...

Նախկիններին սկսել են այլ աչքով նայել

Նախկիններին սկսել են այլ աչքով նայել

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը գրել է. «Այժմ սոցիալական ցանցերում քննարկումներ են՝ թե արդյոք տիտուլյար ընդդիմությունը իրական ընդդիմություն է, թե ոչ։ Ու նաև հաճախ է վերահնչում ռետրոսպեկտիվ հարցը. իսկ արդյոք ճի՞շտ էր ընդդիմության մասնակցությունը ընտրություններին։

Այս հարցի միայն մի տեսանկյունն առայժմ քննարկեմ. երբ Հայրենիքը հանձնած, հինգ հազար տղաների մահվան պատճառ դարձած, գերիներին թշնամու ձեռքում թողած Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր ընտրություններին, նա միայն մի հաղթաթուղթ ուներ ձեռքում. նախկիններն են գալիս։ Եթե նախկինները չգային, այսինքն՝ չմասնակցեին ընտրություններին, ապա Նիկոլի համար շատ դժվար կլիներ այս հաղթաթուղթն օգտագործելը։ Եթե նախկինները չլինեին ընտրական ցուցակներում, անգամ ժեխը կարող էր հասկանալ, որ Նիկոլը սուտ է ասում։ Եթե նախկինները չլինեին, անհասկանալի է, թե Նիկոլն ինչով և ինչպես էր հաղթելու»:

«ՉԻ». Այն, որ նախկինների գործոնը նպաստեց Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրմանը սա արդեն բոլորն են ընդունում: Սա՝ մի կողմ դնենք:

Հիմա նորից ետ դառնանք վերջին խորհրդարանական ընտրություններից առաջ ընթացող զարգացումներին: 

Ի՞նչ գիտենք մենք. այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակային առաջարկ էր արել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով:

Առաջին Նախագահը հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանը մերժել է առաջարկը՝ պատճառաբանելով բարոյական նկատառումով, այն է՝ արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում այլ ձևաչափով մասնակցելու մտադրություն ունի։ Բացի դրանից, այդ քայլը կհարվածի «Հայրենիքի փրկության շարժմանը»։

Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն էլ պատասխանել էր Լևոն Տեր-Պետրոսյանին. «Ռոբերտ Քոչարյանը կրկին մերժել է առաջարկը: Կարող է թվալ, թե Տեր-Պետրոսյանն ամեն բան ճիշտ է ասել, ու ես ընդամենը կրկնում եմ նրա պատմությունը։ Բայց այդպես չէ. մասնավորապես, կարծես թե պատահմամբ, նա վրիպում է, թե «Հայրենիքի փրկության շարժումը» Նախագահ Քոչարյանն էր ստեղծել»։

«Հայրենիքի փրկության շարժումը» Քոչարյանն է ստեղծել, թե՝ ոչ, դա է երկրորդական այս թեմայում: Ամենակարևոր հարցը, որին Ռ. Քոչարյանը ոչ Տեր-Պետրոսյանի առաջարկին արձագանքելիս, ոչ էլ դրանից հետո չի պատասխանել, այն է՝ ինչո՞ւ է նա մերժել Առաջին նախագահի առաջարկը: Հայաստանի ու պետական շահի տեսանկյունից որևէ տրամաբանական պատասխան չկա այս հարցին: Այսինքն՝ Տեր-Պետրոսյանն առաջարկում էր կանգնեցնել մեր պետականության գահավիժումը, Քոչարյանը դա մերժում էր:

Բայց ինչո՞ւ. այդ հարցին պատասխանելու համար պետք է մեկ այլ հարց տալ. իսկ ի՞նչ շահեց Քոչարյանն այս ընտրություններից: Մենք միայն մի պատասխան ունենք. երկրի թիվ 1 ընդդիմադիր ուժ լինելու կարգավիճակը՝ հաստատված համապատասխան մանդատներով և իր թիմակիցներին քրեական պատասխանատվությունից ազատելը: Այդ հարցը լուծել է: Իսկ ի՞նչ է շահել Նիկոլ Փաշինյանը սրանից, պատասխանը հետևյալն է. այն, որ իր այլընտրանքը քաղաքական դաշտում շարունակում է համարվել Ռոբերտ Քոչարյանը, և դա շատ-շատերին ստիպում է կամ հեռու մնալ քաղաքական գործընթացներից, կամ էլ՝ ստիպված մնալ Նիկոլ Փաշինյանի կողքին: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն էլ է իր հարցերը լուծել: 

Ու տպավորություն է, որ իշխանություն-ընդդիմություն այս ֆորմատը երկուսին էլ ձեռնտու է, և եթե մեկ այլ երրորդ ուժ փորձի խաթարել այն, երկու կողմից էլ հարվածներ է ստանալու: Այսինքն՝ չեն թողնելու, որ քաղաքական դաշտը մի զիչ զուլալվի, հստակեցվի: Այո, հրապարակավ իշխանականներն ու քոչարյանականները շարունակելու են իրար գզել, շշերով շոուներ անել, կապիտուլյանտ-մարդասպան արտահայտությունները հնչեցնել, սպառնալ, մեկումեջ իրար քացի տալ, բայց քաղաքական այս ֆորմատը երկուստեք են պաշտպանելու՝ իրար թև ու թիկունք լինելով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1030 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ