...

Ոստիկանությունից և ԱԱԾ-ից լուրջ քայլերի սպասումով

Ոստիկանությունից և ԱԱԾ-ից լուրջ քայլերի սպասումով

Այսօր ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական համարելու օրենքի նախագիծը:

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից և դրանք համարել քաղաքական պաշտոններ՝ այդ աշխատատեղերում նշանակվող անձանց համար ևս սահմանելով պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:

Օրենքի նախագիծը Ազգային ժողովի նիստում, ինչպես նաև՝ խորհրդարանում, բուռն քննարկումների արժանացավ: Մեր կարծիքով, սա ճիշտ որոշում էր, նույնիսկ՝ ուշացած: Թե՛ ոստիկանությունը, թե՛ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է քաղաքական դեմքեր ղեկավարեն, նրանք պետք է ներկայացնեն իշխող քաղաքական ուժը և քաղաքական պատասխանատվություն կրեն իրենց գործունեության համար: 

Հենց քաղաքական գործիչները պետք է մշակեն, ներկայացնեն իրենց ոլորտի զարգացման, կենսունակության, մեր դեպքում՝ առողջացման ռազմավարությունը, ուղղորդեն կառույցի աշխատանքները: Մի բան, որը շատ դժվար է պահանջել Արթուր Վանեցյանից կամ Վալերիյ Օսիպյանից: Նրանց կարելի է համարել լավ կադրային սպաներ, համակրելի մարդիկ, միգուցե, բայց ոչ՝ քաղաքական դեմքեր:

Ասվածի ամենավառ օրինակը Վանո Սիրադեղյանն էր, որը 1990-ականների սկզբներին նշանակվեց Ներքին գործերի նախարար, և շատ կտրուկ, առաջին հերթին՝ քաղաքական քայլերի, քաղաքական կամքի շնորհիվ կարողացավ կարճ ժամանակահատվածում Հայաստանը մաքրել քրեական բազմաթիվ հեղինակություններից, երկրում քրեածին իրավիճակը կայունացնել, այն դարձնել վերահսկելի և արդյունքում այդ տարիներին հետխորհրդային տարածքում ամենահանգիստ վիճակը Հայաստանում էր: 

Եվ դրան հակառակ՝ ունեցել ենք ոստիկանապետեր, որոնք համակարգից էին նշանակվել, և մեր երկում իսկական բեսպրեդել էր: Հայկ Հարությունյանը, Ալիկ Սարգսյանը... ընդամենը կադրային սպաներ էին, որոնք նույնիսկ ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակ չէին, կամ, քաղաքական դիրքորոշում չունեին, իրենք հրաման կատարողներ էին, կասեին՝ այս գործը բացահայտեք, կբացահայտեն, ասեին՝ կոծկեք, կկոծկեին:

Ի դեպ, նույնը վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարարությանը: Թող տարօրինակ չթվա, բայց երբ Սերժ Սարգսյանը ՀՀ ՊՆ նախարար նշանակեց Վիգեն Սարգսյանին, դա քաղաքական տեսանկյունից նորմալ նշանակում էր: Չենք քննարկում, Վիգեն Սարգսյանը լավ ղեկավար էր, թե՝ ոչ, բայց նա քաղաքական դեմք էր, և իր պաշտոնավարման ընթացքում հենց այդ դիրքերից էր գործում:

Հիմա արդեն ԱԱԾ-ն մնաց առանց Արթուր Վանեցյանի: Հավանաբար, կփոխվի նաև Վալերիյ Օսիպյանը: Ովքեր նրանց կփոխարինեն, դեռ պարզ չէ, բայց ով էլ լինի, պարտավոր է շատ արագ քայլեր ձեռնարկել՝ Հայաստանում ակտիվացած քրեական տարրերի «գամերը» քաշելու, կոռուպցիայի դեմ իրական պայքար տանելու, Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք ապօրինի հարստացած պաշտոնյաներին ջրի երես հանելու և այլ, բազմաթիվ հարցեր, որոնք պետք է լուծվեն: 

Թե չէ ինչի՞ է նման, որ Քոչարյանի վարձկանները ոստիկանների, լրագրողի աչքի առջև, դատարանի շենքի մոտ մարդ են ծեծում, ոտքը կոտրում կամ շշով հարվածում քաղաքացու գլխին, ու ոչ մի բան, ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում: Որովհետև Վալերիյ Օսիպյանը չունի քաղաքական համոզմունքներ, կամք. հատկանիշներ, որ հրամայի «ասֆալտին փռել» նման խուլիգաններին:

Այսպիսի բան չպետք է լինի: Ոնց որ նախկին ժամանակները լինեն: Երբ ընդդիմության հանրահավաքներին Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ ոստիկանների աչալուրջ հսկողության ներքո քրեական հանցագործներին, թաղի խուժանին «քսի» էին տալիս ակտիվիստների, ցուցարարների, լրագրողների դեմ (հատկապես այդ խուժանը աչքի ընկավ 2003թ. ապրիլի 5-ին, երբ տասնյակ քաղաքացիների ու լրագրողների արյունլվա լինելու աստիճան ծեծեցին):

Կոնկրետ «ՉԻ» լրագրողները տասնյակ անգամ բռնությունների են ենթարկվել, գոնե մի հոգի չի պատժվել: Հիմա սպասենք, տեսնենք, սա լուրջ փոփոխությունների կբերի՞ ուժային կառույցներում, թե՞ ընդամենը հերթական թավշյա փոփոխությունն էր:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5686 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ