...

Միհրդատ, անցի՛ր գործի

Միհրդատ, անցի՛ր գործի

«Հայաստան» դաշինքի 4-րդ համար, Սյունիքի նախկին մարզպետ, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի փայատեր Վահե Հակոբյանի կինը, Para.tv -ի խմբագիր Էլիզաբեթ Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մի աննկարագրելի խաղաղություն է եկել հոգուս: Ուզում եմ կիսվել` ինչն է պատճառը: Տարիներ շարունակ զբաղվել եմ բարեգործությամբ: Ամեն անգամ այն մարդկանց, որ օգնել եմ, նրանց հետ հավասար տառապել եմ, տանջվել` մտածելով, թե ինչ անեմ, որ մեր կարիքը չունենան: Ինչպես անել անհնարը և օգնել բոլորին, որ առողջ լինեն, և խնդիրները լուծելի լինեն, այլ ոչ թե հասնեն հուսահատության սահմանին: Եվ այս ընտրությունները նրա համար էին, որ մենք դա իրականացնեինք: Կար հստակ պատկերացում` ինչպես բոլոր այդ մարդկանց կյանքը լինի արժանապատիվ, և ստիպված չլինեն դիմել բարեգործական կազմակերպությունների կամ, ընդհանրապես, ստիպված չլինեն որևէ բան «խնդրել»: Բայց այդ մարդիկ ընտրեցին ուղիղ հակառակը, ընտրեցին ատելությունը` հանգստության և սիրո փոխարեն: Եվ ես նաև հասկացա, որ այդ մարդկանց մեծ մասը, ընդունելով մեր օգնությունը, ատել է մեզ»:

«ՉԻ». «Հայաստան» դաշինքի մեկ այլ անդամ, հոգեբան Միհրդատ Մադաթյանը լուրջ անելիք ունի: Հետո կարող է ուշ լինել. քվեարկության արդյունքներն ավելի նպաստավոր լինեն, բայց տիկնոջը դա արդեն չհետաքրքրի:

Քոչարյանի կառավարման ամբողջ ժամանակաշրջանը կեղծ բարեգործների ինստիտուտի կայացման շրջան է եղել, իսկ տիկին Պետրոսյանը եկել և համոզում է, որ իրենք գալիս էին փոխելու այդ արատավոր համակարգը:

Քոչարյանի կառավարման ամբողջ ժամանակաշրջանը ատելության մի մղձավանջ էր, երբ իշխանության քաղաքականության արդյունքում հակադրվեցին հայաստանցին ու արցախցին, իսկ ինքը համոզում է, որ գալիս էին սեր հաստատելու: Մի քիչ էլ Սյունիքում մնաք, հանուն ձեր շահերի ու բիզնեսի, սյունեցուն ու մնացած հայաստանցիներին կհակադրեք, նրանց միջև ատելություն կսերմանեք:

Տիկին Պետրոսյանը, եթե իսկապես բարեգործ է, հաստատ շատ մեծ մասշտաբի բարեգործ չէ, որ ընդհանուր քվեարկության արդյունքներով դատի: Մնում է հասկանալ՝ ինչպես է իմացել, թե իր կողմից օգնություն ստացած մարդիկ ինչպես են քվեարկել: Օգնություն տրամադրելուց առա՞ջ է հարցրել, թե՞ հետո: Օրինակ՝ մի 4 տարի առաջ մեկին օգնել են վիրահատվել, որովհետև Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը մեծ վնաս է հասցնում Սյունիքի բնակչությանը, հիմա զանգել և հարցրել է՝ թե ո՞ւմ օգտին քվեարկեցիք: Ամենայն հավանականությամբ լսափողի այն կողմից չեն նշել «Հայաստան» դաշինքի անունը, տիկինն էլ որոշել է իր հույզերով կիսվել ֆեյսբուքի օգտատերերի հետ:

Միհրդատը հենց այս դեպքերի համար է. պետք է բացատրի, որ արագ գրառում անել պետք չէ, ամեն մի «հիասթափության» մասին պետք չէ կիսվել ֆեյսբուքի լսարանի հետ:

Դաշինքի առաջնորդը խոստացել է, որ 1.5 տարի հետո նորից ընտրություններ են լինելու, անպայման չէ զարգացնել նույն առաջնորդի թեզը, թե հասարակությունը առողջ չէ: Անառողջները կարող են վերջնականապես մերժել մեծ բարեգործներին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1311 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ