...

Նայած, թե ով է «սեռական ներշնչանքի» հեղինակը

Նայած, թե ով է «սեռական ներշնչանքի» հեղինակը

«Ատելության քարոզն» այսօր ներքաղաքական օրակարգ է դարձել։ Վերջերս Վազգեն Մանուկյանի «Վերնատան» տարածած հայտարարության պահանջներից մեկը վերաբերում էր հենց «ատելության քարոզին». «դադարեցնել իշխանության ամենաբարձր մակարդակով խրախուսվող ատելության քարոզը»: Ռեժիմի տարիներին տպագրված «Չորրորդ իշխանություն» թերթում բազմաթիվ են «ատելության քարոզի» ակունքները բացահայտող հրապարակումներ։ Դեռ պատերազմի տարիներին օրվա իշխանություններին դեմ սանձազերծած «ատելության քարոզի» ՀՅԴ-Վազգեն Մանուկյան-Պարույր Հայրիկյանական «գոհարները» մի կողմ դնելով, մի կողմ դնելով Վազգեն Սարգսյանի դեմ «ատելության քարոզը», որ ի վերջո հանգեցրեց «Հոկտեմբերի 27-ի» ոճրագործությանը, ներկայացնեք համեմատաբար թարմ, թեթև ու զվարճալի մեկ նմուշ։

«ՉԻ», 27 փետրվար, 2014թ.

Բարև, չաթլախներ

Այս օրերին խորհրդարանում և սոցցանցերում շարունակվում են թեժ բանավեճերը «ղալաթաչաթլախական» պատմության շուրջ։ Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ԱԺ 4 խմբակցությունների գործունեության վերաբերյալ թույլ էր տվել «ղալաթ են անում» արտահայտությունը, որին ի պատասխան ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը խորհրդարանում նախարարի հասցեին «չաթլախ» արտահայտությունն արեց։

Դրանից հետո թվում էր, թե նախարարը բոլոր դեպքերում պետք է ներողություն խնդրի իր արտահայտության համար, քանի որ այն հնչել էր 50-ից ավելի պատգամավորների հասցեին, ու հարցը սրանով կփակվի, Ռուստամյանն էլ իր հերթին հետ կվերցնի իր արտահայտությունը, բայց տեղի ունեցավ զարմանալին. հարցը սկսեց դիտարկվել այն տիրույթում, թե այդ երկու արտահայտություններից որն է ավելի վիրավորական։ Իրականում երկուսն էլ վիրավորական են, հատկապես վիրավորական են, երբ հնչում են նախարարի կամ պատգամավորի շուրթերից, սակայն նախարարի պաշտպանների կարծիքով, «ղալաթը» առանձնապես վիրավորական չէ, իսկ ահա «չաթլախը»...

ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը անդրադառնալով այս թեմային, նշեց, որ «ղալաթը» վիրավորանք է, իսկ «չաթլախը»՝ հայհոյանք։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ վիրավորական արտահայտությունների ընդհանուր չափանիշ չկա, վիրավորանքը մնում է վիրավորանք։ Ավելի էական էր այն, որ Նաիրա Կարապետյանը նողկալի էր որակել Ռուստամյանի արտահայտությունը՝ ընդգծելով, որ այն հնչել է խորհրդարանի կին պատգամավորների, երեխաների ու երիտասարդ լրագրողուհիների ներկայությամբ։

Այստեղ արդեն հարգարժան հանրապետական պատգամավորուհուն պետք է հարց տալ. իսկ մինչև Արմեն Ռուստամյանը, խորհրդարանում կամ պատգամավորների, բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հրապարակավ վիրավորական արտահայտություններ կամ հայհոյանքներ չե՞ն հնչել։ Եղել են, այն էլ ինչքա՜ն և հենց կին պատգամավորների, երիտասարդ լրագրողուհիների ներկայությամբ կամ հենց նրանց հասցեին, բայց այդ վիրավորանքներին Նաիրա Կարապետյանը երբևիցե չի արձագանքել, նողկալի չի անվանել։ Թերևս այն պատճառով, որ այդ վիրավորանքները նախկինում հնչել են բացառապես իշխող ՀՀԿ ներկայացուցիչների կողմից։

Ներկայացնենք մի քանի նմուշ։

«Զակազչիկներին փաթթած ունեմ, բոլորին, ով ինչ ունի, չունի, թող գա իմ հետ, դեմառդեմ խոսանք, կարճ կոնկրետ։ Իրենց պապաներին էլ հետը փաթթած ունենամ, բոլորին։ Դրանց պապաներին, որ արդեն կեղտ չկա վրես, ոչ մի բան չկա, զակազներ են կատարում, դրանց պապաներին փաթթած ունենամ իրենց երեխեքի հետ։ Դրանց զակազչիկները, պապաները և իրենց կնանիք են ինձնից հղի»։ Առաքել Մովսիսյան (Շմայս)՝ ԱԺ ՀՀԿ պատգամավոր։

«Քեզի է՞ս էր պետք, ստացել ես, դե ռադդ քաշի գնա, չի՞ երևում, որ ուղարկել են էս շանը»։ Սաշիկ Սարգսյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, կին լրագրողի հասցեին։

«Չհասկացա, էդ ի՞նչ վերաբերմունք ա, ի՞նչ հույսեր ենք կտրել, կամ ի՞նչ ա նշանակում՝ պիառ են անելու... ղալաթ են արել՝ գրել են։ Հլը սրանց նայեք, սրանց մուտիլովկաները... Ձեր տիրոջ մերը...»։ Ռուբեն Հովսեփյան, ԱԺ ՀՀԿ պատգամավոր, կին լրագրողի հասցեին։

«Դավայ, կտամ ծնոտդ կպոկեմ, դավայ, թռի հլը։ Կապներդ կտրվել ա, սանձներդ թողեցիք, ընգաք»։ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյան՝ լրագրողի հասցեին։

«Այ ոչխար, խի՞ ես գոռում»։ Գորիկ Հակոբյան, ԱԱԾ պետ։ 

«Արա, իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում։ Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, չէի զարմանա»։ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյան։ Ավելորդ է ասել, թե այս արտահայտությունը ինչպես էր զայրացրել Հայաստանի եզդի համայնքին։

«Փոշտի թանաքաման»։ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյան, կին լրագրողի հասցեին։

«Եթե կա տենց մեկը, ուրեմն մոր փորից անբարոյական է դուրս եկել»։

«Թուրքի տակ պառկողն ի՞նչ պտի լինի»։

«Գնում են սունաթված թուրքերի մոտ, որ հեշտ զբաղվեն իրանց գործողություններով։ Տղամարդու կարիք չունեն իրանք, պռոստո սունաթվածի կարիք ունեն»։ Երեք դեպքում էլ` Առաքել Մովսիսյան (Շմայս)՝ ԱԺ ՀՀԿ պատգամավոր, երեք դեպքում էլ՝ կին պատգամավորի հասցեին։

«Չեմ եկել այստեղ, որ քո նման հայվանին լսեմ»։ Առաքել Մովսիսյան (Շմայս), ԱԺ ՀՀԿ պատգամավոր, խորհրդարանում՝ մեկ այլ պատգամավորի հասցեին։

«Նրա տաքացած գլուխը առիթ չպիտի հանդիսանա սեփական տեղը և ով լինելը չգիտակցելու և մոռանալու համար։ Ում վերապահված է ափռ-ցըփռ խոսելու իրավունքը, և ով ջանք ու եռանդ չի խնայում ափռցփռության իր ռեկորդները գերազանցելու համար»։

«Զարուհի Փոստանջյանն այսօր ավելի թուրք էր, քան ցանկացած թուրք, ավելի ադրբեջանցի, քան ցանկացած ադրբեջանցի»։ Երկու դեպքում էլ` Կարեն Ավագյան, ԱԺ ՀՀԿ պատգամավոր, երկու դեպքում էլ՝ կին պատգամավորների հասցեին։

Ցանկը կարելի է անվերջ շարունակել։ Դեռ զերծ ենք մնում ավելի բարձր «լեվելի» հայհոյանքները ներկայացնել։ Ի դեպ, օրերս էլ լրագրող Անի Գևորգյանին էին հայհոյել և ապտակել, սակայն Նաիրա Կարապետյանն այդ դեպքում էլ նողկանք չէր զգացել։

ՀՀ կրթության նախարար Արմեն Աշոտյանն էլ, Արմեն Ռուստամյանի արտահայտության վերաբերյալ հայտարարել է, թե դաշնակցական պատգամավորը «պետք է ներողություն խնդրի իր այսօրվա բառամթերքի համար»։ Բայց ինչ-որ չենք հիշում, որ նախարարը նույն կրքոտությամբ ներողություն պահանջեր մնացած «բառամթերքների» համար։ Համարձակության խնդիր է։

Հ.Գ. Սա էլ բոնուս։ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մասնավորապես Շմայսի հայհոյանքների մասին բառացիորեն հետևյալն է ասել. «Յուրաքանչյուրն իր լեքսիկոնն ունի, բայց նրանց երակներում ազնիվ, ազգային արյուն է հոսում։ Ի՞նչ կապ ունի, թե հայհոյում ես էսպես` սեռական ներշնչանքներով, թե հայհոյում ես գրական լեզվով, որն ավելի վիրավորական է»։ Վարագույր։

Անդրանիկ Միքայելյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4540 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ