...

Ներցեղային դրամահավաքի ծիսակարգը Մոզամբիկում

Ներցեղային դրամահավաքի ծիսակարգը Մոզամբիկում

Մոզամբիկում ներցեղային դրամահավաքի ծիսակարգն ընթանում էր այսպես․ Կարմիր փետուրավորները համեմատաբար չաղ մոզամբիկցիներին նիզակներով քշում-բերում էին հրապարակ և կիսաշրջանաձև շարում Մեծ վոժդ Նգիկոլո Պապատուհասայի վրանի առջև, որից հետո Ուսապարկա ցեղախմբի ութ ռազմիկներ պատգարակի վրա դուրս էին բերում վոժդին, ու սա, կողքի վրա կիսապառկած, ճառ էր ասում․ «Օ՛ մոզամբ ժողովուրդ, դուք բոլորդ դավաճաննե՛ր եք»։ Բոլորը պարտավոր էին ոչ միայն այդ խոսքերից, այլև ամեն նախադասությունից հետո փռվել գետնին ու գոռալ «Նգիկոլո-վո՛ժդ»։

Հետո վոժդը շարունակում էր․ «Դուք բոլորդ վախկոտ դասալիքնե՛ր եք։ Դուք պարտավոր եք ինձ հարկեր վճարել՝ կատարելով ձեր քյալլաքացիական պարտքը, թե չէ բոլորիդ քյալլաներին քացի՛ կտամ»։ Այս խոսքերից հետո, որպեսզի երկարաշունչ ճառից հյուծված վոժդն ուժասպառ չլինի, ռազմիկները բերում էին խորոված անտիլոպի քյալլան։ Մեծ վոժդուհի Բադրիջաննա Երջանիկիկին նկարում էր քյալլան, և միայն դրանից հետո էր ծիսակարգը շարունակվում․ ցեղային ժողովի վոժդ Եղնիկիկի-Թքափայտիկին քյալլայի կոտոշները պոկում էր, դնում գլխին ու հարցնում՝ «օ՛ Մեծ վոժդ Պապատուհասա, սազում ա՞»։

Այնուհետև սկսվում էր ծիսակարգի երկրորդ փուլը։ Տգիկո Ավի-Նյամ-Նյամը, ավազին նստած, խաղալիք բահով ինչ-որ փոսեր էր փորում ու նորից լցնում՝ ժամանակ առ ժամանակ ճակատը գետնին խփելով ու ասելով «օ՛ Պապատուհասա, փոսալցնման աշխատանքնե՛ր են։ Մշակույթը Մակունցի մե՛ջ ա, ավազը Մակունցի եղբոր մե՛ջ ա»։ Դրանից հետո Մեծ վոժդը աչքերի տակ սոխ էր քսում, որից կոպերը կարմրում էին ու արցունքները սկսում էին հոսել, ապա ասում էր «օ՛ մոզամբ ժողովուրդ, ահա անքնությունից տառապում եմ ու լացում մեր անիմաստ զոհերի համար»։ Ապա յուղոտ ձեռքերով պատառոտում էր քյալլան, մի քանի կծելով վերջացնում, բարձրաձայն բխկացնում ու ասում․ «ահա բոլորդ լսեցի՛ք իմ ներքին ձայնը։ Ով ինչ ունի՝ տվեք Ավի-Նյամ-Նյամին, թե չէ հարևան բարեկիրթ ցեղախմբի վոժդին կասեմ՝ կգա ձեզ կկոտորի, կամ էլ կհայտնվեք ցեղավարության բաստիոնում»։ Այս խոսքերի վրա ռազմիկները վազելով ու «բաստիո՛ն ա» գոռալով հրապարակ էին բերում փայտե մի մեծ վանդակ, որի մեջ նստած էր լինում ռազմիկների նախկին վոժդը։ Սա վանդակի միջից գոռում էր «Նգիկոլո-հերո՛ս», որից հետո ռազմիկները մի երկու անգամ նրբորեն վզակոթին խփում էին ու ետ տանում։

Այդ ընթացքում, ըստ ծիսակարգի, հրապարակից փոքր-ինչ հեռու՝ մեծ բաոբաբի ստվերի տակ, պիտի պատգարակների վրա հանգիստ քնած լինեին Սերժիկի-Կուանակիկին ու Մբունգա-Լոխլավա-Տունգան։ Իսկ նրանց հավատարիմ ռազմիկները պիտի «Նգիկոլո-դավաճան» և «Առանց Պապատուհասա Մոզամբիկ» ցուցատախտակներով քշեին ճանճերին, որպեսզի վոժդերի քունը չխանգարեն, և ուշադիր հետևեին իրադարձություններին, որպեսզի եթե հանկարծ Նգիկոլոն չկարողանա հերթական պատառը կուլ տալ ու խեղդվի՝ անմիջապես արթնացնեն վոժդերին։ 

Ծիսակարգն ավարտվում էր մեծ համերգով, որի ընթացքում գլխին չորացրած դդում հագցրած վոժդերից մեկը մոզամբիկցիներին բանանի արկղից ինչ-որ չորացրած տերևներ էր բաժանում։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   778 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ