Հեղափոխությունից 1.5 տարի անց դեռ չնչին քայլեր են արվել բացահայտելու այն չինովնիկներին, ովքեր, օգտագործելով պաշտոնական դիրքը, կուտակել են անսահման հարստություններ: Առաջիկայում ընդունվելու է առանց դատավճռի գույքի բռնագանձման մասին օրենքների փաթեթը:
Սույն խորագրում զետեղված նյութերը մեթոդական աջակցություն կլինեն ավելի արագ և ամբողջական հայտնաբերելու բոլոր այն գույքերը, որոնք ձեռք են բերվել պաշտոնական դիրքի օգտագործման և չարաշահման արդյունքում:
Սամվել Սանամյանը նախկին համակարգի կարկառուն դեմքերից էր՝ բարձրաստիճան պաշտոնյա: Նրան, սակայն, հասարակությունը ճանաչում է որպես Սերժ Սարգսյանի վաղեմի ընկեր Բարսեղ Բեգլարյանի` Ֆլեշի Բարսեղի փեսա:
Փեսաներին մեծ տեղ տվող նախկին ռեժիմը Սամվել Սանամյան փեսային էլ աչքաթող չէր արել:
Սամվել Սանամյանին ամենաբարձր և յուղոտ պաշտոններից մեկն էր բաժին հասել:
Նա ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության նախկին պետն է եղել, ժողովրդի լեզվով ասած, «կանտրաբանդայի պետ»:
Եվ աշխատանքի ընթացքում էլ մաքսանենգության դեմ պայքարողը դիզում է նաև իր ունեցվածքը:
ՊԵԿ նախկին պաշտոնյան էլ հասցնում է իրենով անել շատ տարածքներ: «ՉԻ»-ին պարզել է, որ Մոնումենտի այգու սկզբնամասը (նկ. 2, 3) պատկանում է Սամվել Սանամյանին: Այգու ձախ հատվածում նա կառուցել է «Հին Մոնումենտ» ռեստորանը, իսկ աջ հատվածում շինարարական աշխատանքները դադարեցվել են Թավշյա հեղափոխությունից հետո: Այգու լճի հարակից տարածքի սրճարանը ևս Սանամյանի ունեցվածքի մի մասն է կազմում:
Ֆլեշի Բարսեղի փեսայի ունեցվածքի քարտեզն այսքանով չի սահմանափակվում: Նրան պատկանող մեկ սեփականություն էլ Անտառային փողոցում է գտնվում: Այն բազմաբնակարան շենք է:
Բազմաբնակարան շենքի վրա վաճառքի հայտարարություն է փակցված: Նշված հեռախոսահամարով կապ հաստատեցինք՝ ճշտելու, թե ի՞նչ արժե բնակարանը:
Փոխանցեցին, որ բոլոր բնակարաններն արդեն վաճառված են՝ մնացել է միայն մեկը, որը զբաղեցնում է 350 քմ տարածք և արժե 350.000 ԱՄՆ դոլար: Բնակարանները կապիտալ նորոգված չեն:
Ազատության պող. 24/4 հասցեում տեղակայված շենքը ևս Սանամյանին է: Այստեղ սպորտի, ժամանցի, առևտրի հաստատություններ են:
Վերոնշյալ շինությունները և տարածքները գրեթե վստահ ենք, որ գրանցված են Սամվել Սանամյանի դրածոների անուններով, բայց դրանք նրա սեփականությունն են:
Նրա պաշտոնավարման ժամանակ խոսվում էր, որ տնտեսական լուրջ լծակներ ունի, մասնավորապես՝ տիրապետում է Հայաստան ներկրվող հրավառության նյութերի մենաշնորհին, բացի դրանից՝ զգալի բաժին ունի ավտոպահեստամասերի ներկրման շուկայում:
Ի դեպ, պաշտոն զբաղեցնելու ժամանակ հայտարարագրել է, որ Ծաղկաձորում ունի մեկ բնակարան, ավտոտնակ, Հրազդանում՝ 1 հա հողամաս, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 0.2 հա հողամաս: Բացի այս՝ Սանամյանը Երևանում առանձնատուն ունի և 2012 թվականի արտադրության «Մերսեդես E 200» մակնիշի ավտոմեքենա:
Սանամյանի միակ թանկարժեք գույքը 11 մլն դրամանոց «Frank Muller» ժամացույցն է: Նա որպես եկամուտ հայտարարագրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից ստացած աշխատավարձը՝ 8 մլն 61 հազար դրամ: Այսինքն՝ նա ՊԵԿ-ում ամսական ստացել է 671 հազար դրամ աշխատավարձ: Նաև հայտարարագրել է, որ ունի 70 մլն դրամ և 320 հազար դոլար դրամական միջոց:
Հիշեցնենք, որ Սամվել Սանամյանը պատգամավոր էր ընտրվել ՀՀԿ-ի տարածքային ցուցակից: Սանամյանը բացեիբաց հայտարարում էր, որ պատգամավորի մանդատն իրեն պետք չէ, իրականում՝ իշխանություններն իրեն խոսք են տվել՝ իր ընտրական տարածքում ՀՀԿ-ի համար լավ արդյունքներ ապահովելու դեպքում ՊԵԿ-ի մաքսային ծառայության պետի պաշտոնը տալ: Այդպես էլ լինում է: Նա պատգամավոր է ընտրվում Հրազդան տարածքից, հետո հրաժարվում մանդատից: Ձայն բերելու համար էլ իշխանությունը նրան իր պաշտոնին է վերականգնում:
Անտառային փողոց
Մոնումենտ
Մոնումենտ