...

Ո՞վ է Պոզներին 200 հազար դոլար վճարել

Ո՞վ է Պոզներին 200 հազար դոլար վճարել

Վերջին օրերին համացանցում մի տեղեկություն էր տարածվում, որ Ռոբերտ Քոչարյանը Վլադիմիր Պոզներին իր հետ հարցազրույց անելու համար 200 հազար դոլար է տվել: Թեպետ տեղեկատվության աղբյուրն իքի-բիր մակնիշի ինչ-որ կայք էր, բայց իշխանության համախոհներն այն ակտիվորեն տարածում էին, բնականաբար՝ համապատասխան մեկնաբանություններով, Քոչարյանին ցեխը կոխելով, դավաճան, բան-ման պիտակավորումներով:

Բայց երբ Քոչարյանի այդ հարցազրույցը դիտում ես, ակամա կասկածներ են առաջանում, որ իրականում Նիկոլ Փաշինյանն է 200 հազար դոլար տվել Պոզներին՝ Քոչարյանի հետ հարցազրույց կազմակերպելու համար:
Ձեզ բան ենք ասում. եթե Փաշինյանը մտադիր է խորհրդարանական այս ընտրությունների միջոցով պահպանել իշխանությունը, ապա ավելի լավ տարբերակ, քան՝ որպես հիմնական հակառակորդ ունենալ այսպիսի Քոչարյանի, դժվար է պատկերացնել: 

Քոչարյանի հարցազրույցից հետո համացանցում արձագանքներին էինք հետևում: Ինչքան չեզոք, ապաքաղաքական, Նիկոլից պայթող, և՛ իշխանությանը, և՛ նախկիններին չընդունող քաղաքացիներ, ուժեր կային, Քոչարյանի դեմ են արտահայտվում: Սա դեռ՝ մեղմ ասած: Նիկոլ, իշխանություններ, Ղարաբաղ, Շուշի, գերի, ձվեր... այդ բոլորը երկրորդական թեմաներ դարձան: Սա ո՞ւմ էր ձեռնտու. իհարկե՝ Նիկոլ Փաշինյանին: Դա հարցազրույց չէր, դա նվեր էր Նիկոլ Փաշինյանին: 50 րոպեի ընթացքում Ռոբերտ Քոչարյանն այնպիսի բաներ ասաց, որ ահագին մարդ ասում է՝ ախպեր, չէ, շուն է, գել է, բայց մենակ ոչ սա: 

Իմիջիայլոց, շատ քոչարյանականներ էլ գրել են, թե Քոչարյանի հարցազրույցը Պոզների հետ ավելի լավն էր, Քոչարյանն ավելի պատրաստված էր, քան Սերժ Սարգսյանը, երբ վերջինս Պոզներին հարցազրույց տվեց տարիներ առաջ: Մեկը նույնիսկ գրել էր, թե Սերժին 10:0 արեց, մաստեր-կլաս ցույց տվեց: Կարող ենք ասել, որ Սերժ Սարգսյանը, թեպետ Պոզների հետ հարցազրույցում մի շարք «կիքսեր» թողեց, բայց հազար անգամ ավելի արժանապատիվ կեցվածք դրսևորեց, ավելի հավասարակշռված էր խոսում, քծնանքի դոզայի տակ չէր:

Մի խոսքով, մինչև ընտրությունները Նիկոլը Քոչարյանի համար մի հատ նման հարցազրույց կազմակերպի, այս անգամ՝ Յուրի Դուդի հետ, իր բոլոր հարցերը կլուծի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1406 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ