...

Մեր իսկ ստեղծած հրեշի դեմ

Մեր իսկ ստեղծած հրեշի դեմ

Այսօր արդեն ակնհայտ է, որ Հայաստանի Երրորդ հանրապետության պատմությունն իսկապես բաժանվում է երկու շրջանի՝ մինչև 1998-ի պալատական հեղաշրջումը, և հետո։ Բայց 1997-98 թվականների իրադարձությունները շրջադարձային էին ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար, որովհետև, մեծ հաշվով, մեր տարածաշրջանի այսօրվա պատկերը ձևավորվել է այդ իրադարձությունների արդյունքում։

Ի՞նչ պատկեր է այսօր մեր տարածաշրջանում։ Պարտված ու թուլացած Հայաստան, բզկտված և այլոց ողորմածությանը հանձնված Արցախ, և մեր համեմատ բավականին հզոր ու հարուստ Ադրբեջան՝ ժամանակակից բանակով, ռազմարդյունաբերական համալիրով, գիտությամբ, կրթությամբ, միջազգային կապերով և այլն։ Իսկ ինչպիսի՞ն կլիներ Ադրբեջանն այսօր, եթե 1997-ին ղարաբաղյան խնդիրը կարգավորվեր (թեկուզ՝ փուլային տարբերակով, որին ադրբեջանական կողմը համաձայն էր)։ Ամենայն հավանականությամբ՝ կլիներ այնպիսին, ինչպիսին շատ ու շատ նավթային պետություններն են․ հարուստ, «դինջ» բռնապետություն՝ առանց ժամանակակից բանակի, ռազմարդյունաբերական համալիրի, առանց, ժամանակակից գիտության ու կրթության (ինչների՞ն է պետք, առանց այն էլ հարուստ ու անհոգ ապրում են), առանց միջազգային հեղինակության (որպես ի՞նչ պիտի միլիարդավոր դոլարներ ծախսեին լոբբինգի վրա), և այլն։ Նրանք նույնիսկ մարզական առումով շատ ավելի ցածր մակարդակի վրա կլինեին, որովհետև անգամ այդ ոլորտում հարյուր միլիոնավոր դոլարները ծախսել են ավելի շատ հայերի «ինադու»՝ շախմատ, մենամարտային մարզաձևեր․․․ 

Մի խոսքով՝ փոխզիջումային ճանապարհով խնդիրը կարգավորելուց հրաժարվելն ու 98-ի հեղաշրջումն են դարձել այն խթանը, որն Ադրբեջանին հասցրել է իր ներկայիս մակարդակին, ու նրանք, եթե ազնիվ լինեն, դրա համար Բաքվում մի թաքուն տեղ պիտի կանգնեցնեն այդ հեղաշրջման ռեժիսոր Քոչարյանի արձանը։ Նիցշեն սա ձևակերպում է մոտավորապես այսպես՝ ցանկացած նոր կազմավորման, օրինակ՝ պետությանը, ավելի շատ անհրաժեշտ են թշնամիներ, քան բարեկամներ։ Խոսքը, հասկանալի է, մոտիվացիայի մասին է, ու 98-ին Հայաստանն Ադրբեջանին տվել է այդ մոտիվացիան։

Իհարկե՝ Հայաստանի համար նույնպես դա մոտիվացիա էր։ Մենք նույնպես պիտի ձգտեինք ունենալ ժամանակակից բանակ, ռազմարդյունաբերական համալիր, գիտություն և այլն, ու «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակն, այո, կարող էր մեզ ևս ստիպել ունենալ այնպիսի համակարգեր, որոնք անհրաժեշտ չէին լինի երաշխավորված խաղաղության պայմաններում։ Բայց խնդիրն էլ հենց այն է, որ 1998-ին Հայաստանն ընտրել է «սպառազինությունների մրցավազքի» տարբերակն ու ինքն էլ հրաժարվել դրան մասնակցելուց։ Ադրբեջանը ռազմական գործարաններ էր կառուցում, մենք՝ Հյուսիսային պողոտա ու «բոմբոներկա» հյուրանոցներ, Ադրբեջանը ժամանակակից տեխնոլոգիաներ էր զարգացնում, իսկ մենք մեր ինժեներներին 80 հազար դրամ էինք վճարում, ադրբեջանական բուհերը մտնում էին աշխարհի 500 լավագույն բուհերի մեջ, իսկ մենք «սաքուլիկներ» էինք բուծում, և այսպես շարունակ։ 

Միայն թե չասեք՝ «եթե անգամ 1997-ին խնդիրը կարգավորվեր, միևնույն է՝ Ադրբեջանը պահպանելու էր մոտիվացիան ու նույն կերպ էր զարգանալու, որովհետև Հայաստանի նկատմամբ նույնպես տարածքային հավակնություններ ունի»։ Հետո՞ ինչ, որ ունի։ Վրաստանի նկատմամբ նույնպես տարածքային հավակնություններ ունի, և ի՞նչ։ Այնպես որ՝ չարժե բողոքել «հայի բախտից», մեր առջև մեր իսկ ստեղծած հրեշն է։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   865 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ