Մարդիկ հետևում են Նիկոլ Փաշինյանի ամենօրյա գործունեությանը, փորձում են հասկանալ, թե ինչու է, օրինակ, վերջին 6 ամիսների ընթացքում Հայաստանի պարտքն ավելացել գրեթե մեկ միլիարդ դոլարով, ինչու են ոստիկանական պարեկները գիշեր-ցերեկ անիմաստ շրջում քաղաքում, ինչու են tik-tok-ի հերոսները նշանակվում պետական բարձր պաշտոնների և այլն, մի խոսքով՝ փորձում են վերլուծել նրա քայլերն ու ինչ-որ տրամաբանություն գտնել, և այդպես էլ ոչինչ չեն գտնում։ Իրականում այս ամենը հիշեցնում է Օսկար Իբրահիմովիչի արկածները գավառական Վասյուկի քաղաքում, երբ նա սկզբում բոցաշունչ ելույթով լվանում է մարդկանց ուղեղները (այն մասին, որ Նյու Վասյուկիում ապագա կա), հետո սկսում շախմատ խաղալ ու բնականաբար՝ տխմար քայլեր անել, քանի որ խաղալ չգիտի, իսկ շախմատասերները լրջորեն վերլուծում են նրա քայլերը ու մեկը մյուսին խորհուրդ տալիս հանձնվել, քանի դեռ ուշ չէ։
Նիկոլ Փաշինյանն, իհարկե, պետական կառավարումից կիլոմետրերով հեռու է, բայց դա նրան առանձնապես չի էլ հետաքրքրում։ Կարևորը՝ որ Բենդերի օրը չընկնի ու վերջում ծեծ չուտի, իսկ դրա համար անհրաժեշտ է ամրապնդել սեփական իշխանությունը։ Սա միակ հարցն է, որը նրան հետաքրքրում է, ու մեծ հաշվով՝ նա հենց դրանով էլ զբաղված է։ Ինչպես Լենինն էր ժամանակին ուզում «բանվորի տղից պրոֆեսորներ ձուլել», այնպես էլ ինքը հիմա պիտի կարիերիստ ջահել-ջուհուլներից ու tik-tok-ի հերոսներից հավատարիմ պաշտոնյաներ ձուլի, շիշ բռնողներից օլիգարխներ ու «ալրաղացի լյովիկներ» ձուլի, երբեմնի սկզբունքային ընդդիմադիրներից ու քաղակտիվիստներից հաճախորդներ ձուլի, «հեղափոխության պահապաններից» բանդաներ ու «սաքուլիկներ» ձուլի, և այսպես շարունակ։ Ոչ մի անձնական բան, միայն բիզնես։ Չէ, անձնական մոտիվները Փաշինյանի համար, իհարկե, կարևոր են։ Նա կպահանջի ասֆալտին փռել բոլոր նրանց, ովքեր իրեն հայհոյել են, կհրամայի հետապնդել բոլոր նրանց, ովքեր ժամանակին օգնել են իրեն, ումից ինքն ինչ-որ բան է սովորել կամ ում ինքն ինչ-որ բանի համար պարտական է, բայց սրանք ընդամենը իշխանության ընձեռած մանր-մունր ու հաճելի հնարավորություններն են, իսկ մեծ հաշվով՝ նրա նպատակն իշխանության ամրապնդումն է, որը լուրջ աշխատանք է։ Եվ այդ աշխատանքը թույլ չի տալիս տրվել էմոցիաներին։
Հենց սա է պատճառը, որ որքան էլ նա զուտ մարդկայնորեն տանել չկարողանա, ասենք, Սամվել Ալեքսանյանին կամ Խաչատուր Սուքիասյանին (աղքատ երիտասարդություն ունեցած մարդու սովորական անբարյացակամություն հարուստների նկատմամբ), միևնույն է՝ գիտի, որ ամուր իշխանություն ունենալու համար կամակատար օլիգարխներն անհրաժեշտ են։ Որքան էլ անձնական թշնամանք ունենա, ասենք, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, միևնույն է՝ գիտի, որ իր իշխանության ամրության կարևորագույն երաշխիքներից մեկը նրա նման մերժված ընդդիմադիր ունենալն է։ Գիտի, որ պետական կառավարման համակարգում ինքնուրույն կայացած մարդկանց ներկայությունը վտանգավոր է, այնտեղ պիտի լինեն բացառապես «ոչ մի տեղից հայտնվածները»՝ նրանք, ովքեր առանց իրեն ոչինչ էին ու իր հեռանալուն պես դարձյալ ոչինչ են դառնալու, հետևաբար՝ ցանկացած իրավիճակում ատամներով կպաշտպանեն իրեն։
Մի խոսքով՝ նա ուզում է դառնալ ճիշտ և ճիշտ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նման, ու եթե սահմանադրական կոստյումն իր հագով էր՝ ուզում է իր հագով դարձնել նաև քրեաօլիգարխիկ համակարգը, մարզային իշխանիկներին, դատաիրավական համակարգը և այլն։ Մնացած հարցերն ինչպես նախորդ երկուսին չէին հետաքրքրում, այնպես էլ իրեն չեն հետաքրքրում։ Այդ թվում՝ Արցախի հարցը, արտաքին քաղաքականությունը, պետական պարտքի ծավալները, բնակչության սոցիալական վիճակը, մի խոսքով՝ պետության ապագան։
Իսկ մարդիկ դեռ լուրջ դեմքով փորձում են նրա գործողություններում այլ տրամաբանություն գտնել։
Մարկ Նշանյան