«ՉԻ» տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանը՝ տխրահռչակ Մանվել Գրիգորյանի եղբորորդին, դարձել է թիվ 205 համարի երթուղին սպասարկող ընկերության սեփականատերը: Թեև դե յուրե սեփականատեր այլ անձ է ներկայացված, սակայն դե ֆակտո ՀՀԿ-ական նախկին պատգամավորն է վերոնշյալ ընկերության իրական սեփականատերը: Մեր լավատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ Հրանտ Գրիգորյանը ձեռք է բերել 32 հազար դոլար արժեցող 30 միկրոավտոբուս, որից 14-ը կաշխատեն թիվ 205 երթուղում, իսկ 16-ը կսպասարկեն էջմիածին-Երևան երթուղին, որի սպասարկող ընկերության սեփականատերը ևս արդեն տասնյակ տարիներ Հրանտ Գրիգորյանն է: Փաստորեն, թավիշը ոչինչ չի փոխել նախկինների կյանքում, ավելին՝ նրանցից շատերի բիզնեսները ծաղկում են, և ոչ ոք այդ արտոնյալների թանին թթու չի ասում՝ անգամ, եթե նրանց անունը առնչվում է աղմկահարույց սպանությունների քրգործերով առաջադրված մեղադրանքների հետ:
Հիշեցնենք, որ թիվ 205 երթուղին սպասարկող ընկերությունը նախկինում պատկանում էր 2015 թվականին փոխհրաձգությունից սպանված քրեական հեղինակություն երրորդմասցի Լյովիկին՝ Լևոն Ղազարյանին, որը մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ լուրջ բիզնեսներում փայատեր էր: Թիվ 205 երթուղում նրա բիզնես պարտնյորը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանն էր: