...

Նիկոլ Փաշինյանի կադրային տաբուները

Նիկոլ Փաշինյանի կադրային տաբուները

Քանի որ Նիկոլ Փաշինյանն ամեն օր կադրային որոշումներ է ընդունում, հասարակությունն ամենօրյա շոկային ռեժիմի մեջ է։ Մինչդեռ շոկային ոչինչ չկա, ամեն ինչ տրամաբանական է։ Իսկ շոկի մեջ չընկնելու համար պարզապես պետք է հասկանալ, թե ինչ տրամաբանությամբ է առաջնորդվում պողպատե մանդատ ստացած վարչապետը։

Նրա կադրային քաղաքականությունը հիմնված է երեք սկզբունքների վրա։ Առաջինը, և որքան էլ տարօրինակ թվա՝ ամենաանկարևորը, անձնական մոտիվներն են։ Նա կարող է, ասենք, իր անգլերենի ուսուցչին նշանակել դեսպան, մանկության ընկերներին կամ ազգականներին վստահել այս կամ այն պաշտոնը, վաղն էլ կարող է իր «խադավիկին» նշանակել տրանսպորտի փոխնախարար, դստեր ատամը քաշած բուժքրոջը՝ առողջապահության նախարար և այլն, բայց սրանք երկրորդական են։ Շատ ավելի կարևոր է պրոֆեսիոնալիզմը։ Պրոֆեսիոնալներին չի կարելի բարձր պաշտոններ վստահել, և վերջ։ Ընդ որում՝ սա շատ պրագմատիկ բացատրություն ունի։

Պատկերացրեք՝ մեկը պատահաբար ինչ-որ ընկերության սեփականատեր է դարձել, ու քանի որ բիզնեսից ոչինչ չի հասկանում՝ որոշել է պարտքերից խուսափելու համար սնանկացնել այդ ընկերությունը կամ, ասենք, հրդեհել, որպեսզի ապահովագրական գումարներ ստանա։ Իսկ հիմա պատկերացրեք՝ այդ ընկերությունում մասնագետներ կան, որոնք կարող են փրկել սնանկությունից, հրդեհ թույլ չտալ կամ ժամանակին հանգցնել այն, և այսպես շարունակ։ Հասկանալի է, չէ՞, որ իր նպատակին հասնելու համար ընկերության նոր սեփականատերը առաջին հերթին պիտի հենց այդ կադրերից ազատվի ու նոր մարդկանց ընդունելիս էլ առաջին հերթին ստուգի՝ հո պետք եղածից ավելի շատ բան չե՞ն հասկանում։ Դրա համար էլ այս իշխանությունների «աչքի գրողն» են բոլոր այն զինվորականները, որոնք համարում են, որ մեր զինված ուժերն ի վիճակի են պաշտպանել մեր սահմանները, բոլոր այն տնտեսագետները, որոնք համարում են, որ տնտեսությունը կարելի է ոտքի կանգնեցնել նաև առանց եռամսյակը մեկ հերթական կես միլիարդ դոլար պարտքը վերցնելու, բոլոր այն դիվանագետները, որոնց կարծիքով իրենց հիմնական գործը բարձրաստիճան պաշտոնյաների «շոփինգը» կազմակերպելը չէ, և այլն։

Կա նաև երրորդ սկզբունքը։ Տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ, որոնք փորձում են ապրելու իրավունք կամ ինչ-որ կարգավիճակ ստանալ, ասենք, Եվրոպայում, հաճախ նեղսրտում են, որ ահա իրենք քաղաքակիրթ մարդիկ են, քրիստոնյաներ, օրենքներ չեն խախտում, արագ ինտեգրվում են, տիրապետում են լեզվին և այլն, բայց աֆրիկյան որևէ կիսավայրենի երկրից եկածներին Եվրոպան շատ ավելի գրկաբաց է ընդունում ու ավելի հեշտությամբ է կարգավիճակ տալիս։ Մինչդեռ նեղսրտելու պատճառ չկա, պետք է տրամաբանությունը հասկանալ։ Եվրոպայում շատ լավ հասկանում են, որ քաղաքակիրթ, արագ ինտեգրվող ներգաղթյալների արդեն երկրորդ սերունդը տեղաբնակներից ոչնչով չի տարբերվելու և հավակնելու է իրենց բարձր վարձատրվող աշխատատեղերին, իսկ ահա ոչ մի կերպ չինտեգրվողներն ու չքաղաքակրթվողները միշտ գտնվելու են սոցիալական սանդղակի ամենացածր հարթությունում ու անելու են այն գործը, որը տեղացիները հաստատ չեն անի։ Նույն սկզբունքն էլ գործում է Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականության դեպքում։ Նրան պետք չեն այնպիսի կադրեր, որոնք ինչ-որ ժամանակ անց կարող են «աճել» և մրցակցել անգամ իր հետ, նրան պետք են այնպիսի մարդիկ, որոնք պատրաստ են իշխանական համակարգում կատարել ցանկացած աշխատանք, այդ թվում՝ «սև գործ», բայց ի սկզբանե որևէ հավակնություն ունենալ չեն կարող։ Որևէ ոլորտի պրոֆեսիոնալ, հասկանալի է, նման պայմաններով աշխատել չի ցանկանա, հետևաբար՝ հիմնականում պաշտոններ են ստանում միջակ կարողությունների տեր կարիերիստները։

Այնպես որ՝ նյարդայնանալու կարիք չկա։ Նրա կադրային քաղաքականությունը տրամաբանական է։ Վերջին հաշվով՝ ինքն էլ ժողովրդի «կադրային քաղաքականության» հետևանքն է։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1432 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ