...

Պարտության փաստաթղթավորման կանխավճարը

Պարտության փաստաթղթավորման կանխավճարը

Հայաստանի շուրջ կատարվող իրադարձությունների և իշխանությունների գործողությունների միջև խզվածքն ահավոր է։ Այնպիսի տպավորություն է, թե Նիկոլ Փաշինյանին ու իր մանկապատանեկան թիմին բացարձակապես չեն հետաքրքրում, թե ինչ է կատարվում մեր շուրջը, ինչ քայլեր են ձեռնարկում Ադրբեջանն ու Թուրքիան, ինչ է պատրաստվում անել Ռուսաստանը և այլն։ Մեր իշխանությունները զբաղված են բացառապես ներքին խնդիրներով, ավելի կոնկրետ՝ անցանկալի համայնքապետերին «ասֆալտին փռելով», նրանց դեմ ցուցմունքներ կորզելով, «մասկի-շոուներով», քրեական գործեր հարուցելով, և իհարկե՝ Արգիշտի Քյարամյանի համար նոր պաշտոն գտնելով։ Երկրի ներսում «կատու ճղող» ու երկրից դուրս անհոդաբաշխ կմկմացող մեր վարչապետին Ռուսաստանի նախագահն ասում է, որ նա ստիպված է լինելու բարդ և զգայուն որոշումներ ընդունել, իսկ նա վերադառնում է Հայաստան, և․․․ բացարձակապես ոչ մի խոսք այն մասին, թե այդ ի՞նչ բարդ ու զգայուն պարտավորություններ է ստանձնել, որոնցից Պուտինը տեղյակ է, Հայաստանի ժողովուրդը՝ ոչ։ Փոխարենը անմիջապես նորանոր ճնշումներ են սկսվում, ինքնակամ ներկայացած քաղաքապետին դիմակավորված ուժայինները ծեփում են ասֆալտին ու նկարահանում, մի խոսքով՝ հանրության ուշադրությունը շեղվում է, և բարդ ու զգայուն որոշումների թեման երկրորդ պլան է մղվում։

Մարդիկ, իհարկե, ենթադրում են, թե ինչ որոշումների մասին է խոսքը։ Հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա և դեմարկացիա, Սյունիքով անցնող ճանապարհ և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում։ Բայց Նիկոլ Փաշինյանը ձևացնում է, թե անձամբ ինքն այդ հարցերից որևէ մեկի հետ կապ չունի (այնպես, ինչպես կապ չուներ պատերազմի հետ, որովհետև ընդամենը «մոդերատոր» էր)։ Նա դեմ չէ, որ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան ու դեմարկացիան ռուսներն ու ադրբեջանցիներն իրականացնեն, Սյունիքով ադրբեջանցիներին տրամադրվելիք ճանապարհն անվանում է «տարածաշրջանային ենթակառուցվածքների վերաբացում» ու կարծես դեմ չէ, որ ճանապարհի հայկական հատվածի անվտանգությունը ռուսներն ապահովեն, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն էլ, ըստ նրա, Հայաստանի նախկին իշխանություններն են ճանաչել՝ իրենից շատ առաջ։ Մի խոսքով՝ ինքն ի՞նչ կարող է անել, ինքը հիմնական պատասխանատուն է, բայց հիմնական մեղավորը չէ։ Ով էլ հակառակը պնդի՝ պողպատե մանդատով նրա ետևից կգնան։

Ի դեպ՝ երևի շատերն են նկատել, որ իշխանությունների կողմից իրականացվող բացահայտ բռնաճնշումների ու ոստիկանական սանձարձակությունների նկատմամբ արտաքին աշխարհը բացարձակապես անտարբեր է։ Ըստ երևույթին նրանց թվում է, թե այդ բռնաճնշումներով և «բոլորին բռնել-շինելով» Նիկոլ Փաշինյանը բարդ և զգայուն հարցերի լուծումն է նախապատրաստում։ Պարզ ասած՝ նախապես ահաբեկում և մեկուսացնում է բոլոր նրանց, ովքեր այդ լուծումների դեմ կարող են բողոքի ալիք բարձրացնել։ Նիկոլ Փաշինյանն էլ երևի իր հերթին մտածում է, թե 1997-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հիմնական սխալն այն էր, որ կարգավորման փուլային տարբերակն ընդունելուց առաջ նախապես բոլոր հնարավոր ընդդիմացողներին «ասֆալտին չփռեց», իսկ ինքը, ահա, ավելի խելացի է և այդ սխալը չի կրկնի, նախապես բոլորին կլռեցնի և միայն դրանից հետո կգնա «բարդ և զգայուն լուծումների»։ Նա մինչև հիմա չի հասկացել, որ նախ՝ այն, ինչին կարող էր հասնել հաղթած կողմը, պարտված կողմը երբեք չի հասնի, երկրորդ՝ 1997-ին հայկական կողմը մտադիր էր հաղթանակը «փաստաթղթավորել», իսկ հիմա ինքը պարտությունն է «փաստաթղթավորելու», և երրորդ՝ Հայաստանն այն ժամանակ գործոն էր, իսկ հիմա իր իսկ իրականացրած մանկամիտ քաղաքականության արդյունքում այլևս գործոն չէ։ Փոխարենը հասկացել է մի շատ կարևոր բան՝ պարտությունը փաստաթղթավորելու անհրաժեշտությունը հրաշալի արդարացում է երկրի ներսում ցանկացած «քյալլագյոզություն» անելու և անպատիժ մնալու համար։ Ավելին, կարելի է նաև լուրջ գումարներ «կպցնել»՝ իբր ցավոտ որոշումներից հետո հասարակության սիրտը շահելու համար։ 

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1603 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ