...

Ուրացողություն՝ առանց սահմանների

Ուրացողություն՝ առանց սահմանների

Այսօր Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը մամուլի ասուլիսում հայտարարեց, թե Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, ՀՀ այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունը Արցախի հարցի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականության շարունակությունն է:

Պրեֆերանս խաղում այսպիսի արտահայտություն կա. «Չունես ոչինչ, խաղա քյարփինջ»: Արդեն 30 տարի է, քաղաքական դաշտում մարդիկ իրենց գաղափարական սնանկությունը, համոզմունքների բացակայությունը, տգիտությունը քողարկելու ամենահարմար տարբերակը շարունակում են կիրառել: Եթե մարդը ասելիք չունի, մեջը դատարկ է, ուրեմն պետք է խոսի Լևոն Տեր-Պետրոսյանից: 

Հարցնում են տնտեսությունից, թե բա՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, հայ-թուրքական հարաբերություններ՝ էլի Լևոնը, ու այսպես շարունակ: ՀՀ Առաջին նախագահն այսօր ակտիվ քաղաքականությամբ չի զբաղվում, երկրի ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանն է, որի դեմ մի ամբողջ պատերազմ են հայտարել քոչարյանական-սերժական քարոզչամեքենան ու նրանց սպասարկող վարձկանները: Ու հիմա գնալով շատանալու են այդ զառանցանքները, թե Նիկոլ Փաշինյանը Տեր-Պետրոսյանի կադրն է, հետո՝ Արցախի հարցում տարվող քաղաքականության շարունակողը, շուտով կասեն, որ Նիկոլը Լևոնի հետ թաքուն հանդիպում է, քննարկում Արցախը ծախելու հնարավորությունները:

Վիտալի Բալասանյանն էլ համալրեց այդ վարձկանների շարքը: Մենակ չասեն, ամոթ է, Արցախի հերոս է, սա է, նա է. Վիտալի Բալասանյանն իր ռազմական անցյալը մի քանի օրում փոշիացրեց. նախկին հերոսը դարձել է էժանագին բամբասչի, ու թե ամաչելու բան կա, մենք պիտի ամաչենք, որ նման հերոսներ ենք ունեցել: 

Այսօր նաև այս «հերոսը» (իսկ մենք այլևս չենք կարող առանց չակերտների նրան հերոս համարել), նաև հայտարարել է Քոչարյան-Սերժ Սարգսյան տանդեմի հաջորդ թեզը. թե Աղդամը թաքուն են գրավել, որ Տեր-Պետրոսյանը չիմանա, որ Առաջին Նախագահը դեմ էր: Քելբաջարն էլ են թաքուն գրավել, դա էլ պարզվեց:

Ընդամենը օրեր առաջ ուշագրավ մի տեսանյութ հրապարակվեց, որտեղ Վազգեն Սարգսյանը պատմում էր, թե ինչ քայլերի է գնացել Լևոն Տեր-Պետրոսյանը արցախյան պատերազմում մեր բանակին զենք-զինամթերքով ապահովելու համար, և ինչ արդյունքների է դա բերել:

Սպանես, Վիտալի Բալասանյանն այս մասին ծպտուն չի հանի: Իրեն հարցնես, կպատասխանի, որ զենքերը իրենք իրենց էին Արցախ հասնում, որ հակաօդային պաշտպանության համակարգերը թաքուն են բերել, օրինակ՝ Բրազիլիայից, որ ռազմական ուղղաթիռները, տանկերը, դիզվառելիքը հողի միջից էին հանում: Ամեն ինչ կասի, միայն թե հանկարծ չնկատի Տեր-Պետրոսյանի ու նրա թիմի ավանդը արցախյան հերոսամարտում: Ուրացողության այս ալիքը մարդկանց դրդում է նման անբարո վարքագծի: Մինչև վերջին խազը սրանք ուրանալու են ամեն ինչ, ոչ մի սրբություն հաշվի չեն առնելու:

Մեկնումեկդ տարեք ու Վիտալի Բալասանյանին ցույց տվեք, թե ինչպես էին ժամանակին իրենք օրհնում Տեր-Պետրոսյանին՝ պատերազմի հաղթանակների համար: Տեսեք, թե Քոչարյանը 1996 թվականի սեպտեմբերին ինչ էր ասել, մեջբերենք.

«Այսօր ԼՂՀ-ն կայացած հանրապետություն է, որն ունի ինքնուրույն տնտեսություն, մարտունակ բանակ, ներքին կայուն իրավիճակ և հարգանք միջազգային հանրության կողմից: Մեզ համար պարզ է, որ այս ամենը դժվար թե լիներ, եթե մեր թիկունքում չլիներ Հայաստանը: Մի քանի օրից մենք կնշենք նաև Հայաստանի անկախության հռչակման 5-ամյակը, և ես կուզեի շեշտել Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ներդրումը մեր բոլոր հաջողություններում: Առանց նրա հստակ դիրքորոշման, առանց փոխհամաձայնեցված քաղաքական քայլերի, մենք դժվար թե կարողանայինք ունենալ այն, ինչ ունենք: Դա ԼՂ-ում հասկանում են բոլորը, և ինձ թվում է, որ Հայաստանում և սփյուռքում նույնպես»:

Մեզ դժվարությամբ ենք զսպում, որպեսզի ավելի կոշտ բառեր չասենք նման ուտող-ուրացող մարդկանց հասցեին: Դա թողնենք Մարինա Պողոսյանին, նրա մոտ լավ է ստացվում:

Իսկ ամենադիպուկը սրանց մասին Վանո Սիրադեղյանն է ասել. «Ընկերոջ ուրացողությունն ավարտվում է հայրենիքի ուրացողությամբ»:

Հ.Գ. 2012 թվականի Արցախի ընտրությունների նախաշեմին, որպես Արցախի նախագահի հիմնական մրցակից թեկնածու՝ Վիտալի Բալասանյանը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում ՀՀ ղեկավարներից միայն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ՝ 1995 թվականին Արցախում արված լուսանկարն էր տեղադրել:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   7835 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ