...

Ոռոգման համակարգերի ներդրման երկամյա ծրագիր՝ Գնիշիկում

Ոռոգման համակարգերի ներդրման երկամյա ծրագիր՝ Գնիշիկում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), «Էկո գյուղերի ցանց» ծրագրի շրջանակում, երկամյա ծրագրով լուծել են սահմանամերձ Գնիշիկի ոռոգման ջրի խնդիրը: 2018-2019թթ. ընթացքում, զրոյից կառուցվել է ոռոգման արդյունավետ համակարգ, որի գործարկումից հետո ջուրն առանց հոսակորուստի հասնում է գյուղացուն: Ջուրը ներքին ցանցով  գյուղի սկզբնամասից մատակարարվում է յուրաքանչյուր տուն կամ  տնամերձ այգի:  Նոր ներքին ցանցը հնարավորություն է տալիս նաև կարգավորել ջրի հոսքն ու այն օգտագործել ըստ անհրաժեշտության և առաջնահերթության՝ կարգավորելով բաժանման հանգույցների և անհատական փականների միջոցով:

2019թ.-ին, Գնիշիկի հանդիպակաց լեռան ստորոտում կառուցվել է 500մ երկարությամբ նոր ջրատար` ջրի քանակն ավելացնելու համար: Ջուրն աղբյուրից ինքնահոսով հասցվել է բնակավայր և միացվել հիշյալ ոռոգման ներքին ցանցին: Արդյունքում, բնակավայրի ստորին հատվածի տնամերձ հողակտորները կարող են ոռոգվել շուրջօրյա, իսկ ջրի նախկին աղբյուրից կօգտվեն համայնքի բարձրադիր հատվածներում գտնվող տնամերձ հողակտորները:

Ընդհանուր առմամբ, երկու տարվա աշխատանքի արդյունքում, կառուցվել է մոտ 1500մ երկարությամբ ջրագիծ, երեք բաժանարար հանգույց և  անհատական միացման 25 կետ:

«Եթե ցանկանում ենք օգնել գյուղացուն, ապա պետք է նրա համար ստեղծենք ապրելու և հողի հետ աշխատելու հնարավորություն: Առավել ևս՝ սահման պահողների համար: Մենք գիտակցում ենք դա ու նաև այն, որ այդ ամենի համար անհրաժեշտ են ոչ միայն ներդրումներ, այլև համբերություն, ճիշտ պլանավորած աշխատանք, նվիրում ու ջանքեր: Տարիներ առաջ, այս բնակավայրում չկային ենթակառուցվածքներ և կենցաղավարության տարրական պայմաններ: Ուրախ եմ արձանագրել, որ համատեղ ջանքերի արդյունքում, մեզ հաջողվել է լուծել կարևոր հարցեր: Մենք դրան հասել ենք տարիների ընթացքում, որպեսզի սահմանամերձ հերթական գյուղն ապրի առավել հանգիստ կյանքով: Ուզում եմ հավատալ, որ այս ցանկությունը լիարժեք իրատեսական հիմքեր ունի»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Երկամյա ծրագրի արդյունավետությունն զգում են նաև Մոզրով բնակավայրի բնակիչները: Տարիներ շարունակ, Մոզրովի ընդհանուր օգտագործման ջրագիծը ծառայել է նաև գնիշիկցիների այգիների ոռոգման համար՝ խնդիր ստեղծելով հարևան բնակավայրում: Այժմ կարգավորվել է նաև այդ խնդիրը: Գնիշիկի այգեգործության համար լիովին բավարար ջուր կա: Ավելին, այդ նպատակով Մոզրովի ջրագծից սպառվող ջրի քանակը կրճատվել է շուրջ 70%-ով: Մոզրովի ջրամատակարարման համակարգը նույնպես բարելավելու նպատակով՝ գործընկեր կառույցներն իրականացնում են ևս մեկ ծրագիր: Աշխատանքներն ընթացքում են: Նախատեսվում է  դրանք ավարտին հասցնել  մինչև տարեվերջ:

Ի դեպ, կայացել է նաև «Գնիշիկ այցելուների կենտրոնի» (Gnishik Visit Center) բացման արարողությունը, որը կառուցել է   Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը՝ (FPWC) , ՎիվաՍել-ՄՏՍ-ի, «World Land Trust» կազմակերպության և FPWC-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Հայգ Բալյանի աջակցությամբ։ Կենտրոնը կարևոր դեր կունենա համայնքի զարգացման, էկո-զբոսաշրջության ակտիվացման, կենսաբազմազանության պահպանման և գիտական աշխատանքներ կատարելու առումով: 

Այցելուների կենտրոնում կգործի նաև հայ բուսաբան-կարգաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլեոնորա Գաբրիելյանի անվան գրադարանը, որի հիմնական ուղղվածությունը կլինի բուսական աշխարհը և դրան վերաբերվող ուսումնասիրությունները։ Քանի որ համայնքն ունի հարուստ կենսաբազմազանություն Կենտրոնի հիմնական նպատակներից է հայկական բնաշխարհի յուրահատուկ տեսակների ուսումնասիրմանն ու պահպանությանը նպաստելը՝ տարածքում ներգրավելով նաև օտարերկրյա ուսանողներ և ոլորտի մասնագետներ։ 

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Գնիշիկում համատեղ ծրագրեր են իրականացնում 2015 թվականից: Հինգ տարվա ընթացքում, համագործակցության շնորհիվ՝ հաջողվել է լուծել բնակավայրի խմելու և ոռոգման ջրի, լուսադիոդային (LED) համակարգով գործող՝արտաքին լուսավորության և գյուղտեխնիկայի բացակայության խնդիրը:

«Էկոգյուղերի ցանց» ծրագրի մասին

էկոգյուղերի ցանցը ներառում է գյուղեր Հայաստանի ամբողջ տարածքից, որտեղ տեղական մասնակցային գործընթացների միջոցով սոցիալական, մշակութային, տնտեսական և բնական միջավայրի վերականգնմանն ուղղված ծրագրեր են իրականացվում:

Էկոգյուղերի հայեցակարգի hիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական ուղղությունների՝ մասնակցային և համընդգրկուն նախագծման միջոցով ինտերգրումն է: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Էկոգյուղերի համաշխարհային ցանցի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

FPWC-ի մասին

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում  է 2002թ-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է։

Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։

Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5351 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ