...

Նարցիսիզմը դեռ ոչ մեկին լավ տեղ չի հասցրել

Նարցիսիզմը դեռ ոչ մեկին լավ տեղ չի հասցրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում անդրադառնալով այն հարցադրմանը, թե ինչպե՞ս է փոխվում Հայաստանի արտաքին քաղաքականությունը, ասել է. «Հայաստանի արտաքին քաղաքականությունը ոչ թե փոխվում է, այլ ստեղծվում է»։ 

Իսկ մենք քոչարյանականներին ենք հեգնում, երբ նրանք «վոժդին» համարում են Արցախի ու Հայաստանի պետականության հիմնադիրներից մեկը: Պարզվում է, որ դա խրոնիկ հիվանդություն է, որ ով իշխանության է գալիս, իրեն համարում է Հայոց պետականության գերագույն և գլխավոր հիմնադիր:

Հայաստանի Հանրապետությունն արդեն 29 տարեկան է: Այսինքն՝ պետություն է: Աշխարհի կողմից ճանաչված, տարբեր միջազգային կառույցներին անդամագրված: Իսկ եթե պետություն է, ապա այն վարում է արտաքին և ներքին քաղաքականություն: Դա միայն Հայաստանին չէ բնորոշ, դա բոլոր պետությունների գործունեության, միջազգային հարաբերություններում դրսևորվելու, իր շահերը պաշտպանելու նորմալ ձևն է:

Ընդունենք, որ մինչև հիմա արտաքին քաղաքականությունը վատն է եղել, ահավոր, սխալ, խայտառակ, բայց դրանից արտաքին քաղաքականությունը չի վերանում: Այն միշտ կա, քանի դեռ կա պետությունը: Ինչպես էլ դա իրականացնես: 

Եվ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ոչ թե փոխվում է, այլ՝ ստեղծվում, ապա ստացվում է, որ մենք արտաքին քաղաքականություն չենք ունեցել, իսկ եթե չենք ունեցել, ապա ստացվում է, որ մինչև հիմա պետություն էլ չենք ունեցել: Վարչապետի տրամաբանությամբ այդպես է ստացվում:

Դա նաև նշանակում է, որ Հայաստանի անդամակցությունը միջազգային կառույցներին՝ ՄԱԿ-ին, ԵԽ-ին, ԵԱՏՄ-ին, միջպետական պայմանագրերը, միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները... այդ ամենը առ ոչինչ է, փուչիկ, թղթի կտորներ, որովհետև միայն արտաքին քաղաքականության շնորհիվ են անդամակցում կամ պայմանագրեր ստորագրում: Ավելին, ստացվում է, որ 1993-1994թթ. ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի ընդունած 4 հայտնի բանաձևերը իրենք իրենց են ընդունվել, մեր սիրուն աչքերի համար, այլ ոչ թե պետության վարած արտաքին քաղաքականության շնորհիվ: 

Վերջերս Նիկոլ Փաշինյանը իր մի ելույթում իրենից հիասթափվածներից ցուցակի պես մի բան ներկայացրեց: Ում էր մտցրել, ում չէր մտցրել, հիմա էական չէ, բայց հանգիստ կարող է այդ ցուցակում ընդգրկել մեր արտաքին գերատեսչության ոլորտի աշխատակիցներին, որոնց վարչապետը ձրիակեր է համարում: Որովհետև եթե արտաքին քաղաքականություն չկար, ուրեմն, այդ մարդիկ՝ դեսպանները, հյուպատոսները, նախարարն ու իր տեղակալները, բոլորը հենց այնպես, անիմաստ բյուջեից փող են ստացել:

Սա նշանակում է մերժել Հայաստանի անցած 30 տարվա պատմությունը, չընդունել նրա գոյությունը, անտեսել այդ պատմության փայլուն էջերը, միջազգային ասպարեզում մեր դիվանագիտական ձեռքբերումները: 

Հ.Գ.  Հույս ունենք, որ վարչապետը պարզապես սխալ է արտահայտվել և նկատի է ունեցել, որ արտաքին նոր քաղաքականություն են իրականացնելու: Չնայած, այդ հույսերը չնչին են, զրոյին մոտ, քանի որ հատկապես վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի մոտ նարցիսիզմի դրսևորումները հաճախակիացել են: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2102 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ