ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 12-ին ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների լրագրողների հարցազրույց է տվել:
Սրա հետ կապված աղմուկ է բարձրացրել, երբ «Комсомольская правда»-ի թղթակիցը այդ հարցազրույցի վերաբերյալ հոդված է հրապարակել՝ «Պատերազմից մեկ տարի անց Արցախում» վերնագրով, որտեղ գրել է, թե Ալեն Սիմոնյանը Ռուսաստանին մեղադրանքներ է ներկայացրել:
ԱԺ մամուլի ծառայությունն էլ հաղորդագրություն է տարածել, որտեղ պարզաբանել է, թե իրականում նման բան չի եղել, Ալեն Սիմոնյանի մտքերը խեղաթյուրել են և ներկայացրել է մի տեսահատված՝ այդ հարցազրույցից և սղագրությունը:
Հնարավոր է՝ խեղաթյուրել են, չգիտենք: Բայց մեր ուշադրությունը գրավեց այդ հարց ու պատասխանի մի դրվագ, որը հազարապատիկ ավելի էական է ու կարևոր, քան այն, թե Ալեն Սիմոնյանը ինչ կոնտեքստում է Ռուսաստանի մասին խոսել:
Ալեն Սիմոնյանը՝ լրագրողի հարցին ի պատասխան, ասել է. «Իսկ դուք ինչի՞ց վերցրիք, որ ինչ-որ մեկը հանձնել է Ղարաբաղը: Մեր ժողովուրդը կռվել է մինչև վերջ, և եթե որևէ մեկը պատրաստվեր որեւէ բան հանձնել, կար մի քանի տարբերակ դա անելու համար՝ սկսած Լավրովի պլանից, վերջացրած այնպիսի որոշմամբ, որի դեպքում 3800 զոհ չէր լինի հայկական կողմից»:
Հասկանո՞ւմ եք՝ խոսքն ինչի մասին է: Պարզվում է՝ նույնիսկ մի քանի տարբերակ է եղել Արցախը չհանձնելու, այսքան զոհեր և տարածքային կորուստներ չունենալու համար: Մարդն ասում է՝ մենք դրանք մերժել ենք, մինչև վերջ կռվել ենք, հակառակ դեպքում այսքան զոհ չէինք ունենա:
Այսինքն՝ մի ամբողջ պարզաբանում են տվել, ըստ որի՝ սրանց համար ավելի կարևոր է, որ հանկարծ Ռուսաստանն այնտեղ չջղայնանա, չասի՝ էս ի՞նչ եք ասել, քան այն, որ Արցախը չհանձնելու հնարավորություններ են ունեցել, բայց չեն արել դա: Ու դա հրապարակում են: Որպես հերոսություն են ներկայացնում: Թե տեսեք՝ հենց այնպես չենք հանձնել, կռվել ենք, էսքան էլ զոհ ենք տվել: Այդքան զոհ, որ չասեն՝ թե հանձնել են: