Նոյեմբերի 7-ին Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ անդրադարձավ «խաղաղության օրակարգին» ու փորձեց ներկայացնել, թե ինչպես է ինքը պատկերացնում հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան ու դեմարկացիան, կոմունիկացիաների ապաշրջափակումը և այլն։ Մի կողմ թողնենք նրա ռոմանտիկ պնդումները 20-30-ական թվականների քարտեզների մասին, այն մասին, որ քարտեզները թղթի վրա էին, թուղթը մաշվում էր, դրա համար էլ վերատպում էին (ոչինչ, որ այդ «վերատպումների» արդյունքում 50 տարվա ընթացքում Խորհրդային Հայաստանի տարածքը նվազել է մոտ 2000 քառակուսի կիլոմետրով), և այլն։ Սրանք ընդամենը «դետալներ» են, որոնք տեսականորեն կարող են դառնալ բանակցությունների առարկա, եթե այդ բանակցություններն ընդհանրապես տեղի ունենան։ Շատ ավելի կարևոր է բուն «խաղաղության օրակարգը»։
Ըստ երևույթին վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանն այնուամենայնիվ սկսել է որոշ բաներ հասկանալ։ Ամիսներ առաջ նա հայտարարում էր, թե Հայաստանը տարածաշրջանում տևական խաղաղության դարաշրջան է բացում (կարծես թե բացել-չբացելը Հայաստանի որոշելիքն էր), իսկ հիմա ասում է, որ դա միայն մեզանից չի կախված, և մենք պետք է փորձենք այնպես անել, որ խաղաղությունը դառնա նաև տարածաշրջանի մյուս երկրների օրակարգը։ Մի խոսքով՝ «եթե բոլորի համար վատ է, պետք է այնպես անել, որ բոլորի համար լավ լինի» (եթե հիշում եք, ժամանակին Նիկոլ Փաշինյանի հենց այս հանճարեղ միտքն էր օրեր շարունակ դարձել ռուսաստանյան լրատվամիջոցների ծաղրուծանակի առարկան)։
Լավ, բայց ինչպե՞ս անել, որ խաղաղության հաստատումը դառնա նաև տարածաշրջանի մյուս երկրների օրակարգը։ Օրինակ՝ Ռուսաստանի ինչի՞ն է պետք կայուն և տևական խաղաղությունը։ Հակառակը՝ Ռուսաստանին մեր տարածաշրջանում իր ներկայությունն ամրապնդելու համար անհրաժեշտ են հայ-ադրբեջանական լարվածության հնարավորինս շատ օջախներ։ Պայմանով, իհարկե, որ այդ օջախներում իրավիճակը վերահսկեն իրենց խաղաղապահները կամ սահմանապահները։ Իսկ կայուն և տևական խաղաղության դեպքում դրա անհրաժեշտությունը չի լինի։ Կամ, ասենք, Ադրբեջանի ինչի՞ն է պետք խաղաղությունը։ Որպես կանոն՝ խաղաղությունն անհրաժեշտ է լինում նրանց, ում համար պատերազմն իրական սպառնալիք է ու կարող է կործանարար լինել, իսկ այսօր ոչ Հայաստանի կողմից նման սպառնալիք կա, ոչ էլ Ռուսաստանն է հարձակվելու Ադրբեջանի վրա։ Թուրքիային նույնպես այդ խաղաղությունը պետք չէ։ Արցախը Թուրքիային առանձնապես չէր հետաքրքրում, Սյունիքն էր հետաքրքրում, իսկ այդ հարցը չի լուծվել, և, իրենց պատկերացմամբ, կարող է լուծվել միայն նոր պատերազմի միջոցով։ Ուրեմն էլ ի՞նչ խաղաղություն։ Առավել ևս, որ Թուրքիան, մտնելով Ադրբեջան, դարձել է փաստացի Ռուսաստանին անմիջականորեն սահմանակից պետություն և դրանով իսկ մեծացրել իր նշանակությունը ՆԱՏՕ-ի համար։
Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը կարծես թե հասկացել է պրոբլեմը, բայց դեռևս չի հասկացել, որ դրա լուծումն իրենից չի կախված, հետևաբար՝ չարժե նորանոր զիջումների գնալ հանուն դրա լուծման։ Նա մինչև հիմա կարծում է, թե հնարավոր է զիջումների միջոցով բավարարել թշնամիների ախորժակը, իսկ եթե չի ստացվում՝ ուրեմն պետք է էլի՛ ինչ-որ բան զիջել, եթե նորից չստացվի՝ զիջել ավելին, և այդպես շարունակ։ Մինչև տարածաշրջանի մյուս երկրները հասկանան, որ նման անմեղսունակությունն արդեն սպառնում է նաև իրենց շահերին, ու մեր փոխարեն սկսեն պաշտպանել մեր շահերը։
Եթե սա է Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը, ապա մենք արտաքին քաղաքականություն չունենք։ Որովհետև արտաքին քաղաքականություն ունենում են միայն ինքնիշխան պետությունները։
Մարկ Նշանյան