Երբ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հպարտանում է մեր պարտությամբ, շատերը դա գնահատեցին ընդամենը որպես անհաջող հռետորական հնարք, մինչդեռ մարդն ըստ էության անկեղծորեն խոստովանում էր, որ գիտակցաբար է երկիրը տարել պարտության։ Երբևէ լսե՞լ եք, որ ինչ-որ մեկն ասի «ես հպարտ եմ, որ բոլորիդ գցեցի փոսը»։ Դա հնարավոր է միայն մի դեպքում՝ եթե այդ մարդու նպատակն ի սկզբանե բոլորին փոսը գցելն է եղել, որովհետև ցանկացած այլ պարագայում այդտեղ հպարտանալու բան չկա։
Իշխանությունները հիմա էլ են շարունակում հպարտանալ, և դա անում են այնքան հետևողականորեն ու բացահայտ, որ տպավորություն է ստեղծվում, թե ամեն ինչ նախօրոք պլանավորված է։ Ե՛վ Հայաստանի «ամայի-անբնակ սարերի» պաշտպանությունն անիմաստ համարելը (որպեսզի մարդիկ կամաց-կամաց համակերպվեն, որ անգամ խորհրդային Հայաստանի սահմանները կարող են փոխվել, ու չարժե դրանից մեծ ողբերգություն սարքել), և՛ Ալեն Սիմոնյանի՝ հունական գերթանկարժեք հանգստավայրերում համարյա ծիսական «տժժալը» (որպեսզի մարդիկ «թարգեն» հայրենիք-պետություն-սահմաններ կարգի հարցերով մտահոգվելն ու համարեն, որ ճիշտը կյանքը վայելելն է), և՛ Նիկոլ Փաշինյանի այցը թուրքական տնտեսական էքսպանսիայի խորհրդանիշ Բաթում, և՛ Անկախության 30-ամյակի «գունագեղ միջոցառումները», որոնց համար անհրաժեշտ սարքավորումները ասես հատուկ ծիսակարգով Հանրապետության հրապարակ են բերվում թուրքական բեռնատարներով (հաստատ կարող էին ուրիշ բեռնատարներ գտնել կամ գոնե օրը ցերեկով չանել)։
Այս ամենին զուգահեռ ադրբեջանցիները «մաքսակետ» են տեղադրում Կապան-Գորիս ճանապարհին, հայ-իրանական տրանսպորտային հաղորդակցությունը վտանգվում է, իսկ Հայաստանի իշխանություններն օլիմպիական հանգստությամբ հայտարարում են, թե դե հա, դա մեր կյանքը կբարդացնի, բայց իրենց տարածքն է, ի՞նչ կարող ենք անել։ Ու հիմնավոր կասկածներ են առաջանում, որ Ադրբեջանի այդ քայլը նույնպես նախօրոք համաձայնեցված է եղել Հայաստանի իշխանությունների հետ։ Թե ինչու՝ փորձենք բացատրել։
Բանն այն է, որ վերջին տասնամյակների ընթացքում մեր տարածաշրջանում երկու առանցք է ձևավորվել․ հյուսիս-հարավ՝ Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան, և արևմուտք-արևելք՝ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան։
Ժամանակին մեր արտգործնախարարներից մեկին Արևմուտքում նույնիսկ նեղել էին, որ չնայած Իրանի դեմ կիրառվող միջազգային պատժամիջոցներին՝ Հայաստանն ակտիվ տնտեսական համագործակցության մեջ է այդ երկրի հետ, մեր արտգործնախարարն էլ ասել էր՝ շատ լավ, դուք հասեք նրան, որ հայ-թուրքական սահմանը բացվի, մենք այդ հարցը կքննարկենք, ու թեման փակվել էր։ Հիմա, երբ հայ-թուրքական սահմանի բացումն ավելի իրատեսական է թվում (համենայն դեպս՝ Թուրքիայի կողմից դրական ազդակներ տեսնող Նիկոլ Փաշինյանի կարծիքով), կարող էին, չէ՞, Թուրքիան ու Ադրբեջանը դրա դիմաց Փաշինյանից պահանջել փաստացի հրաժարվել Իրանից, ու ոչ միայն պահանջել, այլև ստանալ նրա համաձայնությունը։ Համաձայնվեք՝ իշխանությունների պահվածքը նման ենթադրության համար բոլոր հիմքերը տալիս է։ Իսկ սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը ձգտում է Հայաստանը դուրս բերել հյուսիս-հարավ առանցքից և միացնել արևմուտք-արևելք առանցքին։ Ու երևի նաև ահավոր հպարտ է, որ իրենից առաջ որևէ մեկի մտքով դա չէր անցել, կամ որևէ մեկը չէր համարձակվել գնալ այդ քայլին։
Հիմա նրա իշխանությունը հասարակությանը նախապատրաստում է այդ «արմատական շրջադարձին»։ Առանց հաշվի առնելու, որ «բարեկիրթ հարևանն» իր հասարակությանը բոլորովին այլ բանի է նախապատրաստում։
Մարկ Նշանյան