...

«Պասերով» խաղ՝ ընդդեմ առողջ բանականության

«Պասերով» խաղ՝ ընդդեմ առողջ բանականության

Նկատեցի՞ք, թե ինչ ճարպկությամբ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի և խայտառակ պարտության պատճառները հասկանալու փորձերն իջեցրեց «առանձին ստորաբաժանումների հրամանատարների կասկածելի պահվածքի» մակարդակի, ու ինչ հաճույքով նախկինները ճանկեցին այդ թեման՝ հակադարձ մեղադրանքներ հնչեցնելով Փաշինյանի հասցեին։ 

Ցանկացած մտածող մարդ, իհարկե, հասկանում է, թե ինչ է տեղի ունեցել իրականում, և երբ են դրվել այսօրվա պարտության հիմքերը։ Եթե շատ կարճ՝ ապա տեղի է ունեցել հետևյալը։ Արդեն 1996-97-ին ակնհայտ էր, որ եթե պատերազմում կողմերից մեկը հաղթել է, բայց պարտված կողմը վերականգնվելու և հզորանալու տասնապատիկ ավելի մեծ շանսեր ունի, ուրեմն ժամանակը պարտված կողմի օգտին է աշխատում, հետևաբար՝ չի կարելի ժամանակ ձգել և պետք է շատ արագ վերջնականապես կարգավորել խնդիրը։ Բայց Հայաստանում «արժանապատիվ խաղաղության կուսակցությունը» պարտվեց, Ադրբեջանը ստացավ իրեն այդքան անհրաժեշտ ժամանակը, և այդ պահից էլ, կարելի է ասել, միացավ հաջորդ պատերազմի ժամանակացույցը։ Մի խոսքով՝ մենք սխալվեցինք։

Բայց առ այսօր ո՛չ դրան հաջորդած 20 տարիների իշխանությունները, ո՛չ ներկա «Քաջնազարները» չեն ցանկանում ընդունել այդ սխալը։ Չեն ցանկանում, և վերջ։ Այդպես ավելի ձեռնտու է։ Նախկիններն ասում են «մենք ամեն ինչ ճիշտ ենք արել, պարզապես այս անմեղսունակը եկավ ու կործանեց ամեն ինչ, թե չէ լավ կլիներ», օրվա իշխանություններն էլ ասում են «մենք ամեն ինչ ճիշտ ենք արել, պարզապես նախկինները 20 տարի շարունակ թալանել են երկիրը ու պատերազմի ժամանակ էլ բանակում քայքայիչ գործունեություն են ծավալել, թե չէ ամեն ինչ լավ կլիներ»։ Ընդ որում, նախկինների պահվածքը հասկանալի է՝ նրանք իրենց սխալն ընդունելու պատճառ չեն տեսնում, որովհետև սխալի ամենածանր հետևանքն իրենց օրոք չի արձանագրվել, ու առաջին մեղավորը Նիկոլ Փաշինյանն է՝ իր անմեղսունակ թիմով։ Սա էլ իր հերթին ամեն ինչում նախկիններին է մեղադրում ու տեսախցիկների առջև հայտնվելուն պես գլխարկից ճագար հանող աճպարարի ինքնագոհ ժպիտով գրպանից ինչ-որ փաստաթուղթ հանում, թե տեսեք՝ դեռևս տարիներ առաջ Ադրբեջանը մեզանից մի 20 անգամ հզոր էր, արբանյակներ ուներ, էս ուներ, էն ուներ․․․ Ու մեկը չկա հարցնի՝ տո ա՛յ պատուհաս, բա որ այդքանը գիտեիր, ինչո՞ւ էիր մի քանի ծափի ու ֆեյսբուքյան «լայքի» համար հիմար-հիմար ելույթներ ունենում ու երկիրը տանում պատերազմի։ Թեև պատասխանը հասկանալի է՝ եթե զիջումների գնար, դավաճանի պիտակի էր արժանանալու, իսկ այսպես՝ հաշվարկել էր, որ կարելի է երկիրը գիտակցաբար տանել պարտության, ազատվել «Ղարաբաղի հոգսից» ու ամեն ինչի համար մեղադրել նախկիններին։ Այ սա է իրական դավաճանությունը, թե չէ շատերին թվում է՝ դավաճանությունն այն կլիներ, որ Նիկոլը սև ակնոցներ դներ, բեղեր կպցներ ու որևէ սրճարանում թուրքերից մի ճամպրուկ փող վերցներ։

Իսկ հիմա կարելի է ամեն ճղճղոցից հետո հոտնկայս ծափահարողների առջև ասել «հա, դե հիմա ուրիշ ճար չունեինք՝ մի 8-9 շրջան տվեցինք պլյուս-մինուսով», նախկինների բերանները ծեփել՝ պարզապես նրանց առանձնատների լուսանկարները ցույց տալով, ու հոխորտալ, թե «զատո» այ հիմա խաղաղություն կլինի, կզարգանանք։ Սա նույնիսկ չի ցանկանում ինքն իրեն հարցնել, թե իսկ Ադրբեջանի ինչի՞ն է պետք խաղաղությունը։ Սա նույնիսկ չի հասկանում, թե ինչո՞ւ է Ալիևն այդպիսի խայտառակ թանգարան բացել (սրան երևի թվում է, թե նա պարզապես հոգեկան հիվանդ է, այդ օրը դեղերն ուշացրել էին, նա էլ որոշել էր այդպիսի թանգարան բացել)։ Սա նույնիսկ չի հասկանում, որ այդ թանգարանում Հայաստանը ոչ թե որպես պարտված պետություն է ներկայացվում, այլ որպես ահաբեկչական կազմավորում, իսկ հայ ժողովուրդը՝ որպես մտավոր հետամնաց, կիսավայրենի ու 21-րդ դարում ապրելու իրավունք չունեցող ցեղախումբ, այսինքն՝ դա Հայաստանի դեմ նոր պատերազմի միջազգային լեգիտիմացմանն ուղղված առաջին լուրջ քայլն է։

Մի խոսքով՝ սեփական պարտության պատճառները չհասկանալը դեպի հաջորդ պարտություն տանող ամենակարճ ճանապարհն է։ Ու մենք, Նիկոլ Փաշինյանի ու նախկինների համատեղ ջանքերով, այդ ճանապարհին ենք։

Արմեն Բաղդասարյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   990 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ