...

Նոր հերոսամարտերին ընդառաջ

Նոր հերոսամարտերին ընդառաջ

«Փամփուշտ չունեցող զինվորն անպայման կզոհվի։ Իսկ մենք հպարտանում ու՝ արդեն երկու օր է՝ հպարտությամբ տարածում ենք, թե․ «դիրքում հերոսացած մեր տղաների զենքերի մեջ չի եղել ոչ մի փամփուշտ, կռվել են մինչև վերջին փամփուշտը»։ Որքա՞ն կարելի է բանակ ունեցող երկրի ժողովրդին պարտիզանա-տեռորիստա-ֆիդայական այս հերոսապատումներով կերակրել։ 

Իսկ որ դիրքում եղած զինվորի փամփուշտը չպետք է ավարտվի, որ անխափան մատակարարում պետք է լինի, որ դիրքը՝ դիրք, իսկ սահմանը` սահման պետք է լինեն՝ կարևոր չէ։ 

Կարևորը գեղարվեստա-թատերական մասն է, որ պրոպագանդիստները պետք է ապահովեն՝ արդարացնելու համար զինվորի մահը». Վարդան Հարությունյան։

«ՉԻ». Բա դրա համար էլ տարածաշրջանի ամենահերոսունակ ազգն ենք: Զինվորը, որը զենքի ու զինամթերքի բոլ-բոլ պաշար ունի և կանգնած է շատ ամուր, բետոնապատ պոստում, նա որևէ հերոսության ունակ չէ: 

Բարոն Մյունհաուզենն ինչի՞ այդպես հայտնի դարձավ: Որովհետև առանց զենքի էր գնում որսի: Ասում էր՝ զենքով ով էլ ասես, արջ կսպանի, իսկ ահա իսկական հերոսությունը առանց զենքի պետք է անել: 

Արդեն հիմա Վերին Շորժայի մոտ տեղի ունեցածը համարում են հերոսամարտ: Ու այսպես հող են նախապատրաստում հետագա հերոսամարտերի համար: 

Վարդան Հարությունյանի խոսքերը հիշեցրին 20 տարի առաջ Վանո Սիրադեղյանի գրած հոդվածներից մեկի այս տողերը. «Այդ երկիրը մի անգամ ճակատամարտ է շահել և անսովորությունից ճակատամարտ շահելը շփոթել է հաղթանակի հետ ու, բնականաբար, չգիտի ինչպես վարվել այդ «հաղթանակի» հետ։ Այդ երկրի բանակը պահում է մի հողակտոր, որի վրա ավելի քիչ բնակիչ է մնացել, քան հողը պահող զորքի թիվն է։ Այդ երկիրը իրեն զրկում է վաղվա բանակից, որովհետև ինքն իրեն զրկում է սերունդը շարունակելու ընդունակ բնակչությունից։ Այդ երկրում ոչ թե ծնողներն են պահում երեխաներին, այլ դեռահաս աղջիկներն են (մասամբ) մի կերպ պահում ծնողներին, քույրերին ու եղբայրներին, իսկ տղաները խաղաղ զորանոցներում զոհվում են նույն չափով, որքան ռազմաճակատում՝ պատերազմի տարիներին։

Այդ երկիրը չորացնում է իր դուստրերի արգանդը, կոտրում է իր արու զավակների մեջքը, զրկում է իրեն ապագայից, բայց ձեռ չի քաշում իր եղերական անցյալից։ Չի մոռանում այդ անցյալը, այլ որպես նվիրական դի կրում է շալակին, որպես երկանքի քար կախել է կրծքին և դաժանաբար շարունակում է դնել իր սերունդների, իր երեխաների վզին»:


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   881 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ