44-օրյա պատերազմի մեկնարկից մեկ տարի է անցել, բայց առ այսօր անպատասխան են մնացել հասարակությանը հուզող երկու հիմնական հարցերը՝ ինչո՞ւ և ինչպե՞ս պարտվեցինք։ Ընդ որում՝ «ինչպե՞ս» հարցի պատասխանը երևի երբևէ այդպես էլ չստանանք, որովհետև մեկ տարի անց էլ պարզ չէ, օրինակ, թե կոնկրետ որ օրն ենք կորցրել Հադրութը կամ Շուշին, ովքեր են եղել այս կամ այն ուղղության պաշտպանության կոնկրետ պատասխանատուները, քանի միավոր ռազմական տեխնիկա ենք կորցրել և այլն (տեղեկությունները խիստ հակասական են)։ Ինչ վերաբերում է «ինչո՞ւ» հարցին, ապա այստեղ ամեն ինչ շատ պարզ է։ Պարտվել ենք, որովհետև թշնամին մի քանի անգամ գերազանցում էր մեզ ռազմական տեխնիկայով ու մարդուժով, ի տարբերություն մեզ՝ ուներ իրական դաշնակիցներ և արտաքին ահռելի աջակցություն, գրեթե ամբողջ աշխարհը լեգիտիմ և իրավաչափ էր համարում ադրբեջանական ագրեսիան, Հայաստանում իշխանության էին եկել անփորձ ու անխելք բախտախնդիրները, ինչի արդյունքում պետական կառավարման համակարգում (այդ թվում՝ բանակում) լիակատար «բարդակ» էր, և այսպես շարունակ։ Հետևաբար՝ իրականում «ինչո՞ւ պարտվեցինք» հարցը պիտի հնչեր այսպես․ ինչո՞ւ ժամանակին չհասկացանք, որ Ադրբեջանը տնտեսապես ավելի հզոր է և ունի իրական դաշնակիցներ, հետևաբար՝ վաղ թե ուշ մեր նկատմամբ ռազմական գերազանցություն է ունենալու, և դա կանխելու համար պետք է ժամանակին զիջումների գնալ, ինչո՞ւ ժամանակին չհասկացանք, որ ամբողջ աշխարհն ազատագրված տարածքներն Ադրբեջան է համարում ու միշտ այդպես է համարելու, հետևաբար՝ լեգիտիմ է համարելու ադրբեջանական ագրեսիան, ինչո՞ւ փաստացի պատերազմական վիճակում գտնվող երկրում իշխանության բերեցինք բանակում չծառայած ու ամեն ինչ հիմնահատակ ավերելու մոլուցքով տարված ինքնասիրահարված բախտախնդիրներին, և այլն։ Բայց այս «ինչուների» պատասխանները հասարակության մեծամասնությանը կարծես թե առանձնապես չեն հուզում։ Նրանք գերադասում են ընդամենը արձանագրել փաստերն ու անիծել «հայի բախտը»։
Ի դեպ, մեզ 44-օրյա պատերազմին հասցրած ճանապարհն ու բուն պատերազմում կրած պարտության պատճառները հասկանալու ավելի պարզ ձև էլ կա։ Դրա համար պետք է ընդամենը այլ հարցադրում անել՝ «ինչո՞ւ և ինչպե՞ս հաղթեցինք արցախյան առաջին պատերազմում»։ Որքան էլ տարօրինակ թվա, բայց երկու պատերազմների միջև ընկած 26 տարիների ընթացքում մեզ այդպես էլ չի հետաքրքրել այդ հարցի պատասխանը։
Հազարավոր պաթոսախառը «վերլուծություններ», իհարկե, արվել են, բայց դրանց նպատակն առավելապես իրականությունը թաքցնելն է եղել, և պատկերացրեք՝ հաջողվել է։ Հասարակությանը համոզել են, թե իբր Շուշին ազատագրել ու Արցախի շուրջ անվտանգության գոտին ստեղծել ենք Հայաստանի իշխանություններից թաքուն (մեկնաբանություններն ավելորդ են), իբր Ռուսաստանը մեզ ավելի շատ զենք է տվել, քան Ադրբեջանին (չգիտես ինչու՝ պաշտոնական թվերը հակառակն են ապացուցում), իբր՝ պատերազմին մասնակցում էր աշխարհասփյուռ հայությունը (իրականում պատերազմին մասնակցել է առավելագույնը երկու տասնյակ սփյուռքահայ), իբր՝ հաղթել ենք առավելապես հայ զինվորների բացառիկ հերոսության շնորհիվ (44-օրյա պատերազմում մեր զինվորները նույնքան հերոսաբար են կռվել, բա ինչո՞ւ է արդյունքն այլ եղել), և այսպես շարունակ։ Մինչդեռ ընդամենը պետք էր ասել պարզ ճշմարտությունը՝ առաջին պատերազմում հաղթել ենք պետական կառավարման արդյունավետ համակարգի, ճկուն արտաքին քաղաքականության և միջազգային հանրության հետ նրա համար հասկանալի լեզվով խոսելու շնորհիվ։
Այ եթե ժամանակին կարողանայինք հասարակությանը բացատրել սա, այսօր ոչ երկրորդ պատերազմում կրած պարտությունը կլիներ, ոչ էլ, բնականաբար, «ինչո՞ւ և ինչպե՞ս պարտվեցինք» հարցադրումը։
Մարկ Նշանյան