է որպես «իր հացին վայիս ըլնողներ», որոնց դեմ պետք է պայքարել հնարավոր բոլոր ձևերով։ Պրոբլեմը սա է, թե չէ ընկել ուրիշ հարցեր ենք քննարկում՝ որտեղ ոնց «կռուտիտ էղավ», որտեղ իր տգիտությունն ու ցինիզմը բացահայտեց, որտեղ կմկմաց, որտեղ դերասանություն արեց, որտեղ պարզապես սուտ ասեց․․․ Եթե հանդուրժում ենք՝ ուրեմն ավելիին արժանի չենք, և իսկապես գերագնահատել ենք մեր ժողովրդի՝ անկախ պետականություն ունենալու իրավունքը։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1696 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ