Այսօր հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած ողբերգական միջադեպի (որը դեռ պարզ չէ՝ դիվերսիա է եղե՞լ, թե՞ զինվորների միջև հարաբերությունների հետևանք) վերաբերյալ համացանցում քննարկումներ են գնում, թե ով է սրա մեղավորը՝ իշխանություննե՞րը, թե՞ նրանց ընտրողները:
Ընտրողներին հիմնականում մեղավոր են համարում նախկին իշխանությունների համակիրները: Այսինքն՝ տեսա՞ք, Նիկոլին ընտրեցիք, սենց եղավ:
Ստիպված ենք բացատրել, որ երբ քաղաքացին իր քվեն տալիս է որևէ ուժի, և այդ ուժը իշխանության է գալիս, այդ պահից երկրի անվտանգության, բարեկեցության, զարգացման, կայունության, երկրում տեղի ունեցող ամեն ինչի պատասխանատուն իշխանությունն է դառնում: Ու հերիք է ամեն առիթով ընտրողի վրա մուննաթ գալ:
Հասկանալի է, որ սա իշխանությունները մինչև հիմա վատ են գիտակցում: Կամ՝ ընդհանրապես չեն գիտակցում: Փաշինյանը պատերազմից հետո ասում էր, որ տեղի ունեցածի համար ժողովուրդը պատասխանատու է, քանի որ իրենց է ընտրել:
Պատասխանատվության զգացումը, ըստ էության, խորթ է ոչ միայն իշխանություններին, այլ նաև նախկիններին: Ընդ որում, վերջիններիս՝ հազարապատիկ: Պատասխանատու լինեին, 1920 թվականին Հայաստանը աղետի հասցրած ուժը պիտի չքվեր պատմության երեսից, վերանար, բայց չէ, մինչև հիմա կան, իսկ տեղի ունեցածի համար պատասխանատու իրենց չեն զգում, ամբողջ աշխարհին մեղադրում են, բացի իրենցից:
Հաջորդը՝ երբ ասում են, թե մեղավորը այս իշխանություններին ընտրողն է, պատճառներից մեկն այն է, որ ասենք, նույն Քոչարյանը երբեք ընտրողի քվե չի ստացել, հետևաբար, պատասխանատվության որևէ զգացում չի ունեցել նույն ընտրողի հանդեպ: Դրա համար են օրումեջ մեղադրում ընտրողին:
Եվ վերջապես, մի շատ կարևոր հանգամանք. խորհրդարանական այս ընտրությունները առանձնահատուկ էին նրանով, որ ընտրողը ոչ թե քաղաքական ուժ էր ընտրում, այլ քաղաքական ուժ մերժում: Պարզվեց, որ նախկիններն ավելի մերժելի են: Մարդիկ ճարը կտրած, գնացին մերժեցին «Հայաստան» դաշինքին, ՔՊ-ն մնաց իշխանություն: Այսինքն՝ եթե առաջնորդվենք պատասխանատվության մասին նախկինների պատկերացումներով, իրենք էլ են պատասխանատու, որ Նիկոլ Փաշինյանը պահպանեց իշխանությունը:
ՉԻ. Լրագրող Մհեր Արշակյանը մի հետաքրքիր դիտարկում է արել: Գրել է. «Սյուր ժամանակներ են՝ Սերժի իշխանությունն ամեն ինչ անում էր մարտական հենակետում ցանկացած սպանություն ադրբեջանցիների վրա քցելու համար, Նիկոլի իշխանությունն ամեն ինչ անում է, որ գոնե ադրբեջանցիները մեղավոր դուրս չգան»: