...

Մի երկու հոգևոր խոսք՝ Միքայել Մինասյանին

Մի երկու հոգևոր խոսք՝ Միքայել Մինասյանին

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խոսքս ուղղում եմ բոլոր նրանց, ովքեր կատարում են Նիկոլի հիստերիկ հրահանգը՝ փորձելով ճնշել և ահաբեկել Սիսիանի եկեղեցու հոգևոր սպասավոր Պարգև քահանա Զեյնալյանին։ 

Նույնիսկ չհամարձակվեք երևալ Պարգև քահանայի տեսադաշտում և Սիսիանի եկեղեցու մատույցներում։ Մտքներովդ չանցնի, որ կարող եք նույնիսկ թթու խոսք ասել կամ ծուռ հայացքով նայել նրան, սրբապիղծներ։
Տեր հայրը կարող է նույնիսկ ձեզ ների, ի վերջո քահանա է, բայց շատերը, այդ թվում ես՝ ոչ։ Խստորեն պատժելու եմ։ Պատժելու եմ որպես հայ, որպես տղամարդ, որպես Առաքելական եկեղեցու հետևորդ ու միայն դրանից հետո կթողնեմ ձեզ դատեն օրենքի ամբողջ խստությամբ։

Ու քանի որ բոլորդ ստրկամիտ անասուն եք և միայն ուղիղ խոսքն եք հասկանում, կրկնում եմ՝ ֆիզիկական հաշվեհարդար կլինի ցանկացածի հետ, ով տեր հորը մոտենա։ Հասկացա՞ք»:

Տեսնո՞ւմ եք` կյանքը ինչ բան է: 2,5 տարի առաջ՝ թավշյա հեղափոխության ժամանակ, շատ հոգևորականներ խաչը ձեռքին քայլում էին Նիկոլ Փաշինյանի կողքին և իրենց աջակցությունը հայտնում նրան:

Իսկ այսօր նույն հոգևորականները լայաղ չեն անում բարևել վարչապետին: Սա ինչո՞ւ ենք ասում. որ այսօր շատերը դատապարտում են ու քննադատում Պարգև քահանային՝ այդ քայլի համար: Իզուր: Այդ հոգևորականներից շատերը 2,5 տարի առաջ նույնպես հույսով և հավատով էին լցված նոր իշխանությունների հանդեպ, նույնպես ոգևորված էին և բազմաթիվ ակնկալիքներ ունեին Նիկոլից:

Բայց այդ ակնկալիքները չիրականացան և հասարակության մի մասը հուսախաբ է եղել: Ի վերջո, նույն հոգևորականները այդ հասարակության մի մասն են և այդպես են արտահայտում իրենց դիրքորոշումը: Այնպես որ, իշխանություններն իրենց մեջ պետք է գտնեն այն հարցի պատասխանը, թե ինչու այսպես եղավ:

Եկեղեցու և հատկապես եկեղեցու ղեկավարների գործունեության վերաբերյալ մեր դիրքորոշումը շատերին է հայտնի: Մենք դա չենք թաքցրել, ունենք բազմաթիվ վերապահումներ՝ հոգևոր այրերի վարքուբարքի, գործունեության, քաղաքական և քաղաքացիական դիրքորոշումների վերաբերյալ: Բայց այսօր հասել ենք մի հանգրվանի, որ հոգևորականներն էլ չեն կարողանում զերծ մնալ այս իրավիճակի վերաբերյալ արտահայտման տարբեր դրսևորումներից: Ինչքան էլ մենք կոչ անենք, որ Եկեղեցին չմիջամտի քաղաքական գործընթացներին, նրա ղեկավարները քաղաքական հայտարարություններ չանեն, բայց մյուս կողմից, հոգևորականները մարդ են՝ մսից ու արյունից, շատ բարդ է նրանց ասել՝ հեռու մնացեք քաղաքականությունից, մի արտահայտեք ձեր զգացմունքները և այլն: Մանավանդ, որ այսօր վարքուբարքի ոչ մի սահման չի գործում, հատվել են պարկեշտության, սթափության, զգոնության բոլոր կարմիր գծերը:

Հ.Գ. Հիմա կարող է հարց առաջանալ, թե ի՞նչ կապ ունի մեր գրածը Միքայել Մինասյանի հետ, որի խոսքը մեջբերել ենք ամենասկզբում: Շատ ուղիղ. իրեն մաստեր-կլաս ենք ցույց տալիս, թե ինչպես պետք է հարցի վերաբերյալ արտահայտվել: Իբր հավատացյալն ինքն է, Վատիկանում էլ դեսպան է եղել, Հռոմի պապ է տեսել, բայց քրիստոնեական և մարդասիրական մոտեցումը մենք ենք դրսևորում: Եթե նկատեցիք, ոչ մեկին անասուն, այն էլ՝ ստրկամիտ, չհամարեցինք, որևէ մեկին ժեխ չորակեցինք, ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու կոչեր ու սպառնալիքներ չհնչեցրինք: Առավել ևս չենք խոստանում հարցերը «հայավարի» լուծել, հետո նոր սկսել օրենքի շրջանակներում գործել: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1113 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ