...

Նրա լեքսիկոնում այդպիսի բառ չկա

Նրա լեքսիկոնում այդպիսի բառ չկա

«Ես կարող եմ ներել իմ հանդեպ թույլ տրված ապօրինությունները և անարդարությունը՝ հանուն պարտության էջը փակելու գաղափարի, հանուն ազգային համերաշխության։ Բայց ուզում եմ զգուշացնել, որ թիմակիցներիս հանդեպ շինծու հետապնդման որևէ դեպք մոռացության չի մատնվելու ու չի ներվելու։ Վստահեցնում եմ, որ անօրինականություն թույլ տված ցանկացած պաշտոնյա շատ շուտով պատասխան է տալու օրենքի առաջ»:

Հայտարարության հեղինակը Ռոբերտ Քոչարյանն է:

«ՉԻ». Փաստորեն ազգային համախմբումը և պարտության էջի փակումը հետաձգվում են: Դա մենք չենք ասում, Քոչարյանն է ասում: Նրա բազմաթիվ աջակիցների նկատմամբ հարյուրավոր քրեական գործեր են հարուցվել: Կարելի է միայն պատկերացնել, թե որքան մարդ է ներգրավված եղել այդ գործերում. ոստիկաններ, քննչական կոմիտեի ու դատախազության հարյուրավոր աշխատակիցներ: Եթե նրանք բոլորը պատասխան տան, մի հատ փոքրիկ, քիփլիկ քաղաքացիական պատերազմ կլինի:

Ընդհանրապես, Քոչարյանի տեքստերը գրողները պետք է հիշեն, որ նոր «ապրանք» չեն ներկայացնում հասարակությանը, վաղուց ծանոթ ենք, թե ինչի է ընդունակ պարոն Քոչարյանը, և նոր փաթեթավորումը չի կարող թյուրիմացության մեջ գցել հանրությանը: «Ներել» բառը նրա լեքսիկոնում չկա: Նա այն մարդն է, որը Պողոս Պողոսյանի սպանվելուց հետո ասում էր՝ եթե ողջ լիներ, մի երկու բան կասեի: Այսինքն՝ անգամ սպանվելուց հետո Պողոսյանը չէր ներվել:

Ներելու հետ կապված ավելի թարմ դեպք. ընդամենը մեկ օր հետո այրվեց հերոսաբար ընկած զինծառայողի գերեզմանը, որի մայրը Քոչարյանին անիծելու հանդգնություն էր ունեցել:

Հ.Գ. Ներելու թեմային առնչվող սուբյեկտների համար երկու լուր ունենք: Մեկը՝ վատ, մյուսը՝ լավ:

Վատ լուրն այն է, որ Քոչարյանը իսկապես ոչ մեկին չի ներելու:

Լավ լուրն այն է, որ նա այլևս երբեք իշխանություն չի ունենալու, այսինքն՝ ինչ անի, հաստատ օրենքի անունից չի անելու:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1316 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ