...

Ով պաշտոնյա չէ, նա կհիվանդանա

Ով պաշտոնյա չէ, նա կհիվանդանա

Կառավարության նիստի չզեկուցվող նախագծերի թվում ընդգրկված հարցերից մեկով փոփոխություն է կատարվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում: Այդ օրենքով պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց և նրանց ընտանիքի անդամներին տրամադրվում էր սոցիալական փաթեթ, որով սահմանված ծառայությունները, ըստ օրենքի, սահմանում է կառավարությունը:

Իսկ այժմ կառավարությունը որոշել է արդեն գործող ծառայություններին ավելացնել ևս մեկը՝ մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից անվճար օգտվելու հնարավորությունը՝ դա հիմնավորելով նրանով, որ այն կնպաստի պաշտոնյաների ու պետական ծառայողների ընտանիքների «առողջ ապրելակերպի ձևավորմանը և ֆիզիկական կոփմանը»:

«ՉԻ». Ծափահարել է պետք, որ իշխանություններն այսպես մտածում են մեր իշխանավորների ընտանիքների մասին: Շատ կարևոր է, որ այդ ընտանիքի անդամները առողջ ու ֆիզիկապես կոփված լինեն: 

Իսկ ովքեր պաշտոնյաների ընտանիքի անդամ չեն, դե, ինչ արած, թող շարունակեն լինել հիվանդ, ֆիզիկապես տկար, կամ էլ գնան, պաշտոն կպցնեն, խցկվեն պետական համակարգ: Եթե ձևերը չգիտեն, կարող ենք հուշել:

Բայց կառավարությունը չպետք է այսքանով բավարարվի: Պետք է օրենքում նոր լրացումներ արվեն, որոնց համաձայն՝ օրենքով պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց և նրանց ընտանիքի անդամներին՝ յուրաքանչյուրին պետք է անվճար ավտոմեքենա տրվի՝ բենզինով, բանով: Որովհետև եթե քայլեն, կհոգնեն: Իսկ եթե հոգնեն, դա կազդի նրանց առողջ ապրելակերպի ձևավորման և ֆիզիկական կոփման վրա:

Տեսնո՞ւմ եք, ինչ լավ բան է պաշտոնը. կյանքը՝ հեշտ, ապրուստը՝ ձրի:

Հ.Գ. Սա գրեցինք, պրծանք, մեկ էլ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում տվեց, որ սոցփաթեթի շահառու են հանդիսանում ոչ միայն պետական կառավարման համակարգի աշխատողները, այլ նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների, գրադարանների, թանգարանների, համերգային կազմակերպությունների, թատրոնների և մի շարք այլ կազմակերպությունների աշխատողներ:

Հարկ է նշել, որ սոցփաթեթի շահառու չեն հանդիսանում քաղաքական, պետական վարչական պաշտոն զբաղեցնող և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք»:

Հարց է առաջանում. այդ դեպքում ինչո՞ւ է այս նախագիծը կառավարության օրակարգում քննարկվել փակ ռեժիմով: Սրա ի՞նչն է գաղտնի: Դժվա՞ր էր հենց սկզբից ներկայացնել խնդիրը, որ թյուրըմբռնումներ չլինեին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   836 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ