...

Ոստիկանություն չէ, այլ գանձ

Ոստիկանություն չէ, այլ գանձ

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Տեղեկություններ կան, որ որոշ գործատուներ, իրենց լծակներն օգտագործելով, աշխատողներին պարտադրում են մասնակցել հանրահավաքներին։

Հայտնում ենք, որ նման պարտադրանքը մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործություն է՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի (Մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտելը) հատկանիշներով և պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Կոչ ենք անում ձեռնպահ մնալ այդպիսի ձեռնարկներից, իսկ քաղաքացիները, որոնք բախվել են նման երևույթի, կարող են դիմել ոստիկանություն կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով»։

«ՉԻ». Ոստիկանություն չէ, այլ գանձ: Տեղեկություններ ունեք, ստուգեք, եթե կհաստատվեն՝ ձերբակալություններ կատարեք և տեղեկացրեք հասարակությանն ու հատկապես այն մարդկանց, որոնք զբաղված են ձեր մատնանշած հանցագործությունները կազմակերպելով:

Թե չէ՝ ունենք տեղեկություններ: Հո դուք լրատվամիջոց չե՞ք, որ հղում եք անում անանուն աղբյուրին ու լուր տալիս: Բացի այդ, ձեր քաղաքական ղեկավարությունը ձեզ չի՞ ասել, որ այսուհետ անանուն աղբյուրին հղում չտաք:

Այսպիսի անատամ, առանց ապացուցողական կոնկրետ բազայի հայտարարություններ տարածելը ոչ միայն չի կանխում, այլև մի բան էլ օժանդակում է, քանի որ տեսնում են, որ անպատիժ են մնալու:

Անցյալ տարվա դեկտեմբերի 12-ի հանրահավաքին մեծաթիվ մարդիկ մասնակցեցին ստիպողաբար. քանիսի՞ դեպքում քրեական գործ հարուցվեց, քանիսի՞ն պատասխանատվության ենթարկեցիք: Ոչ մեկին: Այնպես որ՝ դուք պակաս մեղավոր չեք, որ մարդկանց ստիպում են մասնակցել այս կամ այն միջոցառմանը: Երբ պետությունը չի պաշտպանում իր քաղաքացիների իրավունքները, միշտ էլ կգտնվեն խմբեր, որոնք իրենց նպատակների համար կոտնահարեն այդ մարդկանց իրավունքները: Խեղճ պետության քաղաքացի լինելու հետևանք է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   577 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ