...

«Մութ ու ցուրտ» հաղթանակից մինչև «գունագեղ» պարտություն

«Մութ ու ցուրտ» հաղթանակից մինչև «գունագեղ» պարտություն

Անկախության 30-ամյակի առթիվ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում ինչ-որ խոհափիլիսոփայական մտքեր հայտնեց հաղթանակի ու պարտության մասին և այն մասին, որ թշնամուն հաղթելը պարտադիր չէ, պետք է ինքդ քո մեջ ինչ-որ բաների հաղթես։ Սա ասում էր այն նույն Նիկոլ Փաշինյանը, որն անցած ամռանը Տավուշում ինչ-որ դիրք գրավելուց հետո այնքան մեդալ բաժանեց, որքան չէր բաժանվել արցախյան առաջին պատերազմի ողջ ընթացքում։ Այն նույն Փաշինյանը, որը չէր հաղթահարել սեփական գոռոզամտությունն ու համարում էր, որ ամեն ինչի, այդ թվում՝ արցախյան հակամարտության մասին բոլորից լավ գիտի, չէր հաղթահարել «դավաճան» պիտակավորվելու վախն ու ժամանակին չէր կանգնեցրել պատերազմը, և այլն։ Բայց քանի որ տոնական միջոցառումը «զուսպ էր և բարձրաճաշակ», ներկաները բովանդակությանն առանձնապես ուշադրություն չէին դարձնում։ Ոչ էլ տարակուսեցին, թե այդ ի՞նչ «խաղաղության դարաշրջան» է, որը խորհրդանշող ծառերը պիտի տանեն տնկեն Բուսաբանական այգում։

Խաղաղության խորհրդանիշը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի խաչն էր ու նույն Շուշիում ԼՂՀ բյուջեի միջոցներով վերանորոգվող մզկիթը, Ադրբեջանի և ԼՂՀ ներկայացուցիչների ստորագրություններն էին 1994-ի մայիսի 12-ի փաստաթղթի տակ՝ կողք կողքի, հիմա էլ «խաղաղության դարաշրջանի խորհրդանիշն» այն կլիներ, որ, ասենք, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները երկուստեք ընդունելի համաձայնագիր ստորագրեին ու երկուսով ծառ տնկեին ինչ-որ տեղ «Կարմիր կամրջի» մոտ, բայց եթե դու Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների բացահայտ հռհռոցների ներքո ինքդ քո երկրում միայնակ ծառեր ես տնկում, այն էլ՝ սեփական ժողովրդից հարյուրավոր ոստիկաններով պաշտպանված, դրա «խաղաղության դարաշրջանը» ո՞րն է։ Եվ ընդհանրապես՝ եթե մենք հաղթած վիճակում չկարողացանք խաղաղություն ստանալ, պարտված վիճակում ո՞նց ենք ստանալու։

Այո, մենք 26 տարի շարունակ մեր հաղթանակը «մութ ու ցուրտ տարիներ» անվանեցինք։ Մենք արցախյան առաջին պատերազմի 11 հազար զոհերին ու հազարավոր կենդանի հերոսներին մոռացած՝ ինքներս մեր հաղթանակն էինք նվաստացնում ու համարում, որ այն «Արարատ» ռեստորանի նկուղներում է կերտվել (հետևաբար՝ ով Գրաչովի սեղանի հաշիվը փակում էր, նա էլ ամենամեծ հերոսն էր), և 20 տարի շարունակ պետական մակարդակով հենց սա էր քարոզվում, որովհետև եթե հանկարծ ասեինք, որ մեր ուժերով ենք հաղթել, ստիպված կլինեինք հիշել նաև, թե ով էր հայկական զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատարը։ Մենք իսկապես էլ կրակն էինք ընկել մեր հաղթանակի ձեռքը, աշխարհն էլ շվարած հետևում էր ու մինչև հիմա էլ հետևում է մեզ՝ ոչ թե այն պատճառով, որ չէր հասկանում, թե ինչպես ենք կարողացել հաղթել մի քանի անգամ ավելի հզոր հակառակորդին, այլ որովհետև չէր հիշում պատմության մեջ այլ օրինակ, որ ժողովուրդը հաղթած ղեկավարին դավաճան անվանի զուտ նրա համար, որ խաղաղության է ձգտում, հետո այդ հաղթանակը մսխածի հետևից գնա «խաղաղության խորհրդանիշ» ծառեր տնկելու։

Փաստորեն մեզ ամբողջ 26 տարի ժամանակ էր տրված՝ մեր հաղթանակի արժեքը հասկանալու համար։ Բայց մենք դրա փոխարեն 26 տարում հազիվ հաղթահարեցինք «մութ ու ցուրտ» հաղթանակից մինչև «գունագեղ» պարտություն ընկած ճանապարհը։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2427 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ