...

Պարտվածի և հանձնվածի տարբերությունը

Պարտվածի և հանձնվածի տարբերությունը

Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում հերթական անգամ սուգ ու շիվան է։ Ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը Բաքու-Նախիջևան չվերթն իրականացրել է ՀՀ օդային տարածքով։ Քարոզչական աղմուկին հետևելիս տպավորություն է ստեղծվում, թե մեր գերնպատակը եղել և մնում է Հայաստանի օդային տարածքն ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռների համար փակ պահելը, բայց իշխանությունների հերթական դավաճանության արդյունքում նույնիսկ դա չենք կարողացել ապահովել։ Իրականում մեր նպատակը պիտի լինի ոչ թե Հայաստանի օդային տարածքը փակ պահելը, այլ այն, որ Ադրբեջանի օդային տարածքն էլ մե՛ր քաղաքացիական օդանավերի համար բաց լինի։ Այսինքն՝ մենք Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ոչ թե պիտի հարցնենք՝ «ինչո՞ւ բացեցիր օդային տարածքը», այլ՝ «Հայաստանն ի՞նչ ստացավ դրա դիմաց, և ինչո՞ւ Ադրբեջանը սիմետրիկ քայլերի չգնաց, թեկուզ, ասենք, Երևան-Ստեփանակերտ չվերթը թույլ տալու առումով»։

Խնդիրն այն է, որ վստահաբար՝ այդ չվերթն իրականացվել է Հայաստանի իշխանությունների թույլտվությամբ, բայց ադրբեջանական կողմը դա ներկայացնում է այսպես՝ «դա ցույց է տալիս Ադրբեջանի վճռական պատրաստակամությունը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում»։ Այսինքն՝ ոչ թե հայկական կողմն է բարի կամք դրսևորել, այլ իրենք են վճռականություն ցուցաբերել և բացել այդ օդային միջանցքը (իբր՝ Հայաստանն ո՞վ է, որ թույլ տա կամ թույլ չտա)։ Դրա համար էլ, ի դեպ, Հայաստանի իշխանությունների պաշտոնական պարզաբանումն այսքան ուշանում է։ Եթե ասեն, որ իրենք են թույլ տվել, անմիջապես հարց կառաջանա՝ ինչի՞ դիմաց։ Ու Նիկոլ Փաշինյանը պատասխան չի ունենա, որովհետև ոչ բանակցելու տեղ ունի, ոչ էլ «բարի կամք դրսևորելուց» բացի որևէ այլ բանի համարձակություն։

Մեծ հաշվով՝ խնդիրը հետևյալն է․ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթուղթը, բայց ի վիճակի չէ նույնիսկ դրա՛ իրականացումն ապահովել։ Ինքը կայծակնային արագությամբ հանձնել է բոլոր ադրբեջանցի գերիներին, բայց մեր գերիները դեռ Բաքվում են, ինքը «բանավոր փոխըմբռնմամբ» հայկական զորքերը ետ է քաշել մինչև Խորհրդային Հայաստանի սահմանները, բայց ադրբեջանցիները մինչև հիմա Սև լճի ու Վերին Շորժայի մոտ են, ինքը բացում է ՀՀ օդային տարածքը, իսկ Ադրբեջանի օդային տարածքը մեզ համար փակ է, և այլն։ Այսինքն՝ մենք ունենք իշխանություններ, որոնք ամեն օր ավելին են զիջում, քան պարտավորվել էին խայտառակ փաստաթղթով։ Կամ էլ՝ գոյություն ունեն նաև այլ փաստաթղթեր կամ «բանավոր փոխըմբռնումներ», որոնց մասին հասարակությունը տեղյակ չէ։ Երկու դեպքում էլ եզրակացությունը նույնն է՝ այս իշխանությունները պիտի օր առաջ հանրությանը ներկայացնեն իրենց արած ղալաթների ամբողջական ցուցակը, ներողություն խնդրեն և հեռանան։ Չի կարելի ջայլամի կեցվածքով խոսել խաղաղության դարաշրջանի մասին ու օդային միջանցքի տրամադրումը ներկայացնել որպես դրական ազդակ, եթե առաջին իսկ չվերթի ժամանակ ադրբեջանական ինքնաթիռից նկարում են Սևանն ու ասում «բարև, Գյոկչա, շուտով կվերադառնանք»։ 

Ի դեպ, աստիճանաբար ուրվագծվում է նաև այն հարցի պատասխանը, թե ինչ պիտի անեն Հայաստանի իշխանությունները սրանց հեռանալուց հետո։ Սկզբի համար պիտի գոնե այնպես անեն, որ Ադրբեջանն էլ իր հերթին կատարի նոյեմբերի 9-ի փաստաթղթով իր ստանձնած պարտավորությունները։ Առաջին փուլում գոնե դա հաստատ հնարավոր կլինի անել։ Բայց՝ ո՛չ այս իշխանությունների դեպքում։ Սրանք իրենք իրենց նույնիսկ պարտվածի պես չեն պահում, սրանք իրենց մինչև վերջ հանձնվածի ու դրանից հաճույք ստացողի պես են պահում։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   814 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ