...

Պարտության համար ծնվածը գելխեղդ չի դառնա

Պարտության համար ծնվածը գելխեղդ չի դառնա

Հին հունական, թե ալբանական ասացվածք կա. «Պարտության համար ծնվածը գելխեղդ չի դառնա»: Պատմության մեջ շատ-շատերն են փորձել այս աքսիոմատիկ ճշմարտությունը հերքել, ինչի պատճառով շառ ու փորձանք են դարձել իրենց ժողովրդի, երկրի և ընդհանրապես՝ բոլորի համար: 

Հիմա Նիկոլ Փաշինյանը բունկերի ինչ-որ ծակից դուրս գալով՝ գելխեղդ է կտրել: Թուր ու թվանք է ճոճում: Ներողություններ է խնդրում իր սխալների համար, ու այնպիսի տոնով, կարծես թերթում տառասխալ է արել:

Նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայից հետո Նիկոլը պետք է հեռանար: Որպես երկիրը վարի տված ղեկավար: Բայց խի ինքը էն մա՞րդն է, որ հեռանա: Ինքը նմա՞ն է մի մարդու, որն այսքանից հետո հեռանա: Բա հարևանները չե՞ն ասի, թողեց փախավ: Բա ամոթ չի՞: Ու պատերազմն էլ հենց այս տղայական հոգեբանությամբ է տարել կապիտուլյացիայի: Ո՞նց թե տարածքները բանակցություններով, փոխզիջումներով հանձնել, տենց բան չկա: Բա չե՞ն ասի՝ վախեցավ, կռիվ չտվեց: Ինքն իր անձին այնքան է հարգում, որ հանուն դրա մինչև վերջին խազը համառեց, 5 հազար պայծառ զինվոր զոհաբերեց, տարածքներ հանձնեց, զատո ոչ ոք չի ասի, որ ինքը չի կռվել կամ չի դիմադրել:

Ու սա ինքը համարում է քաջություն, լավ տղայություն, իսկ ահա հրաժարականը՝ փախուստ: Պատմության մեջ շատ դեպքեր կան, երբ պետության ղեկավարը հրաժարական է տվել: Ու ոչ ոք դա չի համարել փախուստ, փոքրոգություն: Հրաժարական շատ հաճախ տալիս են՝ ելնելով երկրի, ժողովրդի, ապագայի հանդեպ պատասխանատվության զգացումից կամ հասկանալով, որ մնալը ավելի վատ հետևանքներ կունենա: Հրաժարական տալիս են, երբ վատ են կառավարում, ձախողում են իրենց առջև դրած խնդիրները, հասկանում են, որ պետք է դաշտը թողնել ուրիշներին: Դա էլ է պատասխանատվության զգացում:

Այդ առումով Նիկոլ Փաշինյանի մոտ պատասխանատվության զգացումը իսպառ բացակայում է: Ինքը խոսում է փախուստից, բայց արդեն կես տարի է, փախած է: Փախած է պատասխանատվությունից, փախած է իրականությունից: Ավելին, մի հատ ֆորմուլա է հնարել, որ երբ իրեն ասում ես՝ դու էս ու էս ղալաթներն ես արել, պարտվել ես, վարի ես տվել, անմիջապես ասում է՝ հա, բայց ժողովուրդն այդպես չի մտածում: Ասում ես՝ ինչի՞ շուտ չկանգնեցրիր պատերազմը, ասում է՝ ժողովուրդը չթողեց: Ասում ես՝ ինչի՞ ես երկիրն այս օրը գցել, ասում է՝ դե, հիմա ես ի՞նչ անեմ, ժողովուրդն է ինձ ընտրել, գնացեք, ժողովրդից էլ հարցրեք: Ասում են՝ երկրի գոյությունն է վտանգված, ախպոր պես, թող գնա էլի, ասում է՝ սպասեք, ժողովուրդը պիտի որոշի: Այսինքն՝ իր ձախողումների համար պատասխանատվությունը անընդհատ գցում է ինչ-որ աներևույթ ժողովրդի վրա: Կարծես այդ ժողովուրդն է որոշում կայացնում, օրենքներ ընդունում, բանակցություններ վարում, Պուտինի հետ հեռախոսազրույց ունենում, պայմանագրեր կնքում: 

Ու Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, որ հենց սա է փախուստը: Չի հասկանում, թե որքան քստմնելի է սեփական անճարակության համար մեղքը ուրիշների վրա բարդելը, առավել ևս՝ սեփական ժողովրդի վրա: Այն ժողովրդի, որը նրան հավատալով ձայն է տվել, որ երկիր զարգացնի, ոչ թե տապալի: 

Փոխարենը շատ լավ հասկանում է, թե ուր է տանում երկիրը, ինչ նոր աղետների է հասցնելու: Բայց պատասխանատվությունից փախչելու զգացողությունն իր մեջ սպանել է բանականության, սթափության զգացումները: Վախից սոսնձվել է աթոռին, բայց գելխեղդից է խոսում: Ու վախից Հայաստանն ու Արցախը կվերացնի, մենակ չասեն, թե փախչող տղա է: Ու իր քյալլագյոզություններով հասցրեց նրան, որ երբեմնի հակառակորդները ստիպված են մի կողմ թողնել իրենց հակակրանքը, տարաձայնությունները, հին հաշիվները, իրար հետ մի սեղանի շուրջ նստել, տեսնել, թե ներկայիս և առաջիկա սպասվող փորձանքներից ինչպես կարելի է խուսափել: Դա անհնար էր, դա անհավանական մի բան էր, քաղաքական ոչ մի կոնֆիգուրացիայով չէիր կարող պատկերացնել, բայց Նիկոլը արդեն բոլորի կոկորդին հասցրեց:  

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1082 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ