Մսի արտադրության ծավալները կրճատվել են: Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2019 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին արտադրվել է 45 674.0 տոննա թարմ կամ պաղեցված միս: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արտադրվել է 47 882.0 տոննա:
Իսկ կաթի արտադրության ծավալներն աճել են: Նախորդ տարվա 4 021.6 հազար լիտր հեղուկ կամ մշակված կաթի փոխարեն այժմ արտադրվել է 5 698.1 հազար լիտր:
Պանիրը ևս շատ է պատրաստվել: 2019 թվականի հոկտեմբերի դրությամբ արտադրվել է 19 294.7 տոննա, իսկ նախորդ տարի նույն ժամանակ՝ 18 173.1:
Թթվասերի, կաթնաշոռի դեպքում ևս այս տարի աճ է գրանցվել:
Հացը նույնպես նախորդ տարվա համեմատ շատ է թխվում:
Հոկտեմբերի դրությամբ 226 797.1 տոննա թարմ հաց է թխվել, իսկ 2018-ին՝ 221 385.6:
Ավելացել են նաև մակարոնեղենի արտադրության ծավալները: Ընթացիկ տարում 4 538.4 տոննա է արտադրվել, անցյալ տարի՝ 4 111.3:
Շատ են արտադրվել նաև ալկոհոլային խմիչքներ: Օղու, լիկյորի և սպիրտային այլ խմիչքի ծավալներն այս տարի 4 359.8 հազար լիտր են կազմել, իսկ 2018-ին՝ 3 218.9:
Նախորդ տարի 24 207.7 հազար լիտրի կոնյակի դիմաց այս տարի 33 401.9 հազար լիտր է արտադրվել:
Հոկտեմբերի դրությամբ 9 591.4 հազար լիտր խաղողի գինի է արտադրվել, իսկ անցյալ տարի նույն ժամանակահատվածում՝ 6 850.1:
Չնայած նրան, որ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց փակ տարածքում ծխելն արգելելու մասին օրենքը, այդուհանդերձ, սիգարետի արտադրության ծավալներն աճում են:
Ըստ ԱՎԿ-ի՝ ընթացիկ տարում 27 097.1 մլն հատ սիգարետներ է արտադրվել, իսկ անցյալ տարի՝ 24 093.8:
10 ամիսներին հանրապետությունում արտադրվել են 26.2 տոննա գորգեր և գորգագործական արտադրատեսակներ, գորգեղեն, ինչը 2018 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 26.6 տոկոսով:
Նշենք, որ նախորդ տարվա հունվար-հոկտեմբերին հանրապետությունում արտադրվել է 20.7 տոննա գորգ:
Տրիկոտաժի արտադրության ծավալներն աճել են 2 անգամ:
10 ամիսների ընթացքում արտադրվել են 16 666.1 հազար զույգ զուգագուլպաներ, ռեյտուզներ, գուլպաներ, կիսագուլպաներ և այլ գուլպեղեն, իսկ 2018-ին՝ 8 135.0: