...

«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»՝ Ռոբերտ Քոչարյանի հետ

«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»՝ Ռոբերտ Քոչարյանի հետ

- Եվ այսպես, եթերում «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշոուի հերթական թողարկումն է, և այսօրվա մեր հյուրը Ռոբերտ Քոչարյանն է։ Բարև ձեզ, պրն Քոչարյան։

- Պրիվետ։

- Պրն Քոչարյան, փաստորեն ուզում եք դառնալ միլիոնատե՞ր։

- Ոչ թե դառնալ, այլ մնալ։

- Դրա համար պիտի ճիշտ պատասխանեք մի քանի հարցերի։

- Հա՞։ Բա քննիչի մոտ գնալուցս առաջ դատապաշտպանս հակառակն էր ասում։ Ասում էր՝ եթե ճիշտ պատասխանես բոլոր հարցերին՝ ունեցած-չունեցածիցդ կզրկվես։

- Չէ, մեզ մոտ այլ սկզբունքով է։

- Ի՞նչ այլ սկզբունք, պիտի «Իմ քայլը» հիմնադրամին փող փոխանցե՞մ։

- Չէ, չէ։ Եվ այսպես, առաջին հարցը։ Ո՞վ է գրել Թումանյանի «Գիքորը»։

- Ժյուլ Վեռնը։

- Չէ, խնդրում եմ մինչև վերջ լսեք։ Տարբերակ ա՝ Ջորջ Սորոսը, բ՝ Վլադիմիր Վլադիմիրովիչը, գ՝ Աբու Ալլահ Մահարին, դ՝ Հովհաննես Թումանյանը։

- Դե հիմա․․․ Եթե իմ իմացած Գիքորն ա՝ Սորոսն ա գրել, բայց ես ո՞նց կարամ արտասանեմ «Վլադիմիր Վլադիմիրովիչը սխալ տարբերակ ա» նախադասությունը․․․ Հարցը փոխեք։

- Լավ։ Երբ դուք 1998-ին եկաք Հայաստան, ունեիք ընդամենը մեկ․․․ տարբերակ ա՝ նպատակ, բ՝ շալվար, գ՝ միլիոն, դ՝ «Զապարոժեց»։

- Էս ի՞նչ բարդ հարցեր եք տալիս։

- Օգնության տարբերակներ ունեք։ Օրինակ՝ «Սաշիկ»։

- Էդ ո՞րն ա։

- 50-50։ Համակարգիչը հեռացնում է երկու սխալ տարբերակները և թողնում միայն երկուսը։ Այսպիսով, համակարգիչը հեռացրեց «միլիոն» և «Զապարոժեց» տարբերակները։ Դուք ոչ միլիոն ունեիք, ոչ «Զապարոժեց»։ Ճիշտ պատասխանը․․․

- Բայց տակը մնացած երկու պատասխաններն էլ ճիշտ են, ես միայն մի շալվար ունեի և մի նպատակ։

- Լավ, անցնենք ավելի բարդ հարցերին։ Որտե՞ղ է տեղի ունեցել Ավարայրի ճակատամարտը։ Տարբերակ ա՝ ՏԷՑ-ի կռուգ, բ՝ «Պապլավոկ», գ՝ Մյասնիկյանի արձանի մոտ, դ՝ Ավարայրի դաշտում։

- Տենց բաներից դաշնակներն են լավ, սպասի զանգեմ էն ջահելին․․․ անունը ինչ է՞ր․․․ էն որ հետս թուղթ էր ստորագրում․․․ էն որ միստր Բինի նման ա․․․ Չնայած՝ նա զբաղված կլինի, էս ժամերին վազում ա։ Բայց ախր էդ ի՞նչ հարցեր եք տալիս, ես ռուսական դպրոց եմ ավարտել։

- Լավ, ևս մի հարց։ Ո՞րն է ձեր նախընտրած քաղաքական գործիքը։ Տարբերակ ա՝ չագուչ, բ՝ կլիզմա, գ՝ «Չերյոմուխա», դ՝ մի խումբ ռոմանտիկներ։

- Հի-հի․․․ Լավ հարցեր եք տալիս, դուրըս էկավ։ Ինչքան պիտի տայի, միլիո՞ն։ Հաղորդումից հետո անցեք մեր նախընտրական շտաբ, մի բան կանենք։

- Շնորհակալություն։

ՎԱՐԿԱՆԻՇ

   99222 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ